Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Սարիարը՝ էկոզբոսաշրջության նոր վայր․ անտառ կհիմնեն, կոնի մուրաբա կարտադրեն

Մայիս 26,2022 20:42

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Մեծ Սարիար գյուղը պատրաստվում են դարձնել էկոզբոսաշրջային ինքնատիպ վայր՝ մրգատու ծառերով լի խիտ անտառ հիմնելով, կենդանական աշխարհը հարստացնելով ու տեղի բնակիչների համար աշխատատեղեր ապահովելով։

Մեծ Սարիարի հյուսիսային հատվածում խիտ անտառ են հիմնում, որի համար առանձնացվել է 60 հեկտար հողատարածք, 60 հեկտար էլ կտրամադրվի կոնի մուրաբայի արտադրամաս ստեղծելու համար, որը կլուծի տեղի բնակիչների մշտական զբաղվածության հարցը։ Նորատունկ անտառը ևս որոշակի աշխատատեղերով կապահովի բնակչությանը, օրինակ՝ կլինեն անտառապահի, այգեպանի հաստիքներ։

Աշխատանքներն արդեն իսկ սկսված են, մոտ 70 հազար ծառ արդեն տնկված է։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանը։

Անտառ հիմնելու եւ էկոզբոսաշրջությունը զարգացնելու գաղափարը հենց նրանն է․ դեռ 1,5 տարի առաջ, երբ Կարեն Արշակյանը Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարն էր, որոշեց նման ծրագիր անել։ Այժմ աշխատանքներն ընթանում են «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում։

«Սարիարի երկու կողմերում անտառներ կան, նորատունկ անտառը Մեծ Սարիարի հյուսիսային հատվածում է։ Եկան ուսումնասիրություններ կատարեցին, տարբեր եղանակներին հողի շերտի խոնավությունը պարզեցին։ Սկզբում որոշել էինք 52 հեկտար տարածություն դարձնել անտառ, հետո՝ 60 հեկտարը։ 60 հեկտարի կեսն արդեն տնկված է, մոտ 70 հազար ծառ արդեն տնկված է, մոտ 100-110 հազար տնկանյութ էլ դեռ ունենք տնկելու», -ասաց Կարեն Արշակյանը։

Նա ասաց, որ այս պահին ցանկապատման աշխատանքներ են կատարում, որպեսզի անասունները չմտնեն ներս, աշնանը կվերսկսեն ծառատունկը։

Ի դեպ, ծառատունկը ևս կատարվում է վճարովի հիմունքներով։

Անտառում կտնկեն եղևնի, կեչի, թխկի, սոճի, վայր խնձորենի, տանձենի։

«Մեր տարածաշրջանը շուտով կդառնա ամենագրավիչ վայրերից․ Սարիարի վերին հատվածից որ նայում ես, Շիրակի դաշտավայրը պարզ երևում է։ էկոզբոսաշրջության համար նմանը չունեցող վայր կունենաք, կոնի մուրաբա կարտադրենք։ Սարիարում արդեն իսկ փորձել ենք արտադրությունը, շատ լավ ստացվել էր, եկամտի կայուն աղբյուր կունենանք։

Բնակլիմայական պայմանների փոփոխություններ էլ կունենանք այդ տարածքում։ Նաև կենդանական աշխարհը կհարստանա, կենդանիների բազմացում կլինի, հաստատ եղնիկներ էլ կունենաք, վայրի խոզերն էլ այլևս դուրս չեն գա, գնան դեպի Վանաձոր կամ Թուրքիայի տարածք։ Բնակլիմայական պայմանները թույլ են տալիս կաղնի տնկելու, մենք այս ծառատեսակը հատուկ ընտրեցինք, որ կենդանիների սննդի հարցը լուծենք։

Վայրի վարազները միշտ Թուրքիայից անցնում, Մեղրաշատ կամ Հայկավան գյուղերի մոտով  գարնանը գալիս են այս կողմ, բազմանում են, բայց ձմռանն այստեղ չեն մնում, համապատասխան սնունդ չկա, որ մնան, սնվեն։ Իսկ այս անտառը հիմնելով՝ նրանք կունենան ձմեռելու տեղ։

Արջերն էլ այլևս չեն մտնի Սալուտի բնակիչների մեղրն ուտեն, կգան անտառ»,-ասաց Կարեն Արշակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031