Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգայինը երբեք չի հնանում. Գեղամ Ասատրյան

Մայիս 26,2022 20:12

Մայիսի 26-ին ՀՀ Նկարիչների միությունում բացվեց ճանաչված գեղանկարիչ Գեղամ Ասատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին վարպետի որդին և թոռը։

Ներկայացվել է նկարչի 81 աշխատանք, որոնցից 17-ն արդեն ցուցադրված եղել են։

Գեղամ Ասատրյանը յուրահատուկ սեր է ունեցել գուաշի հանդեպ, իսկ այս ցուցահանդեսի բոլոր նկարներն արված են հենց այդ նյութով։

Որդին՝ Լևոն Ասատրյանը, նշեց, որ դժվարությամբ են կարողացել նկարները տեղափոխել, քանի որ դրանք ապակեպատ են և ծանր։ Գեղամ Ասատրյանը 8 տարի եղել է մարտական ծառայության մեջ, մասնակցել Հայրենական պատերազմին, բայց դա երբեք չի անդրադարձել նկարչի աշխատաոճի վրա։ Նկարիչը երբեք չի պատկերել պատերազմը, այլ փորձել է իր կտավներում արժևորել կյանքը։ Լևոն Ասատրյանը ընդգծեց, որ հոր ստեղծագործություններում գերակշռում է մեր ազգայինը, այն ինչ եղել է մեր մեջ դարեր շարունակ։« Իսկ ազգային մտածողությամբ ստեղծագործությունները միշտ այժմեական են»,- հավելեց նա։

Գեղանկարիչ Էդուարդ Սեդրակյանը ևս առանձնացրեց Գեղամ Ասատրյանի ազգային մտածելակերպն ու դրա դրսևորումը նրա կտավներում, անդրադարձավ նաև Լևոն Ասատրյանին։ «Լեւոնը շատ է շրջել հոր հետ, ապրել արվեստը, հաճախել է նկարչական խմբակ, իր մեջ եղել է նկարչական ձիրքը։ Մի անգամ իմ գրքույկը Լևոնին նվիրելուց մակագրել էի՝ «Մասնագիտությամբ բժիշկ, հոգով՝ նկարիչ» ու կարծում եմ չեմ սխալվել,- ամփոփեց Սեդրակյանը։

Նկարչի թոռ Արմեն Ասատրյանն էլ ասաց, որ թեև հասարակության շրջանում արվեստի հանդեպ հետաքրքրությունը նվազել է, բայց ցուցահանդեսը չի կազմակերպվել ինչ-որ ակնկալիքներով, այն պարզապես պիտի լիներ, որովհետև ունի ասելիք։

Աննա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031