Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը երկնային մանանա է մատուցում՝ ճանապարհները բացվեն՝ լավ կապրենք․ սուտ է»․ Արման Աբովյան

Մայիս 27,2022 12:13

Շուշիում օրերս կայացել է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին այսօր «Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Նա հարցադրում արեց․ «Պատկերացնո՞ւմ եք նման վեհաժողով․ այն լինելու է այն հիմքերից, որի միջոցով Թուրքիան փորձելու է ոչ թե իր դերն ամրապնդել, որովհետեւ արդեն իսկ ամրապնդել է, այլ հետաքրքրություններն առաջ մղել։ Կասկած չունեմ, որ Հայաստանն էլ կստանա հրավեր, սակայն կարեւոր է հասկանալ, որ առայժմ ուշադրություն չի դարձվում ՌԴ-ի եւ Իրանի վրա, թեեւ իրենք էլ կստանան հրավեր։ Դժվար է ասել՝ Հայաստանը կընդունի՞ հրավերը, բայց հաշվի առնելով շինծու խաղաղության դարաշրջանը, ապա դրա ներքո՝ հնարավոր է։ Թուրքիան որոշակի ձեւաչափեր է կազմավորում մեր տարածաշրջանում, որը նրան թույլ կտա հիմնական խաղացողի դերն ունենալ։ Ի՞նչ են ուզում կողմերը։ Թուրքիան բացահայտ ցանկանում է մեծ թուրքական ծրագրի՝ պանթուրանական ծրագրի իրագործումը։ Թուրքիան քանիցս հայտարարել է, որ հնարավորն ու անհնարինը կանի, որ ունենա ցամաքային կապ Ադրբեջանի հետ՝ մինչեւ Միջին Ասիա, որտեղ թուրքական դիրքերը շատ ուժեղ են․ Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը թուրքական հետաքրքրությունների ակտիվ տեսլականի ներքո են։ Ովքեր մի քիչ կասկած ունեն Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հետաքրքրությունների հետ կապված, խորհուրդ կտամ քարտեզ նայել եւ ամրագրել, որ կապի տարբերակը ՀՀ տարածքն է՝ իր հարավային հատվածով։ Թուրքերը սկսել են Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ տարածքով տնտեսական կապերի ակտիվացումը»։

Արման Աբովյանի խոսքով՝ Թուրքիան ամեն ինչ անում է, որ ՌԴ գործոնը տարածաշրջանից դուրս մղվի․ «Քանի դեռ այն կա տարածաշրջանում, թուրքական նախագծերը դժվար է իրականացնել։ ՌԴ-ն էլ հասկանում է, որ Հարավային Կովկասը զիջելով թուրքական գործոնին՝ անկայունության հաջորդ օջախը կլինի հյուսիսում՝ Բաշկիրիայում, Թաթարստանում։ Զուգահեռ, Թուրքիան կենտրոնացել է Սիրիայի ուղղությամբ։ Տեղեկություններ կան, որ նորից է ներխուժելու Սիրիա՝ անվտանգության գոտու ձեւավորման անվան տակ։ Նույնն անում է Ադրբեջանը ՀՀ-ի հանդեպ՝ փոքր մասշտաբներով։ Եթե որեւէ մեկը հույս ունի, որ Ադրբեջանը կդադարի հավակնել ՀՀ ողջ տարածքի հանդեպ, հարց տվեք ձեզ՝ Ալիեւին ի՞նչն է ստիպում պնդել, որ ՀՀ տարածքն Ադրբեջանի տարածք է։ Ադրբեջանն ակնհայտ հավակնություններ ունի ՀՀ այն մարզերի հանդեպ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն՝ Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք»։

Արման Աբովյանի բնորոշմամբ․ «Եթե որեւէ մեկը հույս ունի, որ տարածք ու ճանապարհ տալով թուրքին՝ ստանալու է խաղաղություն, սխալվում է․ ստանալու է արհավիրք ու պատերազմ։ Ովքեր համաձայն չեն, խորհուրդ կտամ ծանոթանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական քաղաքականության հետ։ Ճիշտ է, հայկական կողմը քանիցս պնդել է, որ «միջանցքային տրամաբանություն» հնարավոր չէ, որ խոսքը կոմունիկացիաների բացման մասին է, բայց հարց է առաջանում՝ որքանո՞վ է մեզ ձեռնտու այդ կոմունիկացիաների բացումը։ Իշխանությունը երկնային մանանա է մատուցում՝ ճանապարհները բացվեն, լավ կապրենք․ սուտ է։ Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան որեւէ իրավիճակում չեն ստեղծի պայմաններ, որ ՀՀ-ն տնտեսական դիվիդենտներ քաղի։ Էլ չասած, որ այդ երկուսը միեւնույնն է պնդում են, որ պետք է ունենան միջանցք։ Իրանն էլ իր հերթին հայտարարել է, որ սահմանների փոփոխություն ու միջանցք չի հանդուրժելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031