Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նման բան կա, ուրեմն թող բացահայտվի, և մեղավորը պատժվի». մաքսային 54 ծառայող ՊԵԿ նախագահին մեղադրում են իրենց զրպարտելու մեջ. «Հրապարակ»

Մայիս 27,2022 10:37

Նախորդ շաբաթ մենք հարցազրույց էինք արել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ՝ մաքսային ոլորտում առկա հավանական կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Բադասյանը չէր բացառել, որ այս ոլորտում կոռուպցիա կարող է լինել։ «Հիմնականում ոչ խոշոր չափի կոռուպցիոն երեւույթների մասին է խոսքը, այսինքն՝ մաքսային ծառայողին շնորհակալություն հայտնելու դեպք կարող է լինել՝ ինչ-որ փոքր գումարով՝ 5 հազար կամ 10 հազար դրամի չափով, մաքսային տերմինալներում»,- ասել էր Բադասյանը: Նրա այս հայտարարությունը, պարզվում է, հարուցել է ՊԵԿ մաքսային ոլորտի աշխատակիցների զայրույթը, որոնք նամակ են գրել ՊԵԿ նախագահին՝ նրան մեղադրելով իրենց զրպարտելու մեջ, եւ պահանջել են կա՛մ հիմնավորել իր խոսքերը, կա՛մ` ներողություն խնդրել իրենցից։ Նամակը մաքսայինի 54 աշխատակից է ստորագրել եւ ուղարկել խմբագրություն։ Առաջինը ստորագրել է Թաթուլ Մարանյանը՝ ՊԵԿ Արարատյան մաքսատան-վարչության բացթողումային բաժնի պետը։

Մենք զրուցեցինք նրա հետ: «Երբ մենք այդ հոդվածին ծանոթացանք, մեզ համար վիրավորական է, եւ զրպարտանք ենք համարում դա, քանի որ հոդվածում կոնկրետ նշված է, որ այդ «շնորհակալություն» ասված 5-10 հազար դրամներն առայսօր շարունակվում են տերմինալներում։ Նման բան գոյություն չունի, եւ մենք դիմում ենք ներկայացրել այն մասին, որ եթե նման բան կա, ուրեմն թող բացահայտվի, եւ մեղավորը պատժվի։ Եթե չկա, ուրեմն թող էդ հոդվածը հերքվի։ Ամբողջ Երեւան քաղաքում գտնվող մաքսային տերմինալները մեր բաժինն է սպասարկում, մեր բաժնում ընդհանուր այս պահին 61 աշխատակից կա, որից երկուսը գտնվում են արձակուրդում, բոլոր մաքսային տերմինալների տեսչական կազմի վրդովմունքն է եղել, որի արդյունքում մենք՝ բոլորս, որոշում ենք կայացրել նման նամակով դիմել եւ պարզաբանում ստանալ», – ասաց Թաթուլ Մարանյանը։

Մեր հարցին՝ կա՞ն աշխատակիցներ, որոնք չեն ցանկացել միանալ այս դիմումին, Մարանյանն ասաց․ «Մարդիկ կան, որ չեն միացել, դա արդեն իրենց որոշումն է, թե ով ինչ պատասխան կտա հետագայում»։ Հետաքրքրվեցինք` այսինքն, դուք բացառո՞ւմ եք մաքսային ոլորտում որեւէ կոռուպցիոն դրսեւորում՝ լինի դա 5 հազար դրամի, թե 5 հազար դոլարի տեսքով։

«Էսպես ասեմ․ ոչ մեկն էսօրվա դրությամբ չի կարող 100 տոկոսով որեւէ բան ասել, ես մի բան ուղղակի ասեմ՝ եթե կա նման հայտարարություն, պետք է դա ապացուցվի փաստերով։ Եթե կան փաստեր, ապա այդ փաստերը պետք է ի ցույց դրվեն, եւ եթե ինչ-որ մեկը կամ մի քանիսը նման արարք են թույլ տվել, նրանք պետք է պատասխան տան, որ չվերաբերի դա ամբողջ բաժնին»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031