Հայ շախմատիստները իմաստուն խաղի աշխարհի քարտեզում լայնորեն ներկայացված են դեռ 1960-ական թվականներից, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրանից հետո հայ շախմատիստները բազմաթիվ հաջողություններ են գրանցել ոչ միայն Հայաստանում՝ բարձր պահելով նաեւ տարբեր երկրների շախմատային դրոշի պատիվը: Նրանց կարելի է տասնյակներով հաշվել:
Սակայն իսկական նվաճումները գրանցել են Հայաստանում աճած ու միջազգային հեղինակություն վաստակած գրոսմայստերները՝ ազգային հավաքականի կազմում մեր երկրի համար ապահովելով համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթողի, աշխարհի ու Եվրոպայի թիմային չեմպիոնի կոչումները:
Ուժեղագույն գրոսմայստերների պակաս մեզանում չի եղել ու հիմա էլ չկա: Առնվազն երկու անգամ սերնդափոխություն է եղել, սակայն մեր ազգային հավաքականը շարունակել է առաջատար դիրքեր ունենալ համաշխարհային վարկանիշային դասակարգումներում: Հիմա էլ այդ ավանդույթները շարունակվում են: Երբ ժամանակակից հայկական շախմատի անվիճելի առաջատար Լեւոն Արոնյանը հեռացավ ազգային հավաքականից, առաջին խաղատախտակի առջեւ նրան արժանիորեն փոխարինեց նրա «մարտական» ընկերը՝ Գաբրիել Սարգսյանը, որն արդեն պատասխանատվության ավելի բարձր գիտակցումով է մեր ընտրանու իր երիտասարդ թիմակիցներին առաջնորդում, իր հարուստ փորձը փոխանցում նրանց:
Գաբրիել Սարգսյանը, որին ընկերներն ու մտերիմները Գաբի են ասում, 30 տարուց ավելի պրոֆեսիոնալ շախմատում է եւ այդ ընթացքում գրանցել է բազմաթիվ հաղթանակներ ու ձեռքբերումներ: Սակայն քաջ գիտակցում է, որ հայկական շախմատի հեղինակությունը մեծապես պայմանավորված է խաղի մասսայականացումով եւ աճող սերնդի հետ աշխատելով: Այդ նպատակով նա Լեւոն Արոնյանի հետ միասին մայրաքաղաքում հիմնել է շախմատի դպրոց, որտեղ ընդգրկվում են առավել ընդունակ երեխաները, եւ որոնց մարզում են փորձառու շախմատային մանկավարժները:
Կարդացեք նաև
Գաբրիելի սերը շախմատի նկատմամբ փոխանցվել է նաեւ որդուն, որն օրվա մեծ մասը անցկացնում է խաղաքարերի շրջապատում ու շատ հաճախ հայրիկին ստիպում է իր հետ շախմատ խաղալ:
Շուշան ՍԱՐԳՍՅԱՆ