Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարությունը ուսուցիչների մեծ մասին չի համոզել». Կրթության փորձագետ

Մայիս 26,2022 15:41

Մայիսի 16-ից սկսվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը, որը կտեւի մինչեւ հունիսի 7-ը, ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Ըստ ԿԳՄՍ նախարարության, դա բարձր աշխատավարձ ստանալու գրավական է:

«Մեդիա կենտրոնում» կայացած «Կամավոր ատեստավորում. ուսուցիչների համար հնարավորություննե՞ր, թե՞ խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Տաթեւ Սարդարյանն ասաց, որ աշխատավարձի բարձրացման մասին լուրն, իհարկե, միշտ էլ ուրախացնող է, բայց թե ինչ մեխանիզմներով է անցյալ տարի իրականացվել ատեստավորումը եւ ինչպես է շարունակվելու այս տարի` բազմաթիվ հարցականներ կան: «Ի վերջո, սոցիալական անարդարության լուրջ հիմքեր են ստեղծվելու»,-մտավախություն հայտնեց տիկին Սարդարյանը:

«Ցանկացած նորամուծություն իրականացնելուց առաջ պետք է լավ նախապատրաստել, անպայման համակարգի շահառուների հետ քննարկումներ անցկացնել: Այդ իմաստով այս գործընթացում որոշակի խնդիրներ կան»,-ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու գնացինք այս ճանապարհով: Ինչու ընտրեցինք հենց առարկայական թեստերով գիտելիք ստուգելը…Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչու այս քայլը կատարվեց, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունը հասկացավ, որ ուսուցիչների լրջագույն խնդիր է լինելու, ուսուցիչները պակասում են: Մարդիկ չեն ընդունվում մանկավարժական բուհեր, որոշ առարկաների գծով տեղերը թափուր են մնում:

Այս տարի նոր բացասական զարգացում ունենք` Շիրակի եւ Վանաձորի պետական համալսարաններում մաթեմատիկայի ֆակուլտետներ դիմորդներ չունենք: Այսինքն, արդեն մաթեմատիկայի ուսուցիչներին է հերթը հասնում` քիմիայի ու ֆիզիկայի ուսուցիչներից հետո: Դրա համար նախարարությունը որոշեց նման մրցակցային համակարգ դնել, որի շնորհիվ կարողանա մարդկանց դպրոց բերել… Որ մարդիկ իմանան` կարող են ստանալ 260-ից 400 հազար աշխատավարձ եւ գալ դպրոց»:

Սերոբ Խաչատրյանը միեւնույն ժամանակ հավելում է. «Անցկացման ձեւը եւ մոտեցումները բավականին խնդրահարույց են: Ուսուցիչների մեծ մասին նախարարությունը չի համոզել, որ սա շատ լավ ձեւ է, որովհետեւ կան մի շարք հակափաստարկներ: Շատ ուսուցիչներ ասում են` ինչու մյուս ոլորտներում այդպես չէ, ինչու, օրինակ, բժիշկների ու մյուսների, պաշտոնյաների համար նման համակարգ չի սահմանվում, թե եկեք ձեզ տանք ցածր աշխատավարձ, քննություն տվեք,եթե բարձր ստանաք, նոր կբարձրացնենք ձեր աշխատավարձը»:

Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից նպատակահարմար չէին գտել մասնակցելու քննարկմանը՝ հիմնավորմամբ, որ թեման բազմիցս քննարկվել է, եւ ավելացնելու ոչինչ չունեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031