Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այնպես անել, որ Հայաստանը սպորտային քարտեզում իր տեղն ունենա». 200 մլն դրամով ավելացվել են մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները

Մայիս 26,2022 16:15

ՀՀ կառավարությունը մայիսի 26-ին կայացած նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Այս նախագծով ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն կավելացվի 200 մլն դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Այն բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության և մարզիկների լավագույն մարզավիճակի ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:

Մասնավորապես, ֆինանսական միջոցներ են հատկացվելու Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, մարմնամարզության, ձյուդոյի, բասկետբոլի, հրաձգության, սուսերամարտի, թենիսի և վոլեյբոլի ֆեդերացիաներին, ինչպես նաև «Լողի հայկական դաշնություն» ՀԿ-ին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը զեկուցել է՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը բխում է նաև 3 հիմնական պատճառներից. «Մենք մեր օրակարգը պետք է համապատասխանեցնենք միջազգայինի հետ: Միջազգային մի շարք առաջնություններ են ավելացել, մասնավորապես՝ մինչև 23 տարեկանների և կրտսեր տարիքի պատանիների առաջնությունները, ինչի հետևանքով ավելացել է նաև ուսումնամարզական հավաքների քանակը: Սա պայմանավորված է նաև նրանով, որ 2020-2021 թվականներին նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են և կանցկացվեն 2022 թվականին»:

Բացի դրանից՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է՝ ըստ էության վերականգնվում է ֆեդերացիաների ֆինանսավորումը՝ պայմանավորված 2020-2021 թվականների կրճատումներով, երբ քովիդով պայմանավորված՝ բյուջեում կրճատումներ եղան, և մի շարք մրցումներ չեղարկվեցին. «Հիմա միջազգային մրցումների թիվն ավելացել է, դրանց լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ: Նախկին հատկացումներն արդեն չեն բավարարում ֆեդերացիաներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս նախագծի ընդունումը. «Սրա հետ մեկտեղ պետք է նաև այնպես անենք, որ նմանօրինակ որոշումները կայացնենք ճիշտ ժամանակին՝ ավելի արդյունավետ աշխատելու և լավագույն արդյունքներ ապահովելու համար: Նպատակ ենք դրել ՀՀ-ում միջազգային մրցաշարեր անցկացնել ու այնպես անել, որ Հայաստանը սպորտային քարտեզում իր տեղն ունենա: Այս համատեքստում ևս կարևոր նախագիծ ենք ընդունում»:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել