Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չէի՞ր երազի, որ հիմա քո առաջ մի հատ մադրիդյան փաստաթուղթ դրված լիներ». Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 26,2022 17:20

«Դաշնակցություն քաղաքական ուժի և որևէ դաշնակցականի ունեցվածքը տարբեր է: Դա անհատական որոշում է: Ես չգիտեմ՝ ումն է, մենք էլ մասնավոր անձանց չենք դիմել, որ գործադուլ անեն, այլ համընդհանուր կոչ ենք արել»,-լրագրողների դիտարկմանը՝ բոլորին կոչ են անում գործադուլ անել, մինչդեռ «Հայաստան» դաշինքին հարող գործարարների բիզնեսները գործում են, օպերայի տարածքում գործում է դաշնակցականի սրճարանը, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Մյուս հարցին՝ որքանո՞վ էր նպատակահարմար շրջափակել ՀՀ նախագահի նստավայրը, երբ նա երկրում չէր, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նախագահականում կա 155 աշխատակից, դրանցից մի փոքր ավելի քիչ Անվտանգության խորհրդի շենքում, որը ևս շրջափակել էինք: Խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն էր: ՀՀ արժանապատիվ քաղաքացին շուրջ երեք ժամ երկու պետական կարևոր հաստատություն շրջափակել էր, կասեցրել դրանց աշխատանքը, և մեր առաջ դրված խնդիրն ամբողջությամբ լուծել ենք»:

Իսկ թե ինչո՞ւ չեն շրջափակում ՀՀ կառավարության շենքը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Կգա ժամանակն ու օրը, երբ կշրջափակվի նաև կառավարության շենքը: Ըստ օրվա, ըստ տվյալ օրվա ռեսուրսի և նպատակահարմարության՝ կգա այդ օրը և այդ շենքը կշրջափակվի»:

Հարցին՝ արդյոք Արցախի հարցը պե՞տք է տարանջատել սահմանագծման ու սահմանազատման, խաղաղության պայմանագրի հարցերից, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատճառաբանելով, որ միջազգային հանրությունը նման պահանջ ունի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նախ ընդհանուր մեկ փաթեթային լուծում է պետք և ամբողջական: Այն, ինչ պնդում է Նիկոլ Փաշինյանը և հաճախ իր ասածները հիմնավորելու համար ասում է միջազգային հանրության պահանջ, մենք նման հստակ պահանջի ձևակերպում չենք տեսել: Ալիևի և Նիկոլի պայմանավորվածության արդյունքում է այդ ամենը տեղի ունենում: Երեկ հստակ հնչեցրել ենք այն նվազագույն կարմիր գծերը, որով պետք է առաջնորդվի ցանկացած հայամետ ու հայանպաստ իշխանություն: Առանձին-առանձին չի լինի: Հարցը պետք է լուծվի փաթեթային և ամբողջական: Չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանք, երբ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխանության տարածքում: Չի կարելի խոսել, հակահայկական է խոսել Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ մոռանալով կարգավորման բոլոր խնդիրները: Դրանք միմյանց հետ փոխկապակցված են: Դա նշանակում է առանձին-առանձին հանձնել մեր երկիրը: Այդպես մենք կորցրել եք տարածքներ Սյունիքում ու Արցախում»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ արտահերթ նիստին, որն իրենք են պահանջել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «ԱԺ արտահերթ նիստը ջրբաժան է վերջնական, նաև այն հայրենակիցների համար, որոնք դեռ մի նշույլ կասկածում են, որ օրվա չարիքի կառավարությունը տանում է երկիրը նոր զիջումների: Արտահերթ նիստ հրավիրելու պահանջ ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները: Երկու խմբակցությունների պատգամավորներն էլ ներկա կլինեն: Այստեղ խնդիրն է՝ ԱԺ մեծամասնությունը ներկա լինելո՞ւ է: Կամ պետք է գան ու դեմ քվեարկեն մեր փաստաթղթին՝ հիմնավորելով, որ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, կամ պետք է տապալեն նիստը: Երկու պարագայում էլ իրենք մտնում են փակուղի: Եվ ամենևին պատահական չէ այս արտահերթ նիստի նախաձեռնությունը: Նիստը պետք է տեղի ունենա հունիսի 3-ին»:

Հարցերին ի պատասխան Իշխան Սաղաթելյանն ասաց՝ չի կարծում, որ իրենց պայքարը ամիսներ կտևի: Այնուհետև վստահեցրեց՝ պայքարը չի կարող կասեցվել ու պարտվել, քանի որ պարտությունը կլինի հայ ժողովրդի պարտություն:

Լրագրողները հիշեցրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ամեն ինչ այնքան է անլրջացնում, որ ընդամենը պետք է իրեն հարց տալ՝ չէի՞ր երազի, որ հիմա քո առաջ մի հատ մադրիդյան փաստաթուղթ դրված լիներ: Ինչքա՞ն կարելի է մոլորեցնել մարդկանց: Ասում է, թե նախկինները անոնս արեցին պատերազմի, գնացին: Այդ դեպքում իշխանության գալուց ինչո՞ւ չհայտարարեց, որ կանգնած ենք պատերազմի առաջ: Էս մարդը մի կոդ ունի՝ մեղավոր են բոլորը, բացի ինձնից»:

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց՝ այսօր՝ 16.30-17.00 տեղի կունենա երթ, իսկ 19.00-ին՝ հանրահավաք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031