«Անձամբ ինձ համար անհնար էր մասնակցել այս վատ բեմադրված ներկայացմանը, որի գլխավոր դերակատարը Գագիկ Ջհանգիրյանն էր: Շատ վատ խաղաց, բոլորովին չհամոզեց»,- հանդիպման կեսից դուրս գալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից՝ այսպիսի կարծիք հայտնեց «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հեղինակ, 44-օրյա պատերազմում իր որդուն կորցրած Ալիսա Գևորգյանը:
Հիշեցնենք՝ ինչպես հայտնել էինք, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ այսօր հավաքվել էին 2020թ․ պատերազմում զոհվածների ծնողներն ու դիմադրության շարժման անդամները։ Վերջիններս սատարում են ծնողների պահանջը՝ վերանայել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երեկվա որոշումը, որով ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելվեց ներկա լինել դատական նիստին, եւ բոլոր ցանկացող ծնողներին ներգրավել որպես տուժող։
Ալիսա Գևորգյանը վրդովված շարունակեց. «Իրենց թվաց, թե էժանագին շուստրիությունները բոլորի վրա ազդեցին: Ոչ, անձամբ ես չեմ շարունակի: Մյուսները՝ չգիտեմ. մենք դուրս եկանք»:
Ալիսա Գևորգյանը տեղեկացրեց՝ Գագիկ Ջհանգիրյանը նախ մեղադրել է ծնողներին, թե քաղաքական ուժերն են նրանց օգտագործում: Այս առիթով Գագիկ Ջհանգիրյանին դիմելով՝ ասաց. «Պարոն Ջհանգիրյան, այդ Ձեզ ու ձեր նմաններին կարող են վերցնել ու օգտագործել: Եթե տեղյակ չեք՝ այս երկրում դավադիր պատերազմ է տեղի ունեցել, որի պատճառով մենք մեր զավակներին ենք կորցրել: Ձեր նման դերասանները էսօր նստած շատ վատ բեմադրված ներկայացման մաս են կազմում: Ամոթ ձեզ»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարելի՞ է ասել, որ Գագիկ Ջհանգիրյանը ստանձնել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանի դերը, Ալիսա Գևորգյանն արձագանքեց. «Դա ակնհայտ էր: Ամբողջ ապարատը լծվել է մեկ անձի պաշտպանության գործին, բայց անգամ ձևական կողմը չի պահպանվում: Նաև բարոյական բոլոր արժեքները մինչև վերջին խազն իջեցվել են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ