Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախ գնալու համար ադրբեջանցի սահմանապահները հարցնելու են՝ Ադրբեջանի վիզա ունե՞ս, չունես, դե հետ գնա. Էդգար Ղազարյան

Մայիս 26,2022 21:43

«Մենք մեկ ամիս է՝ դուրս ենք եկել պայքարի, եւ Նիկոլ Փաշինյանն արդեն տիեզերք գնալու ծրագրեր է մտածում: Մենք քեզ չենք թողնի գնաս տիեզերք, քո տեղն այստեղ է»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում իր ելույթն այսպես սկսեց նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Ասաց, որ Փաշինյանի տեղը Նալբանդյան փողոցի վրայի քրեակատարողական հիմնարկն է:

Ապա Էդգար Ղազարյանը մեծադիր վահանակի վրա ցույց տվեց Հայաստանի ու Արցախի քարտեզը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի օրոք երկուսն էլ տարածքներն են կորցրել:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վավերացված չէ, եւ այն ապօրինի է, հակասահմանադրական. «Հիմա էլ Բրյուսելում է ձեռք բերում պայմանավորվածություններ՝ հայրենիքը թշնամուն հանձնելու»:

Նա ասաց, որ սահմանազատումը տեղի չի ունենալու, եւ օրինակ բերեց հարեւան Վրաստանի հետ մեր սահմանների վիճակը՝ արդեն երեսուն տարի է, հնարավոր չի լինում կատարել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները: «Թշնամական երկրի հետ ինչպե՞ս է հնարավոր դա անել կարճ ժամանակահատվածում: Դա հնարավոր չէ»,-եզրակացրեց նախկին դեսպանը:

Էդգար Ղազարյանի խոսքով՝ նրանց հետաքրքրում է միայն Գորիսի Տեղ գյուղով անցնող սահմանը, որովհետեւ այդ հատվածով է անցնում Հայաստանը Արցախի հետ կապող միջպետական ճանապարհը. «Նրանք ճշտելու են միայն այս սահմանի փոքր՝ հինգ կիլոմետրանոց հատվածը, որից հետո այդտեղ լինելու են ադրբեջանական սահմանային եւ մաքսային ոստիկանական ուղեկալներ: Ճիշտ այն, ինչ-որ կա Գորիս-Կապան ճանապարհին»: Հետեւանքն, ըստ Էդգար Ղազարյանի, լինելու է այն, որ մեր անձնագրով Արցախ գնալու համար ադրբեջանցի սահմանապահները հարցնելու են՝ Ադրբեջանի վիզա ունե՞ս, չունես, դե հետ գնա:

Ասաց, որ հաջորդ փուլում էլ անկլավների հարցն է. «Եթե Տիգրանաշենում դրվեց երկու սահմանային անցակետ, ես վայոցձորցի եմ, տուն գնալուց ադրբեջանցի սահմանապահն ինձ հարցնելու է՝ ունե՞ս վիզա, թե՝ ոչ»:Նրա խոսքով, ով պայքարել է Ադրբեջանի դեմ, ինչպես ինքը՝ դեսպան եղած ժամանակ, թույլ չեն տալու անցնեն:

Էդգար Ղազարյանը համոզված է, որ այդ գործընթացներից հետո Հայաստանը լցվելու է ադրբեջանցիներով, որեւէ մեկը չի արգելելու, որ ադրբեջանցի գործարարը Հայաստանում գնի տասնյակ հյուրանոցներ:

Ըստ նրա՝ Տավուշի մարզի անկլավները տալու դեպքում էլ Վրաստան գնացող մեր ճանապարհները հայտնվում են նրանց անկլավների մեջ. «Պատկերացնո՞ւմ եք, մի պատահական զինվորական կրակի մեր ավտոմեքենաների վրա, ո՞վ կհամարձակվի այդ ճանապարհներով գնա Թբիլիսի: Ամբողջական վերահսկողություն է լինելու Հայաստանի նկատմամբ»:

Նրա խոսքով՝ այն կետը, որ արեւմտյան շրջանները պետք է կապի Նախիջեւանին, լինելու է երեք ճանապարհով՝ Սյունիքով:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031