Լրահոս
Օրվա լրահոսը

Գրություն եմ ուղարկել գլխավոր դատախազին՝ ուսումնասիրելու տեղեկությունը. ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնց կիրառումն արգելված է խաղաղ հավաքների ժամանակ. Թովմասյան

Մայիս 27,2022 10:25

ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է եւ անթույլատրելի խաղաղ հավաքների եւ ցույցերի ժամանակ: Այս տեղեկության հեղինակը AntiFake.am լրատվական կայքն է:

AntiFake.am-ի հրապարակած հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ոստիկանության զորքերի ծառայողների մոտ նկատվել են 7.62 մմ ինքնաձիգեր, որոնք գտնվում են ոստիկանության զորքերի հաշվեկշռում, փողատակի նռնականետ, որի արձակած արկը հզոր լուսաձայնային ազդեցություն է գործում։ Նշված նռնականետով օգտագործվում է նաև ոստիկանության հաշվեկշռում չգտնվող «VOG-25» մարտական նռնակ:

Ոստիկանության զորքերի հատուկ միջոցների հաշվեկշռում կա 40 մմ լուսաձայնային արկ` «Սվիրել», որի պիտանելիության ժամկետը լրացել է 2021 թվականին։ Ժամկետանց նռնակի օգտագործումը չափազանց վնասակար է եւ՛ այն կիրառողի, եւ՛ այն զանգվածի համար, որի դեմ այն կիրառվում է:

Ազգային ժողովի շենքի բակում վերջերս, նաեւ նախորդ տարի, տեղադրվել են «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակներ, որոնք եւս արգելված են օգտագործել այն հավաքների դեմ, որոնց շարքերում կան 18 տարեկանից ցածր անձինք: Իհարկե, դրանց կիրառումը բազմահազարանոց հանրահավաքներում ու երթերում, որտեղ կան բավական թվով անչափահասներ եւ հղի կանայք, անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով հանձնարարել իրավասու մարմիններին ուսումնասիրելու ոստիկանության ծառայողների կողմից արգելված հատուկ միջոցներ կրելու եւ հնարավոր իրավիճակներում օգտագործելու մասին տեղեկությունը եւ համապատասխան ընթացք տալ, ինչպես նաեւ սույն ներկայացված հարցի ուսումնասիրության ու լուծման արդյունքների վերաբերյալ ինձ տրամադրել տեղեկություն։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031