Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջհանգիրյանն ասաց, թե մենք թույլ ենք տալիս, որ մեզ քաղաքական որոշ ուժեր օգտագործեն»․ Կարին Տոնոյան

Մայիս 26,2022 15:53

Ինչպես հայտնել էինք, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ այսօր հավաքվել էին 2020թ․ պատերազմում զոհվածների ծնողներն ու դիմադրության շարժման անդամները։ Վերջիններս սատարում են ծնողների պահանջը՝ վերանայել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երեկվա որոշումը, որով ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելվեց ներկա լինել դատական նիստին․ ծնողներն այսօր ԲԴԽ-ից պահանջում էին հանդիպել, խնդրին լուծում տալ, բայց այդ՝ բոլոր ցանկացող ծնողներին ներգրավել որպես տուժող։

Հանդիպումը քիչ առաջ վերջացավ, եւ 5165 շարժման առաջնորդ, պատերազմում որդուն կորցրած Կարին Տոնոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպել են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ եւս մի քանի անդամների հետ․ «Խոսվեց ամեն ինչի մասին։ Մենք պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցվի եւ այդ հոդվածով մենք տուժող ճանաչվենք։ Լսվեց մեր բողոքը, որ նիստերը լինեն դռնբաց, որ դատավոր Կարեն Բիշարյանի հետ կապված մենք տեսնում ենք բացահայտ բացասական վերաբերմունք մեր հանդեպ։ Մեզ ընդամենը խորհուրդ տվեցին այս ամենը դատավարական համապատասխան կարգով անել»։

Կարին Տոնոյանը շեշտեց՝ քանի որ ծնողները ճանաչված չեն որպես դատավարության երրորդ կողմ, միջնորդություն անելու իրավունք չունեն․ «Պետք է ներկայացնեն Արծվիկ Մինասյանն ու փաստաբանը։ Նիստն ամսի 30-ին է, եւ նրանք միջնորդություն կներկայացնեն։ Ոնց հասկացանք՝ նախատրամադրվածությունը դրական է, բայց եթե մեր ցանկությունը չբավարարվի, ապա նորից գալու ենք այստեղ եւ բողոքելու։ Հուշումն էր այդպիսին, որ նախատրամադրվածությունը դրական է։ Պարոն Ջհանգիրյանն ասաց՝ ինձանից պահանջում եք հրամայել, բայց ես դա անել չեմ կարող, չեմ կարող հրամայել, որ նիստերը դռնբաց լինեն։ Ասվեց, որ դռնբաց նիստ անելու համար դատախազն ու փաստաբանը պետք է միջնորդեն։ Բառացի պարոն Ջհանգիրյանն ասաց՝ եթե ձեր պահանջը չբավարարվի, համեցեք, նորից կլսենք։ Այստեղ ենթատեքստ կա, որ մեր պահանջները հաշվի կառնվեն։ Համոզված եմ, որ մեր այսօրվա գործողությունները դրական հետեւանք կթողնեն։ Ժողովուրդն է իշխանությունը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հայտարարեց՝ պարոն Ջհանգիրյանը կամ տեղյակ չէ, կամ իրեն սխալ են զեկուցել, որովհետեւ իրենք արդեն իսկ միջնորդել են դատավորին, որ բացարկ հայտնի, որովհետեւ կանխակալ մոտեցում են զգացել, սակայն այն մերժվել է։ Միջնորդել են նաեւ որպես երրորդ անձ ներգրավել ծնողներին, սակայն այդ միջնորդության քննության ժամանակ եղել է հիշյալ միջադեպը․ «Ընդմիջումից հետո դատավորը եկավ եւ որոշեց փակ անցկացնել նիստերը։ Խնդիրն այն է, որ նույն պահին եւ դրանից հետո, երբ նիստը հետաձգվում էր մինչեւ երկուշաբթի, մենք միջնորդել ենք վերանայել դատավորի որոշումը, մերժվել է։ Այնպես որ, պարոն Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ իրեն սխալ տեղեկություն են տվել։ Երկուշաբթի, ամեն դեպքում, նորից կներկայացնենք միջնորդություն»։

Ապա Կարին Տոնոյանը հաստատեց ծնողների մի մասի հայտարարությունները, որ Գագիկ Ջհանգիրյանը ծնողներին մեղադրել է քաղաքական ուժերի կողմից օգտագործվելու մեջ․ «Այո, հենց սկզբից պարոն Ջհանգիրյանը մեզ դիմավորեց նախաբանով, որ մենք թույլ ենք տալիս, որ մեզ քաղաքական որոշ ուժեր օգտագործեն իրենց նպատակների համար։ Շատ խիստ եմ պատասխանել։ Նրան դուր չէր գալիս իմ հրամայական տոնը։ Ծնողներս, առավել քան որեւէ մեկը, իրավունք ունենք պահանջատեր լինելու եւ եթե պետք լինի՝ հրամայական տոնով խոսելու։ Ասացի՝ մեր երկրում չի կարող լինել մի ուժ, որը ծնողներին գործիք կդարձնի։ Հակառակը, բոլորը պետք է աջակցեն ծնողներին։ Մատնանշեցի, որ իրենք են նախկին-ներկա տարանջատում անում, եւ ապագան ծնողներինն է։ Պահանջեցինք, որ քաղաքական խոսակցություն տեղի չունենա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031