«Այս իշխանություններն այնքան անլուրջ են, որ չեն պատկերացնում միջազգային հանրություն եւ Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչելու փաստը։ Իհարկե, 1991-ին հանրաքվե է եղել, մարդիկ որոշել են, եւ ինչպես ինքնորոշման իրավունքից բոլոր ազգերը օգտվում են, կամարտահայտությամբ պետք է ճանաչվի։ Դրա համար պետք է բանակցեն ամբողջ միջազգային հանրության հետ։ Իսկ եթե ամեն ինչ լավ լիներ, միջազգային հանրությունն էլ ճանաչեր այս ինքնորոշման դրսեւորումը ՝ հանրաքվեն, ապա ոչ մի խնդիր չէր լինի»,-այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը։
Նրա խոսքով՝ անընդհատ խոսում են նշաձողի մասին, Մադրիդյան սկզբունքները խնդիր են, Կազանյանն՝ այս է, այն է, բայց որեւէ մեկը չի կարող մատնանշել, թե ինչ է անում իշխանությունը, ուր են տանում գործընթացը․ «Այս մարդիկ չեն խոսում իրենց անելիքների մասին, թե որն է իրենց ծրագիրը, ինչ քայլեր են անում Ղարաբաղի հետ կապված, որն է տեսլականը եւ ուր են տանում, օրինակ ասեն՝ ուզում ենք Արցախն ինքնորոշվի կամ Արցախի այս խնդիրն այսպես լուծենք եւ այլն։ Ընդամենը քննադատում են»։
Սահակյանը վստահ է՝ «Դիմադրություն» շարժումը չի մարելու, այն հաջողելու է, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ սա սոցիալական խնդիր չէ, սա ժողովրդավարության իրավունքների պաշտպանության խնդիր չէ․ «Սա հայ մարդու անվտանգ ապրելու օրհասական խնդիրն է, որն առաջացել է այս իշխանությունների առաջացման օրոք։ Փորձում են շարժումը պիտակավորել, որեւէ ուղղությամբ շեղել, գտնել շարժման առաջնորդ, որին մեկ-երկու օրվա ընթացքում շարքից կհանեն, եւ տապալեն շարժումը։ Չի ստացվի, որովհետեւ այնտեղ կա հայի ոգին, կա էներգետիկա, մարդիկ գալիս են, որովհետեւ մեր երկիրը վտանգված, Արցախը վտանգված է։ Հույս չունենաք, որ շարժումը մարելու է, մարդիկ ինքնակամ են գալիս»։
Նրա խոսքով՝ Արցախի բարձրագույն իշխանությունը գոնե այս փուլում պետք է իր վճռական տեսակետը հայտնի՝ այս կողմն է, թե՞ այն կողմն է․ «Եթե ինչ-որ տարբեր խաղերի կամ գործընթացների մեջ են, այս դեպքում Արցախի ամբողջ ժողովուրդը պետք է իր վերաբերմունքն Արցախի իշխանության մասին շատ արագ հայտնի, դա կլինի հանրահավաքների միջոցով, թե տարբեր ձեւերով, թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ տարածքի բնակչություն է որոշում, թե ինչ սկզբունքով եւ կարգավիճակով ապրի, հետեւաբար ինքնորոշման իրավունքը շատ ավելի գերակա է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ