Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տղամարդը ծեծում ու սպանում է կնոջը, զավակը՝ ծնողին, կինը՝ ամուսնուն

Մայիս 27,2022 14:30

Ռազմավարություն ընդդեմ ընտանեկան բռնության

Անցյալ տարի մեր երկրում քննվել է ընտանիքում բռնության 472 դեպք, որից 310 դեպքում կնոջ նկատմամբ բռնություն գործադրողը եղել է ամուսինը: Քննվող 8 դեպքով էլ բռնության է ենթարկվել տղամարդը:

Ընտանեկան բռնության 44 դեպք էլ ծնողի կողմից է եղել զավակի նկատմամբ: Քննվող 53 դեպքն էլ հակառակն է եղել՝ զավակի կողմից բռնության է ենթարկվել ծնողը:

Ընտանիքում բռնության 472 դեպքից 444-ը ֆիզիկական է, 27-ը՝ հոգեբանական, 1-ը՝ տնտեսական: Բռնության 57 դեպք էլ եղել է ընտանիքի այլ անդամների կողմից:

Այս տվյալներին ծանոթացանք «Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարությունը եւ նրանից բխող գործողությունների ծրագիրն ուսումնասիրելիս: Ռազմավարության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծն այս օրերին հանրային քննարկման է դրված:

Նախագծի հեղինակները գտնում են, որ եղած կարգավորումները բավարար չեն՝ կանխելու ընտանեկան բռնությունները, ինչի մասին վկայում են տարեցտարի գրեթե չնվազող ցուցանիշները: Ըստ նախագծի հեղինակների, պահանջվում են լրացուցիչ լուծումներ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարին համահունչ արձագանքելու համար:

2018 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, ոստիկանությունն արձանագրել է ընտանիքում բռնության շուրջ 1600 դեպք: Ընդ որում՝ միայն 2019 թվականի առաջին չորս ամիսներին ոստիկանություն ներկայացվել է 695 ամփոփագիր:

Փորձագետները նշում են, որ Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կինը ընտանիքում շարունակական բռնության է ենթարկվում: Նրանց դիտարկմամբ, ընտանեկան բռնությունը Հայաստանում ամենաքողարկված հանցագործություններից է:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից տրամադրվող ընտանեկան բռնության վիճակագրության համաձայն էլ, տարեկան մեր երկրում արձանագրվում է 2000 դեպք, այդ թվում՝ մահվան ելքով: Մասնագետները նաեւ պարզել են, որ ընտանեկան բռնության ենթարկված եւ պաշտպանության նպատակով ոստիկանություն դիմած անձանց զգալի մասն աջակցության կարիք ունի:
Այսպես, 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միայն Երեւանում եւ հանրապետության 3 մարզերում գործող Երեխայի եւ ընտանիքի աջակցության եւ Երեխաների սոցիալական հոգածության 6 կենտրոնների ծառայություններից օգտվել են 420 բռնության ենթարկված կանայք, իսկ «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպության տվյալներով՝ շուրջ 90 կին իրենց երեխաների հետ խնամվել են կազմակերպության ժամանակավոր ապաստարանում:

Ռազմավարությամբ նախատեսվում է ընտանիքում բռնության դեմ պայքար, կանխարգելում, ընտանիքում բռնության երեւույթի բազմաչափ խնդիրների վերհանում ու լուծումների մշակում: Նախատեսվում է կատարելագործել ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրությունը, հզորացնել ինստիտուցիոնալ մեխանիզմները, զարգացնել ու ընդլայնել ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության ծառայությունները, հզորացնել պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների ոլորտային մասնագետների կարողությունները, բարձրացնել ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված հասարակության իրազեկվածության մակարդակը։

Ռազմավարությունում հրապարակված է նաեւ ընտանեկան բռնության 2020 թվականի ցուցանիշները: Համաձայն որի, իրավապահ մարմինները քննել են ընտանիքում բռնության 540 դեպք, որից 4-ը՝ կենակցի կողմից, 366-ը՝ կնոջ նկատմամբ ամուսնու կողմից, 22-ը՝ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ, ծնողի կողմից զավակի նկատմամբ էլ 43 դեպք են քննել, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 57 դեպք: Ընտանիքի այլ անդամների կողմից՝ 48 դեպք։ Ընտանիքում բռնության 540 դեպքից՝ 514-ը ֆիզիկական, 26-ը՝ հոգեբանական բռնության դեպքեր են եղել։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ մայիսի 22-ին Գյումրիում տեղի ունեցավ ընտանեկան բռնության հերթական դեպքը՝ մահվան ելքով. ամուսինը դանակահարել եւ սպանել էր կնոջը՝ 42-ամյա Սիրանուշ Մանուկյանին:

«Առավոտ» օրաթերթ,
26.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031