Լրահոս
Օրվա լրահոսը

1920 թվականին մենք «թուրքացե՞լ» ենք

Մայիս 27,2022 10:00

Հայաստանում այժմ կա երկու քաղաքական խոսույթ՝ իշխանական եւ ընդդիմադիր: Առաջինը. «30 տարի ձեզ թալանել են, մենք եկել ենք ձեզ թալանչիներից փրկելու եւ գողացածը ձեզ վերադարձնելու»: Երկրորդը. «Հիմա ձեզ թրքացնում են, մենք եկել ենք ձեզ թրքացումից փրկելու»: Առաջին դեպքում քաղաքացիներին առաջարկվում է նույնացվել խեղճ, կեղեքված ժողովրդի հետ, որին կեղեքումից ազատել են անբիծ, անշահախնդիր հերոսները: Այստեղ թշնամու կերպարը ներկայացնում են «նախկինները»: Երկրորդ դեպքում քաղաքացիները ներկայացվում են որպես հայկական էթնոսի կրողներ, որոնք պետք է պահպանեն իրենց ազգային պատկանելիությունը՝ հակադրվելով այլ էթնոսին եւ դրա հայաստանյան «սպասարկուներին»: Այդ ազգապահպանությունը պետք է իրականացվի անբիծ հայրենասերների գլխավորությամբ: Պայմանականորեն ասած՝ սոցիալական եւ ազգայնական խոսույթներ:

Փորձենք հասկանալ, թե ինչու է առաջինն ավելի զորեղ, ավելի ազդեցիկ եւ տարածված, քան երկրորդը: Պատճառները բազմաթիվ են, որոնցից ամենակարեւորը, թերեւս, այն է, որ «սոցիալականը» ֆիզիկական է ու շոշափելի: Մարդը ֆիզիկապես զգում է, որ սոցիալական loser է, որ նա աղքատացել է կամ աղքատ է մնացել, մինչդեռ այսինչը ձեռք է բերել դղյակներ եւ թանկարժեք մեքենաներ: Բայց նա ոչ մի զգայարանով չի կարող արձանագրել՝ նա «թրքացե՞լ», «վրացացե՞լ», թե՞ հայ է մնացել: Եվ, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, շատերի համար դա ընդհանարապես խնդիր չի:

Երկրորդ պատճառն այն է, որ ազգայնական խոսույթը շատ է շահարկվել 1998-2018 թվականներին: Ընդ որում, «ազգայինը» հաճախ բերվում էր որպես սոցիալական վատ վիճակի, զրկանքների արդարացում՝ «մենք պատերազմող երկիր ենք» եւ նման բանաձեւերով: Մարդիկ, բնականաբար, զգում էին, որ այդ արդարացումներն անկեղծ չեն, ինչն, իր հերթին, վարկաբեկում էր ազգայնականությունը:

Իշխանությունն ու ընդդիմությունը, այսպիսով, ունեն իրենց պատումները, միֆերը, քարոզչական թեզերը: Իշխանությունն ամեն մի խնդրով, աղբահանությունից մինչեւ սպառազինություն, կրկնում է «նախկինների» մասին իր «մանթրաները»: Ընդդիմությունն էլ կարծում է, որ ամեն երկրորդ նախադասության մեջ «թուրք», «թրքացում» եւ այլ նման բառեր օգտագործելով, սարսափեցնում է հասարակությանը:

Իրողությունները, սակայն, այլ են: Իր ապաշնորհ քաղաքականության պատճառով իշխանությունը հայտնվել է այնպիսի մի վիճակում, երբ ստիպված է իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ ծրագրերը: (Այդ երկրներն, այո, շատ հարցերում մրցակցում են, բայց Հայաստանի հարցում գործում են համաձայնեցված): Նման մի բան արդեն եղել է 1920 թվականին: Արդյունքում հայերը չէին «թրքացել»: Պարզապես Հայաստանը կորցրել էր իր անկախ պետականությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Նիկոլական քարոզչության պարզունակ թեզերից մեկը 1920 թվի հետ զուգահեռներ անցկացնելն է: Թե բա՝ դաշնակները Ալեքսանդրապոլի դաշնագիր են կնքել, ուրեմն մենք էլ այսօր իրավունք ունենք ամեն տեսակ կապիտուլյացիոն ակտեր ստորագրել ու ձեռի հետ խուզարկություններ անցկացնել ներկայիս ապստամբ դաշնակների բնակարաններում, գործ կարել նրանց վրա ու բանտարկել: Իհարկե՝ պետք է անպայման կիրառել սուլթանի ու ցարի, սովետական փառապանծ կոմիսարների հարուստ փորձը՝ դաշնակներին վարկաբեկելու, բանտերում փտեցնելու կամ էլ ուղղակի կացնահարելու գործում: Բայց սա իմիջիայլոց՝ նիկոլի հոգեբանական վիճակը լավ հասկանալու համար: Չէ՞ որ նա շատ լավ է պատկերացնում, թե որտեղից է գալիս հիմնական վտանգը եւ եթե ձեռը ճար լիներ՝ իր քաղաքական կնքահոր պես ուղղակի կարգելեր Դաշնակցությունը…

    Իհարկե՝ այս քարոզչական թեզը կարող է ազդել միայն նրանց վրա, ովքեր խնդիրներ ունեն տարրական տրամաբանության հետ եւ/կամ Առաջին Հանրապետության պատմությանը ծանոթացել են սովետական դասագրքերից: Բանն այն է, որ նիկոլի դավաճանական գործունեությունը առանձնապես կապ չունի 1920 թ. իրադարձությունների հետ: Կան էական տարբերություններ, որոնք քարը քարի վրա չեն թողնում նիկոլիզմի արդարացմանն ուղղված այս թեզից.

    Տարբերություն 1. Առաջին Հանրապետության ղեկավարները չեն եղել դավաճան, թուրքերի հետ գործարքի մեջ չեն մտել, չեն երազել օր առաջ ազատվել Կարսի ու Իգդիրի «բեռից»: Այո, դաշնակները պարտվել են պատերազմում եւ ստիպված գնացել Ալեքսանդրապոլ՝ ի տարբերություն նիկոլի, որը միտումնավոր է պարտվել եւ հպարտորեն գնացել բանավոր ըմբռնման «ցավոտ զիջումների»…

    Տարբերություն 2. 1920 թ. պատերազմը հրահրվել է համատեղ թուրք-բոլշեւիկյան դավադրությամբ՝ դաշնակներին իշխանությունից հեռացնելու եւ Հայաստանը իրար միջեւ բաժանելու համար, իսկ 2020 թ. պատերազմը հրահրել է նիկոլը իր կիրթ ու կառուցողական ընկերոջ հետ միասին՝ իր թրքամետ իշխանությունը ամրապնդելու եւ «խաղաղության դարաշրջան» բացելու համար…

    Տարբերություն 3. 1920 թ. Ռուսաստանը չի եղել Հայաստանի դաշնակիցը, Հայաստանի սահմանները չի հսկել, Իսկանդեր ու ՀՕՊ միջոցներ չի տրամադրել հայերին: Բոլորովին հակառակը՝ ֆինանսավորել ու զինել է թուրքերին, իսկ պատերազմից առաջ Բաքվում հավաքել է Արեւելքի հակահայկական խաժամուժին ու սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի «բուրժուա-իմպերիալիստական» հանրապետության հասցեին…

    Տարբերություն 4. 1920 թ. հայկական բանակը ներսից քանդել են բոլշեւիկյան գործակալները՝ քարոզելով, թե թուրքերի դեմ կռվել պետք չի, դրանք իբր նոր՝ պրոլետարական համերաշխություն եւ «խաղաղություն» բերող թուրքեր են, որոնք եկել են մեզ ազատագրելու դաշնակների՝ էդ սրիկա թալանչի նախկինների լծից: Զուգահեռներ հենց այստեղ կարելի անցկացնել. նիկոլի պահվածքը այժմ ամբողջովին նույնական է 1920 թ. բոլշեւիկ թափթփուկների դավաճանական գործունեությանը՝ շուտափույթ կազմաքանդել բանակը եւ «էստի համեցեք» ասել թուրքերին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031