Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմի մասնակից ուսուցչուհուն մի վագոն տնակը շատ համարվեց

Մայիս 27,2022 14:00

Օրեր առաջ բարեգործական հիմնադրամներից մեկին դիմեց Թամարա Ա. Նազարյանը: 83-ամյա կինը Արցախյան 1-ին պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ, անհայտ կորածի դուստր: Նա տասնմեկ անգամ վիրավորվել է, կոնտուզիա ստացել: Ասկերանի շրջանի Արանզամին գյուղից է՝ պատմական Վարազաբուն, որն Աղդամին մոտ է: Թամարան պատերազմի լուրն իմանալուն պես, որսորդական հրացան է ձեռք բերում, միանում տղամարդկանց կամավորական ջոկատներին: 1992 թվականին ազերիները սպանում են հորը, մորաքրոջը ու գերի վերցնում Աստղիկ մորը: 1939թ. ծնված Թամարան 1950-ի անձնագիր է հանում, զինվորագրվում բանակին, որոշում կռվել այնքան, մինչ գերությունից կգտնի մորը: Նա մինչ օրս հագից չի հանել զինվորական համազգեստը, եւ տարվա մեջ մի անգամ Երեւանը նրան տեսնում է այդ համազգեստով, չիմանալով, թե ով է այն կրողը:

«1988-ին, երբ սոցիալիստական աշխատանքի հերոսուհի Աբասովան, Աղդամում իր լաչակը նետելով, ջոկատն առաջնորդեց դեպի Ասկերան, ես զենք վերցրեցի եւ մասնակցեցի Ասկերանի շրջանի Աղդամին սահմանակից հայկական գյուղերի ինքնապաշտպանական մարտերին»,- հիշում եմ տիկին Թամարայի պատմածը, երբ խմբագրություն եկավ 44-օրյա պատերազմից ամիսներ հետո…
Նա կռվել է Ասկերանում, Մարտունիում, Քելբաջարում: Թամարա Նազարյանը 1994թ. հունվարի 13-ին ոտքից վիրավորվել է Ափաթլու գյուղի մարտերին մասնակցելով, բայց նույնիսկ այդ վիճակով նորից մարտի մեջ է մտել:

Թ. Նազարյանը «Առավոտ» էր բերել իր օրագրություններից մի քանի հատվածներ, ձեռագրերը, որտեղ գրված էր. «Ավոյի խոսքից հետո (նա ասաց, անկախ սեռից, կին, թե տղամարդ, պիտի դուրս գան հայրենիքը պաշտպանելու, նրան օգուտ բերելու), գումարտակներում կանանց թիվը աճեց: Միտինգներում ելույթ ունենալն այլ բան էր, խրամատ գնալը, զենքը ձեռքն առնելը ուրիշ»:
Այս պահին Թամարա Նազարյանի խնամակալությունը ստանձնել է մարզաբնակ քույրը, կենսաթոշակառու ուսուցչուհին՝ տիկին Նադյան:

2003 թվականին Արցախից վերադառնալով՝ Թամարա Նազարյանը Վեդիում ձեռք էր բերել 1000 քմ տնամերձ, բայց տանիք չկա, վերադարձնելու պայմանով խնդրել էր վագոն-տնակ, ծածկ, սակայն նրա բոլոր դիմում-խնդրանքները մնացել են առ այսօր անպատասխան:

Հաշմանդամ կինն այսօր կրկին Արցախում է՝ թշնամուց քարուքանդ եղած պատերի տակ, որը տուն է համարում:
Թամարայի մասին առաջին անգամ տպագրվել է 1989թ. նոյեմբերի 7-ին «Երեկոյան Երեւանում»՝ «Ղարաբաղցիներ» խորագրի տակ՝ «Հայրենյաց տան դուստրը» վերնագրով. «Սովորական մի այցելու չէր Թամարը խմբագրությունում: Եվ մենք էլ աշխատանքային որոշակի պարտականություններ չէինք նրա համար, այլ այն անձինք, ում հետ նա կապված էր արյան կանչով, իր հույսով ու հավատով… Թամարի համար հոգսերի հոգսն այսօր այն է, որ կրկին հնչի տարիներ առաջ փակված հայրենի Արանզամին գյուղի դպրոցի զանգը: … Իր մանկության եղած 100-ից ավելի տնտեսությունից մնացել է 27-ը, սակայն կա այն հույսը, որ կվերադառնան հայրենի եզերքը լքած որդիներից շատերը եւ կրկին կբոցավառվի նրանց օջախների մարած ծուխը»: Հրապարակման մեջ խոսք է գնում նաեւ այն մասին, թե ինչպես Սեւանի ավազանի գյուղերից մեկից մայրենի լեզվի դասագրքեր հայթայթելու համար նա մի քանի օր մնացել է ձնբաբքի մեջ՝ մեջքին գրքերով լի կապոցը:
1993թ. ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի օրգան «Մարտիկ» թերթի 33 համարում «Աստեղային ժամ» հրապարակումն է. «Զարմանալի ճակատագիր ունի Թամարա Արմենակի Նազարյանը: 1988թ. փետրվարի 22-ից մաթեմատիկայի այդ ուսուցչուհին՝ հրացանը ձեռքին, տղամարդկանց հետ կանգնած է հարազատ Ասկերանի շրջանի պաշտպանական դիրքերում: Եվ այդ ժամանակից ի վեր նրա ձեռքերից վառոդի հոտ է փչում: 1992թ. մայիսի 10-ից «Գորշ գայլեր» ադրբեջանական ավազակախումբը Արանզամին գյուղում պատանդ վերցրեց նրա մորը, սպանեց հորը…
-Ախր, դուք հիսունչորս տարեկան եք, պետք է հանգստանաք,-ասացի ես:
-Ես այդ մասին չեմ մտածում: Քանի դեռ իմ սիրտն է բաբախում, արյունս է եռում երակներումս՝ վրեժ կլուծեմ մորս եւ հայրենիքի համար»:
Իր օրագրություններից մեկում գրում է. «Սարդարաշենցի Զոյան Վերին Հոռաթաղի անտառներում, բարձունքներում էր եւ զենք էր գործածում, տղաների ճաշի ու խնամքի մասին հոգում: Չկարծեք, թե մարդ սպանելը հեշտ բան է: Իսկ եթե այդ մարդը նաեւ կին է, կրկնակի՝ դժվար: Բայց սպանում ես, որովհետեւ հայրենիքդ ես պաշտպանում: Ահա թե ինչու տանել չեմ կարող, երբ պատերազմած կանանց մասին որեւէ մեկը այնպես չի արտահայտվում՝ ինչպես պետք է: Մանավանդ՝ նկուղներից դուրս չեկածները: Միայն հարգանք, միայն պատկառանք. ահա ինչի են արժանի զենք բռնած կանայք: Հայաստանյան Շահումյանից եկած ասորի մի աղջիկ կար: Ասյան որբ էր, «փեշից բռնող՝ ետ քաշող» չի ունեցել, եկավ կռվելու: Տասը տղամարդու չէր զիջում: Ոտքից վիրավոր էլ բարձրացավ սարերը մինչեւ Քարվաճառ, հիմա առաջին կարգի հաշմանդամ է… Պատերազմի դեմքը կանացի չէ, մարտի դաշտը կնոջ տեղը չէ, կնոջ տեղը տունն է, օջախը, ընտանիքը: Բայց երբ գալիս է համաժողովրդական արհավիրքը, երբ հայրենին է վտանգի ենթարկվում, դադարում են գործելուց սեռի սկզբունքը եւ զգացողությունը: Այդպես արեցինք, այդպես պիտի անենք»:
«Զինվորի» 2001թ. 16 համարում նրա մասին հուզիչ իրապատում է գրվել. «Մենք մեր երկրի զինվորն ենք»: Պատմվում է, որ Թամարա Նազարյանը Վագիֆ Ջհանգիրյանի ջոկատի կազմում երկու շաբաթ ընկել է շրջափակման մեջ: Չկար հաց, ջուր, տղաները ծիտ են խփել ու որեւէ մեկը չի կերել, ասելով՝ Թամարայի համար է: Տասնմեկ հոգի էին: Թամարան բաժանել է նշխարի նման իր տասնմեկին…
«Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ վերջին ժամանակներս ռազմագերիների ու պատանդների փոխանակում է տեղի ունենում մի կողմից Հայաստանի ու Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջեւ: Սակայն Ադրբեջանը Հայաստան է ուղարկում պատերազմի հետ ոչ մի կապ չունեցող հայերի, որոնց Ռուսաստանում կամ այլ վայրերում «որսացել» են 1996 թվականին: Այդ փաստերի առթիվ վերջերս հայտարարություններով հանդես են եկել Հայաստանի եւ ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարությունները: Ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ պատճառաբանում են, որ իրենց մոտ ռազմագերիներ ու պատանդներ չկան: Սակայն փաստերը եւ տարբեր ուղիներով ստացված տեղեկությունները վկայում են հակառակը» (1997թ. ապրիլի 24, «Երկիր», «Ֆիդայի Թամարա Նազարյանը որոնում է մորը»):
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
26.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031