Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հրապարակից՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Մայիս 27,2022 08:00

Ֆրանսիայի հրապարակում հատուկենտ մարդիկ են մնացել: Ազատագրական շարժման մասնակիցները քաղաքով մեկ ակցիաների են գնացել: Վրաններից բարձրաձայն ինչ-որ կարևոր բան են քննարկում: Շուշեցիների թափանցիկ վրանից տղամարդու ծանոթ բարձր ձայն լսեցի: Բերդաքաղաքի թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի ձայնն էր: Բռնի տեղահանված շուշեցիների մի մասը Երևան է հասել, բնակարան վարձել: Բնակարանների տերերը ավելի բարձր գին են սահմանել ու պահանջել, որ ազատեն բնակարանները: Լուռ անցա, որովհետև նրանց օգնելու իմ փորձերն ապարդյուն էին:

Քայլերս ուղղեցի դեպի 100-ամյա Երևանի պետական կոնսերվատորիայի շենքը, որտեղ պետք է մասնակցեմ պրոֆեսոր, ՀՀ Վաստակավոր արտիստուհի, անվանի երգչուհի Աննա Մայիլյանի սաների համերգից առաջ փորձին:

Այդ պահին էլ հրապարակի տերն ու տնօրենը Մեծն Կոմիտասի «Կռունկն» էր: Ու անսպասելի հնչեց Աննա Մայիլյանի ձայնը: Ասես ինչ-որ մեկը նախապես գիտեր տաղանդավոր երգչուհու հետ իմ հանդիպման մասին: «Կռունկ ուստի կուգաս»-ը գրավեց հրապարակը, տարածվեց դեպի Սպենդիարյանի անվան օպերայի սրահները, ձգվեց Մաշտոցի պողոտայով ի վեր, հետո Բաղրամյանի պողոտա, Գիտությունների ակադեմիա, որի տարածքում ոստիկանական ջոկատները զրահավորված՝ ասես կարևոր մարտի են պատրաստվում:

Մի պահ թվաց, թե հրապարակում կարմիր վրանների վերևում ինչ-որ հրաշքով թևածում է. կոմիտասյան մեղեդին, երգչուհուն իր թևերն առած ցրում է երգը, մարդկանց տանում դեպի հին դարերը՝ հեթանոսական շրջան, միջնադար… Ու այդ պահին էլ Մաշտոցի պողոտայի խորքից տարածվեց շարժման հիմն դարձած «Զարթնի՛ր, լաո»-ն, խլացրեց Աննա Մայիլյանի ձայնը: Հետևեց «Միացե՛ք, հայեր»-ը: Ասես Ֆրանսիայի հրապարակում իրար էին հանդիպել Հայոց հեթանոսականից, շարականներով հարուստ միջնադարն ու քսանմեկերորդ դարը: Նրանք պետք է լրացնեին իրար, որ ավելի հզոր դառնան: Սակայն մի պահ թվաց, թե դարաշրջաններն իրար չեն հասկանում: Ըստ էության, խզում կա, կտրվել է մշակույթի շերտերն իրար կապող թելը…

Պուրակով քայլում եմ դեպի մեծ երգահանի բրոնզաձույլ արձանը: Ամեն ինչ այստեղ Կոմիտասով է շնչում: Երգահանը, թիկնած ծառին, ասես մեզ հետ վերապրում է մեղեդին. Աննայի կատարումը նման չէ մինչ այդ իմ լսած թեկուզ հռչակավոր երգչուհիների կատարմանը: Նա ելևէջների մեջ ասես մի նոր ու մինչ այդ անհայտ նոր հնչերանգ է հայտնաբերել ու այն սիրով մատուցում է մեզ և Կոմիտասին: Երգահանը աչքերը կիսափակ, ասես առաջին անգամ է լսում, ըմբոշխնում ելևէջները, նոր է հայտնաբերում իր ու երգչուհու հանճարը:

Այդ պահին ինձ համար Կոմիտասը կենդանի է, նա ապրում է իր մեղեդիներով: Նա լսում է ամբոխի ձայնը, Հայոց հզոր զարթոնքի կոչերը…

Կոմիտասի շնորհիվ է, որ հայկական երգն ու երաժշտությունը, ճեղքելով հազարամյակների քողը, քաղաքակիրթ աշխարհին ցույց տվեց, որ հայոց մշակույթը եղեռնի հետ ոչ միայն չի մեռել, չի կորչել, այլև դարձել է համայն մարդկության սեփականությունը: Իսկ քանի կա նրա մշակույթը՝ գրականությունը, երաժշտությունը, գեղանկարչությունը, մյուս արվեստները, ապա հզոր է և այդ մշակույթը կրող ժողովուրդը;

Տարիներ առաջ էր, երբ ընկերոջս՝ Կորյուն Խումարյանի մոտ ծանոթացա երգչուհի Աննա Մայիլյանի հետ: Առաջին հարցը, որ տվեցի նրան.

-Արցախի Մեծ Շենի՞ց եք: Մայիլյանները, այսինքն՝ Միլանց տոհմը Ջրաբերդի Մեծ Շեն գյուղից են:

-Չէ, Երևանում եմ ծնվել, սակայն հոր կողմից իմ նախնիները իրոք Մեծ Շենից են, Միլանց տոհմից:

Ես պատմեցի արցախցի Մայիլյան-Միլանց տոհմի մասին, քանի որ կազմել էի նրանց տոհմածառը: Այդ տոհմից են Գանձասարին հակաթոռ Երիցմանկանց վանքի և կաթողիկոսության հիմնադիր Սարգիսը, կաթողիկոս Ներսեսը, որի Ռուսաց ինքնակալին գրած նամակից հետո Պետրոս Առաջինը Իվան Կարապետին որպես հատուկ դեսպան ուղարկեց Արցախ: Այդ տոհմից էին ազատագրական շարժման զորահրամանատարներ, գյուղապետեր: Մեծ վիպասան ու ճանապարհորդ Րաֆֆին առանձին սիրով է գրում հայ ազատագրական շարժման հերոս, Միլանց տոհմից Ավագ վարդապետի մասին, որի գերբնական ուժից սարսափում էին թուրքերը:

Լսարանը, որտեղ պետք է նախավերջին փորձաշրջանն անցնեին պրոֆեսոր Աննա Մայիլյանի սաները, փակ էր: Ստիպված մեկ այլ լսարանում էին պարապում: Իմ ուշադրությունը գրավեց մանրահատակը: Ավելի շուտ՝ այն խորհրդային տարիներին մանրահատակ է եղել: Կոնսերվատորիան այս խնդրում հովանավորչության կարիք ունի: Սակայն դաշնամուրը ու դաշնակահարուհին դրանից իրենց վատ չէին զգում, քանի որ այստեղ միայն դա էին տեսել: Իսկ թե ինչքանով է ազդում այն երգիչների, երաժիշտների, երգահանների ձևավորման վրա, երևի ոչ ոք դեռ չի հաշվարկել:

Սկսեցին համերգի վերջից՝ խմբերգից: Դաշնամուրի մոտ Աննան էր: Միևնույն ժամանակ փորձում էր երիտասարդ երգչուհիներին դուրս բերել կաշկանդվածությունից: Ալեքսանդր Հարությունյանի «Երգիր ինձ համար» խմբերգը թնդում է, ասես փորձում դուրս թռչել լսարանից, լցվել հարևան Ֆրանսիայի հրապարակը, ասել. «Ես կամ, սա է հիմքը», սակայն պրոֆեսոր-երգչուհին դժգոհ ընդհատում է, ինքը երգում է (նրա կատարումն անհամեմատ թովիչ է ու հմայքով լեցուն), ապա ասում.

-Իզուր ճիգեր, էներգիա մի՛ ծախսեք, թեթևություն, ազատություն տվեք ձեր ձայնին, մի՛ կաշկանդվեք:

Ստիպված էի խառնվել գործընթացին.

-Խնդրում եմ ոչ մի ուշադրություն չդարձնեք, ես այստեղ չեմ, ձեր գործն արեք, ես ոչ քննող եմ, ոչ էլ ստուգող, համերգից առաջ առաջին ունկնդիրն եմ…

Փայլեցին ժպիտները, ուրեմն ընկալվեց խոսքս:

-Իսկ հիմա՝ ավելի բարձր, ազա՛տ…, -ասաց Աննան:

Երբ խմբերգի փորձն ավարտվեց, Աննան ինձ ներկայացրեց երգչուհիներից մեկին:

-Միլենա Բեգլարյան, քո հայրենակիցն է՝ Արցախից:

-Հիշտղացի՞ յըս, քմմատաղ, -բարբառով դիմեցի ես: Լարվածությունից հետո ժպիտ հայտնվեց դեմքին:

-Ստեփանակերտից եմ, իսկ դո՞ւք:

-Մարտակերտից… Երևում է՝ շատ եք լարվում երգելիս, երգը թեթևություն է սիրում, -ասացի ես, ապա դրվատեցի,-հրաշալի ձայն ունեք…

Եկավ դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը, և Աննա Մայիլյանը ազատված ձեռքերով չափ տալով կառավարում էր իրար հաջորդող երգերը:

Անցան եվրոպական երգահաններին: ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի սաների շուրթերից դուրս են հորդում Անտոնիոյի, Վիվալդիի, Պերգոլեզիի, Մոցարտի, Մասցագնու, Մասկանիի մեղեդիները: Ապա հաջորդեց համերգի երկրորդ՝ հայ հեղինակների բաժինը, ու թվաց, թե դասասենյակը խառնվել է կոնսերվատորիայի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակին: Նման տպավորություն ստեղծողը կրկին Կոմիտասի «Կռունկն» էր:

Աննան բազմաթիվ թելերով կապված է Հայ ազատագրական պայքարին, չնայած կենցաղային բազում խնդիրները հնարավորություն չեն տալիս լիարժեք մասնակցելու համահայկական պայքարին, սակայն նա ապրում է այդ պայքարով ու իր երգերով ստեղծում մշակութային այն մթնոլորտը, որին ժեխն անգամ անզոր է դիմակայել:

Ու վստահ եմ, որ պուրակում ծառին հենված մեծ երգահանը լսում է Աննա Մայիլյանի սաների՝ Լիանայի, Միլենայի, Քրիստինեի, Աննայի, Գայանեի ու Անահիտի շուրթերից հնչող «Էս առուն», «Անձրև եկավ», «Ջան՝ գառնուկ», «Գնացեք, տեսեք» երգերը, համոզվում. որ դրանք կան ու կապրեն, քանի կա հայ ժողովուրդը, քանի նա հենց երգով է հեռու վանում իր ներքին թշնամուն: Կոմիտասին հետևեցին Կանաչյանի, Մեհրաբյանի ու Տերտերյանի երգերը:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031