«Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց, որ իրենց պայքարն աննահանջ է եւ համոզված է՝ հաղթելու են. «Հազարավոր ոստիկանների թիկունքում ծվարածները ասում են, թե մեր շարժումը մարում է: Դուք շփոթված ու մոլորված եք, կարողացեք հաղթահարել ձեր վախերը եւ նայել իրականության աչքերին: Ձերն ընդամենը կեղծ ժողովրդավարությունն է, որը հայրենիքը վաճառելու գին ունեցավ»:
Լիլիթ Գալստյանը գտնում է, որ Հայաստանում կա զարթոնք, արթնացող հայ, եւ երբեք չի կարող «Բելը հաղթել Հայկին»:
Պատգամավորը հայտնեց, որ 160-ից ավելի հայ մտավորականներ կոչով դիմել են հայ ժողովրդին: Նրանք իրենց կոչում ասել են, որ հայ մտավորականը լռելու իրավունք չունի: Նրանք գտնում են, որ պետք է վճռականորեն կանգնեն եւ կանխեն երկրի կործանումը:«Մենք՝ բոլորս պատասխանատվություն ենք կրում ապագայի հանդեպ եւ հանդես ենք գալիս համաժողովրդական պայքարի կողքին կանգնելու պատրաստակամությամբ»,-ըստ Լիլիթ Գալստյանի՝ նշել էին մտավորականները:
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ այդ մտավորականները չեն վաճառվում երեսուն արծաթով, չեն վախենում զրկվել պարգեւավճարներից, դասաժամերից, բյուջեից գումարներից եւ այլն. «Նրանց համար հայրենիքը սակարկման ենթակա չէ: Փաշինյանի՝ խաղաղության տանող կեղծ օրակարգը չի կարող նրանց մոլորեցնել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ