Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի ու հայաստանյան ընդդիմության խորիմաստ լռությունը

Մայիս 27,2022 12:00

ՌԴ-ն համառ լռություն պահպանեց ԼՂ-ի կարգավիճակի թեմայով նույնիսկ այն բանից հետո, երբ Վաշինգտոնն արձանագրեց, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ-ի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում:

Մինչ Բրյուսելի հովանու ներքո կազմակերպվում էր Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը, Մոսկվան առիթը բաց չթողեց կողմերին հիշեցնելու, թե ում գլխավորությամբ կայացած հանդիպումներն են առավել կարեւոր:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը»,- անցյալ շաբաթ նշեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Այդպիսի գնահատականներ են տրվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրն առանցքայիններից մեկն ենք համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում համագործակցության ներդաշնակեցման համատեքստում։ Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կերպով շփվում են լուծումների մշակման համար, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար»,- ասել էր նա:

Մոսկվան հղում անելով Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին, պարբերաբար շեշտում է, որ ակնկալում են, որ առաջիկայում հնարավոր կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները: «Մենք հետեւողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը եւ դրա հետագա սահմանագծմանը,- նկատել էր Զախարովան՝ հավելելով,- միեւնույն ժամանակ, ինչպես դա ամրագրված է Սոչիի գագաթաժողովին հաջորդած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձեւավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական թիմն արդեն ձեւավորել է։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Կցանկանայի նաեւ ընդգծել, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ուրախ կլինենք կիսել մեր փորձը հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»։

Հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում Մոսկվայի աջակցությունն առաջարկելու մասին ռուսական կողմն արդեն որերորդ անգամ է հայտարարում:

Զախարովայի կարծիքով՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաեւ ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար. «Դրա շրջանակում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձեւավորել, ներառյալ՝ շփման խմբերի ստեղծումը՝ սահմանամերձ շրջաններում կայուն մթնոլորտ ապահովելու համար»:
Իսկ ի՞նչն էր խանգարում, որ Մոսկվան մինչ այժմ ադրբեջանական կողմից սադրանքների սահմանային միջադեպերի առիթով հանդես գար քննադատական մի քանի տողանոց հայտարարությամբ:

Կամ, մեկ տարի է՝ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ տարածք, իսկ Մոսկվան շարունակ հայտարարում է, թե Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում, այսինքն՝ Մոսկվայի համար գոնե պարզ է չէ՞, թե Բաքուն ինչ քաղաքականություն է որդեգրել: Ինչո՞ւ են լռում:
Կամ՝ ինչո՞ւ են Մոսկվայում «անտեղյակ» ու լուռ, որ Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիներն ադրբեջանցիների կողմից վանդալիզմի են ենթարկվում ու պղծվում: Դրա համար հատուկ հանձնաժողովնե՞ր են հարկավոր՝ ռուսների գլխավորությամբ ու ստորագրված եռակողմ հայտարարություննե՞ր: Մինչդեռ եվրոպական մի քաղաքում ընդդեմ Խորհրդային միության որեւէ ժառանգության որեւէ արարքի ռուսական կողմը համակ ուշադրությամբ է հետեւում ու կայծակնային արագությամբ արձագանքում ԱԳՆ-ի մակարդակով:
Հատկանշական է, որ սրտատրոփ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքներին սպասող Մոսկվան համառ լռություն է շարունակում պահպանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայով նույնիսկ այն բանից հետո, երբ Վաշինգտոնն արձանագրեց, որ ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում:

Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում անցյալ շաբաթ նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված», – նկատել էր ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տեւական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Դեսպան Թրեյսին նաեւ շեշտել է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ պատրաստ է ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ երկրների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Որքան էլ Հայաստանի ընդդիմությունը «չնկատի», որ հենց Պուտինի գլխավորությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթերի վրա հղում անելով էր Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված համարում ու Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» պահանջում, միեւնույն է, փաստը սա է՝ Մոսկվան ակնհայտորեն խուսափել եւ շարունակում է խուսափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայից, այսինքն՝ կողմնակից է պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ, կամ գոնե հրապարակավ չի հակադրվում Ալիեւի դիրքորոշմանը:

Եվ ընդհանրապես, Հայաստանի ընդդիմությունն անցյալ շաբաթ հայտարարեց, թե Փաշինյանի կողմից որեւէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, ընդդիմության համար լեգիտիմ չէ: Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթն ու դրան հաջորդած համաձայնություններն ու փաստաթղթերը լեգիտի՞մ էին ընդդիմության համար:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031