Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լինում էին դիրքորոշումներ, որոնք ընդունելի չէին դիվանագետների կողմից։ Վտանգները շատ դեպքերում չերեւացող էին. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»

Մայիս 27,2022 11:08

Զրուցել ենք արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ։

– Ձեզնից մոտ մեկ ամիս առաջ ԱԳ նախարարի 3 տեղակալներ ազատվեցին պաշտոնից՝ չուզենալով աշխատել այս կառավարության հետ։

– Երեւի բացատրությունները կտան այն անձինք, որոնք դիմումները գրել են։ Ես ի սկզբանե դեմ եմ եղել, որ ԱԳՆ ղեկավարությունից որեւէ մեկը լքի պաշտոնը։ Դեմ եմ եղել մի պարզ պատճառով, որ սա մի մեծ ինստիտուտ է, որն աշխատում է, եւ ես միշտ համարել եմ, որ հատկապես նոյեմբերի 9-ի այդ եռակողմ հայտարարությունից հետո հսկայական դաշտ է բացվում հենց դիվանագետների համար։ Երբ որ լռում են թնդանոթները, սկսվում է դիվանագիտական աշխատանքը։ Սա դոգմա է՝ ընդունված ամբողջ աշխարհում։ Մենք կարծում էինք, որ մեծ դաշտ կա աշխատելու, նույնիսկ այն պայմաններում, որ պայմաններում որ ընդունվեց այդ եռակողմ հայտարարությունը, հսկայածավալ աշխատանք կար տարբեր ուղղություններով, եւ մենք լծվեցինք գործին։ Դրա վառ ապացույցն այն հայտարարությունները, դիրքորոշումներն ու հեռախոսազրույցներն էին, որոնց մեծ մասին լայն հանրությունը տեղյակ է։ Ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ կային իսկապես շատ-շատ դրական արձագանքներ, եւ այդ՝ մանեւրելու դաշտի ընդլայնումն իսկապես արդեն երեւացող էր։ Բայց, ցավալիորեն, դիրքորոշումներ եղան, որոնք ե՛ւ մեզ համար էին անընդունելի, ե՛ւ մեր դիրքորոշումներն էին անընդունելի։ Էդպես էլ սկսվեց քայլերի մի էնպիսի շարք, որոնք արդեն շատ նեղացրին այդ դաշտը, եւ հնարավորությունները շատ պակասեցին։

– Ո՞ր դիրքորոշումներն էին հատկապես անընդունելի, եւ ե՞րբ սկսեց փոխվել մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը։

– Վտանգները շատ դեպքերում չերեւացող էին, հասարակ մահկանացուների համար՝ անտեսանելի։ Բայց դիվանագետները, որոնք կարողանում են տողատակեր կարդալ, հստակ տեսնել արձագանքները` ծանրության տարբեր կենտրոններից, ուժային կենտրոններից, այդ անհանգստությունը սկսում էր կամաց-կամաց առաջանալ։ Լինում էին հայտարարություններ, որոնց մասին արտաքին գործերի նախարարությունը կարող էր տեղյակ չլինել։ Լինում էին դիրքորոշումներ, որոնք ընդունելի չէին նույն դիվանագետների կողմից։ Էսպիսի կարծիք կա, եւ դա է ճիշտը, որ դիվանագետներն իրականացնում են օրվա իշխանությունների քաղաքականությունը։ Բայց դիվանագետները նույնպես մսից եւ արյունից են, հոգի ունեն, բաբախող սիրտ եւ իրավասու են նաեւ ցույց տալու այն վտանգները, այն սպառնալիքները, որոնք առաջին հայացքից կարող են չերեւալ, բայց զարգացման ճանապարհին իքս պահի կարող են ի հայտ գալ եւ շատ ավելի լուրջ դժվարություններ ստեղծել հետագա մանեւրելու համար։

– Գործող իշխանությունն ընտրել է պրոարեւմտյան-պրոթուրքական քաղաքական վեկտորը։ Դուք արձանագրե՞լ եք դա, եւ ե՞րբ է սկսվել։

– Այո, ես արձանագրում եմ դա, դա տեսանելի է, եւ չեն էլ թաքցնում դրա մասին։ Դա շատ տեսանելի է ե՛ւ այդ անձնավորության կողմից կատարված հայտարարությունների ժամանակ, ե՛ւ համապատասխան սատելիտների կողմից կատարված հայտարարությունների ժամանակ, այո, դա տեսանելի է։ Եվ ցավալի է, որովհետեւ ես չեմ համարում, որ Հայաստանն այնպիսի դիրքում է այսօր, մանավանդ՝ հետպատերազմյան շրջանում, որ պետք է միակողմանի դիրքորոշում փորձի որդեգրել կամ շեշտադրումները հզորացնել ավելի շատ մեկ ուղղությամբ, քան բազմավեկտոր ուղղություններով։

– Ասացիք՝ շատ որոշումների մասին ԱԳՆ-ում տեղյակ չեք եղել։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին նույնպե՞ս պոստ ֆակտում եք իմացել։

– Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին մենք իմացել ենք նոյեմբերի 9-ի գիշերը, ժամը 11։20-ին։ Նույնիսկ կասկածներ չեմ ունեցել, որ նմանատիպ հայտարարություն է պատրաստվում։ Ինձ համար դա շոկ էր՝ նման բառապաշարով հայտարարությունը։ Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ այդ էմոցիոնալ ֆոնը երբ դնում ես մի կողմ եւ միանգամից արդեն ընկղմվում ես բոլոր այդ կետերի մեջ, սկսում ես արդեն միանգամից փնտրել՝ որտեղ է մանեւրելու, որտեղ է դիվիդենտներ վերցնելու եւ որտեղ է այն հնարավոր փոքր պատուհանը, որտեղով կարող ես սողոսկել, որպեսզի կարողանաս ճիշտ ձեւով քո ազգային շահերը պաշտպանել։ Բայց, ցավալիորեն, արդեն հետհայտարարության շրջանը ցույց է տալիս, որ գնալով այդ անցքերը, այդ ուղիներն ավելի էին նեղանում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031