Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը

Մայիս 26,2022 16:11
mayr ator

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը, որի կազմում ընդգրկվում են Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:

Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված է.

«ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

Գոհութիւն և փառք Երկնաւորին, որ Իր Ամենախնամ Սուրբ Աջի ներքոյ զօրացնում է առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին և երկնառաք բիւր շնորհներով լուսազարդում հայոց հոգևոր-եկեղեցական կեանքը ի Հայրենիս և ի Սփիւռս:

Այսօր տէրունաւանդ հոգեխնամ առաքելութեան բարուօք իրագործումով մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է մեր հաւատացեալ զաւակներին Տիրոջ կենարար խօսքը մատուցել և նրանց առաջնորդել Տէր Յիսուս Քրիստոսի պարգևած փրկութեան ճանապարհով: Տէրունապատուէր այս ծառայութիւնն արգասաւորուում է նաև եկեղեցավարչական կեանքում բարեկարգումների իրականացումով, եկեղեցական կառոյցների ներքոյ համայնքների վերակազմակերպումով:

Բալկանեան երկրներում վերջին տասնամեակների ընթացքում հաստատուած հայորդեաց հոգևոր կարիքների խնամատարութեան, հայ համայնքների ազգային-եկեղեցական կեանքի առաջընթացի համար ներկայիս հրամայական է դարձել Հայրապետական Պատուիրակութեան հաստատումը: Առաջնորդուելով առկայ իրավիճակից բխող անհրաժեշտութեամբ՝ հռչակում ենք Բալկանեան երկրների Հայրապետական Պատուիրակութեան հաստատումը և տուեալ տարածաշրջանի հայ համայնքները միաւորում Պատուիրակութեան հովանու ներքոյ: Բալկանեան երկրների Հայրապետական Պատուիրակութեան կազմում ընդգրկում ենք Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հիւսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական համայնքները: Հայրապետական պատուիրակի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերշ, Տ. Տաթև եպիսկոպոս Յակոբեանին: Հաւատաւոր Մեր զաւակներին հայրաբար յորդորում ենք աջակից ու զօրակից լինել Հայրապետական Պատուիրակին, միասնական ջանքերով լծուել Պատուիրակութեան առաքելութեան արդիւնաւորմանը:

Պատուիրակութեան հովանու ներքոյ եկեղեցական կառոյցների և հաւատաւոր Մեր զաւակների համախմբումով առաւել պիտի ամրապնդուի հայորդիների հաւատքը և հաւատարմութիւնը ազգային-եկեղեցական աւանդներին: Գոհունակութիւն է Հայրապետիս համար, որ Բալկանեան երկրների Պատուիրակութեան սահմաններում ապրող հայորդիներն իրենց հիւրընկալած երկրների և եղբայր ժողովուրդների հետ բարեկամութեան ամրապնդմամբ, ստեղծագործ կեանքով, ազնիւ աշխատանքով բարի նպաստ են բերում այդ պետութիւնների առաջընթացին: Նորաստեղծ Պատուիրակութեան հովանու ներքոյ մեր ժողովրդի զաւակները շարունակելու են իրենց աստուածահաճոյ ընթացքը՝ զօրացեալ հաւատքով և եկեղեցանուիրումով: Նորահաստատ Պատուիրակութեան հանգամանքը խթան պիտի լինի նաև նոյն տարածաշրջանում գործող Քոյր Եկեղեցիների հետ գործակցութեան և փոխյարաբերութիւնների ամրապնդման, մեր հաւատակից ժողովուրդների միջև սիրոյ և եղբայրութեան զօրացման:

Մաղթում ենք, որ հոգևորականաց և հաւատացելոց ջանքերով և քաջեռանդ գործունէութեամբ բարգաւաճեն Պատուիրակութեան հովանու ներքոյ հայ համայնքները: Այս ուրախ առիթով Հայրական Մեր սէրն ու օրհնութիւնն ենք բերում Հայրապետական Պատուիրակին, Պատուիրակութեան հոգևոր դասին և բարեպաշտ հաւատացեալներին: Հաւատում ենք՝ բարեպաշտ Մեր զաւակների աջակցութեամբ և ազգայինների զօրակցութեամբ, պիտի արգասաւորուի հոգևոր դասի առաքելութիւնը, և նոր իրագործումներով վերընձիւղուի ու ծաղկի Մեր սիրելի զաւակների ազգային-եկեղեցական կեանքը:

Աղoթում ենք առ Բարին Աստուած, որ նորաստեղծ Պատուիրակութեան ներքոյ շէն պահի հայ կեանքն ու համայնքները՝ բարօրութիւն և յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին: Թող Աստուած հանապազ օրհնութեամբ Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի աշխարհասփիւռ մեր ժողովրդին, և թող յաւէտ պայծառ ու անսասան լինի Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Հաստատո´ւն կացէք ի հաւատս, ժրացարո´ւք, զօրացարո´ւք: Ամենայն ինչ ձեր սիրո´վ լիցի» (Ա Կորնթ. 16.13-14):

 

Օրհնութեամբ`

 

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

 

Տուաւ Կոնդակս ի 26-ն մայիսի

յամի Տեառն 2022 և ի թուին հայոց ՌՆՀԱ

ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 1186»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031