Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եղբայրս իմ աչքի առաջ կատաղի մարտերի ժամանակ զոհվեց»

Մայիս 27,2022 12:30

Սեպտեմբերի 27-ին սկսած Արցախյան գոյամարտում շատերը ընկան։ Նրանցից յուրաքանչյուրը այս փոքր հայրենիքի մի մասն էր կազմում։ Պատերազմը ոչ ոքի չխնայեց, այն իր հետ տարավ ամենաթանկը՝ բազում մարդկային կյանքեր։ Այդ քաջերի թվում էր նաեւ Գագարին ավանի նվիրյալներից Ալիկ Իշխանի Պետրոսյանը, ծնված 1982 թվականին։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետեւ 2000 թվականին անցել է զինվորական ծառայության։ Ալիկի հայրը եւ եղբայրը նույնպես եղել են զինվորական։ Այս պատերազմին հայրը նրա հետ չէր (մահացել էր հիվանդությունից), սակայն նրա հետ էր եղբայրը, ում աչքի առաջ Ալիկը կատաղի մարտեր էր վարում, եւ հանուն իր զինվորների ապահովության, առանց ետ նայելու, առաջ էր գնում։ Հենց այդ պայքարի ընթացքում էլ ընկավ։ Ալիկի մասին իր հիշողությունները ներկայացրեց նրա եղբայրը՝ Էրիկ Պետրոսյանը, որը եղբոր հետ Մատաղիսում է պաշտպանել հայրենիքը. «Ալիկը նվիրված էր հայրենիքին, հայրենիքի հանդեպ սերը մանկուց էր նկատելի: Պատերազմի դաշտում կռիվ տվող հոր օրինակը ունեցել ենք միշտ մեր աչքի առաջ, այդպես էլ դաստիարակվել ենք։ Մեր հայրը լավ կերպար էր մեզ համար, եւ մենք նրա գործը շարունակեցինք։ Ալիկը եղել է դասակի հրամանատար: Նա մինչեւ վերջին պահն էլ մտածում էր իր ազգի, հայրենիքի, ընտանիքի ու հայ զինվորի մասին։ Ալիկը մի քանի պատերազմի է մասնակցել՝ 2016 թվականի քառօրյա պատերազմին, 2020 թվականի հուլիսյան մարտերին եւ Արցախյան երկրորդ 44-օրյա պատերազմին, որի ժամանակ էլ զոհվեց։ Մենք կռվում էինք Մատաղիսում, հենց առաջնագծում: Եղբայրս հոկտեմբերի 4-ին իմ աչքի առաջ կատաղի մարտեր վարելիս զոհվեց»։

2002 թվականին, երբ Ալիկը վերադառնում է ծառայությունից, որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող եւ 2004 թվականից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 4-ը նա իր աշխատանքով մեծ ծառայություն է մատուցում իր երկրին։ Ալիկ Պետրոսյանը եղել է նաեւ Երդվյալ ազատամարտիկների միության անդամ, բազմիցս արժանացել է խրախուսանքների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ Ալիկը ամուսնացած էր եւ ուներ երեք երեխա: «Ալիկը հայրենիքին շատ նվիրված էր, շատ էր սիրում իր աշխատանքը: Նա լավ հայր էր, լավ ամուսին ու լավ ընկեր։ Ես հպարտանում եմ նրանով, քանի որ նա իր կյանքը տվեց՝ բազում կյանքեր փրկելով։ Իր երկու տղաների համար նա հիանալի օրինակ էր։ Հայրենասիրական մեծ ոգով էր դաստիարակում երեխաներին, հետեւողական էր, ուշադիր, քաջ…»,- ասում է հերոսի կինը` տիկին Մարինեն: Հավելեց, որ ամուսնու նախաձեռնությամբ Գագարինում պետք է հուշարձան կառուցվեր, որը նվիրված էր լինելու համայնքի ազատամարտիկների եւ զինծառայողների հիշատակին, հիմքը արդեն դրված էր, բայց իր սկսած գործը թողեց կիսատ, նախքան դեպքը պատգամել էր, որ այդ այգում հետո իր համար էլ տեղ հատկացնեն…

Հերոսի մասին խոսեց նաեւ նրա հարեւաններից մեկը` Թեհմինեն. «Հայրենիքի համար պայքարելը նրա կոչումն էր, մեծագույն սիրով եւ նվիրվածությամբ էր անում իր գործը, ակտիվ մասնակցում էր համայնքի հասարակական աշխատանքներին, անգամ հիշում եմ, որ իր փոքրիկ տղային էր զինվորական գեղեցիկ շորեր հագցնում: Հայրենիքի փրկության համար նա չխնայեց անգամ ամենաթանկը՝ սեփական կյանքը»։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
26.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031