Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի այս տարվա տնտեսական ցուցանիշներին: «Վիճակագրության կոմիտեն, ինչպես արդեն ասացի երեկ Ազգային ժողովում, հրապարակել է ապրիլ ամսվա վիճակագրական տվյալները, և պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ՝ այդ տվյալները գնահատում եմ լավատեսական: Ինչո՞ւ: Որովհետև այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Իսկ 4 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս: Հիշեցնեմ, որ մենք խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել:
Ուզում եմ արձանագրել մի քանի կարևոր ցուցանիշներ: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ մենք ունենք շինարարության ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ՝ 9 տոկոս աճ: Առևտրի շրջանառության 8.6 տոկոս աճ ունենք նախորդ տարվա ապրիլի նկատմամբ, իսկ 4 ամիսներին՝ 7.8 տոկոսի աճ: Եվ այս առումով ուզում եմ կոնկրետացնել, որ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ՝ նախորդ տարվա համեմատ ունենք 574 մլրդ 697 մլն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն: Այսինքն՝ նախորդ տարվանը գումարած այսքան, ինչը կազմում է ավելի քան 1 մլրդ 200 մլն դոլար: Այսինքն՝ մեր առևտրային շրջանառությունն այդքանով աճել է: Իսկ ՀԴՄ-երով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 մլն հատով ավելի գործարք ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Եվ այս առումով, դա երևում է նաև վիճակագրության ցուցանիշներից: Ծառայությունների աճն ապրիլի նկատմամբ կազմել է 27.1 տոկոս, 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 23.5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության աճը, որը շատ կարևոր ցուցանիշ է, ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է 5.8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ՝ 14.1 տոկոս: Շատ կարևոր եմ համարում արձանագրել արտահանման աճը. ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 19.8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 25.2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Սա նույնպես չափազանց կարևոր ցուցանիշ է:
Կարդացեք նաև
Ամփոփված է նաև առաջին եռամսյակի տնտեսական աճը: Առաջին եռամսյակի մեր տնտեսական աճը 8.6 տոկոս է, ինչը շատ լավ ցուցանիշ է: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ 2022 թվականի ապրիլի արդյունքներով մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձերի նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապրիլի արդյունքներով ունենք 664 736 աշխատատեղ, որը նախորդ բացարձակ ռեկորդի՝ 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի, նկատմամբ ավելի է 5265-ով, 2021 թվականի ապրիլի նկատմամբ ավելի է 28 322-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ ավելի է 123 310 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է եկել լրացուցիչ նոր 123 310 աշխատատեղ: Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, աշխատավարձերի աճն է: Նախորդ տարվա ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 000 դրամ, իսկ 2018-ի ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 000 դրամ»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրերս պետական բյուջեի, միջնաժամկետ ծախսերի ծրագրին նվիրված քննարկմանը, նշել է. «Առաջին անգամ քննարկեցինք որոշակի կոնկրետությամբ առաջին եռամսյակի ծախսային մասը և ցավով արձանագրեցինք, որ ծախսային մասն ամբողջությամբ չէ, որ կատարել ենք: Մոտավորապես՝ 28 մլրդ դրամով մեր նախատեսածից ավելի պակաս ծախս ենք կատարել: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև եթե այդ ամբողջ ծախսերը մենք առաջին եռամսյակում կատարեինք, հաստատ կունենայինք ոչ թե 8.6 տոկոս տնտեսական աճ, այլ կունենայինք շատ ավելին, գուցե թե 9.6 տոկոս, գուցե ավելին: Եվ սա ասում եմ հետևյալ տրամաբանությամբ՝ բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին խնդրում եմ, կոչ եմ անում և պահանջում եմ՝ ուշադիր հետևել բյուջեին որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ: Վատնում ասելով՝ մենք հասկանում ենք, որ պետական գանձարանից փողը տարանք և աննպատակ օգտագործեցինք, բայց ծախսի համար, պետական, հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը նույնպես վատնելու ձև է»:
Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև միջոցի ծախսումը արդյունք ստանալու համար. «Փոխվարչապետին, որպես ծախսերի գծով պատասխանատուի, հանձնարարել եմ, որ առաջիկայում բոլոր թերակատարված կամ չկատարված տողերի հետ կապված հաշվետվություն պատրաստեն ըստ գերատեսչությունների: Այդ հաշվետվությունը ես կլսեմ, և համապատասխան հանձնարարականներ կտրվեն: Մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է ահա այս տնտեսական ցուցանիշների վրա, որոնք լավ են, նույնիսկ կներեք, շատ լավ են, բայց կարող էին շատ ավելի լավը լինել: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա և ակնկալում եմ, որ ծախսային հոդվածները նորմալ կկատարվեն»: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ եկամտային հոդվածների հետ կապված խնդիրներ չկան:
Կառավարությունը հաստատել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը
Կառավարությունը հաստատել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը և լրացում ու փոփոխություն կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ծրագրով նախատեսվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Կարգով սահմանվում են բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, ծրագրի իմաստով էներգաարդյունավետության չափանիշները, ծրագրի շրջանակում վերանորոգման վարկերի ծախսային ուղղությունները, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի տնօրինման կարգը, ծրագրի մշտադիտարկմանը, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվող և նախարարության կողմից հրապարակվող հաշվետվություններին վերաբերվող պահանջները։ Մասնավորապես, կատարվող լրացմամբ առաջարկվում է ծրագրի իմաստով վարկ դիտարկել ինչպես վերանորոգման վարկը, այնպես էլ ֆակտորինգը, հաշվի առնելով, որ մասնավորապես շինանյութերի, սարքավորումների, համակարգերի ձեռքբերման մասով կիրառելի է ֆակտորինգը: Առաջարկվում է ծրագրի համապատասխան ենթակետում վարկի սահմանաչափի մասով հանել 1քմ.-ի արժեքի մասով նշումը և թողնել միայն վարկի առավելագույն գումարը, հիմք ընդունելով ֆինանսական կառույցների ներկայացրած դիտարկումներն այդ դրույթի գործնական կիրառության տեսանկյան վերաբերյալ: Մասնավորապես, հսկողական մեխանիզմների, լրացուցիչ չափագրական նյութերի անհրաժեշտության տեսանկյունից: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է փոքր մակերեսով բնակարանում իրականացվեն ավելի ծախսատար աշխատանքներ և հակառակը՝ մեծ մակերեսով բնակարանի դեպքում իրականացվեն ավելի փոքր ծավալի աշխատանքներ՝ ելնելով վերանորոգման կարիքներից և ֆինանսական կառույցի կողմից հաստատվող վարկի չափից: Բոլոր բանկերը ներգրավված են ծրագրում, վարկերը տրվելու են 7 տարի ժամկետով և 7 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն համապատասխան տոկոսներով սուբսիդավորելու է վարկը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն նման որոշում ընդունելիս փորձ է արվում մի քանի խումբ խնդիրներ լուծել. ցանկացած որոշում անպայման պետք է լրացուցիչ արդյունքներ էլ ունենա. «Այս ծրագիրն այդպիսի շատ կարևոր օրինակ է: Ուզում եմ հիշեցնել, թե սրանով ինչ նպատակադրումներ ունենք: Առաջինը՝ սրանով մենք փորձում ենք մեր քաղաքացիներին աջակցել, որպեսզի բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը, որակը բարձրացվի: Այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր՝ բնակարաների նորացման, ռենովացիայի համար: Հայաստանում բնակարանային ֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք և հատկապես՝ գյուղական վայրերում այդ խնդիրը չափազանց լուրջ է: Երկրորդ՝ մենք ունենք ոչ ռացիոնալ մակերեսների խնդիր: Խորհրդային միության ժամանակներում բնակարանները կառուցվել են ոչ ռացիոնալ չափերի, և մենք հիմա ուզում ենք քաջալերել և հույս ունենք, որ բանկային համակարգը մեզ կօգնի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն: Դա կարևոր է մանանավանդ հիմա, երբ տուրիզմի ոլորտում ծրագրեր կան, որոշակի ակտիվացում կա: Հաջորդը՝ մենք պարտադիր պայման ենք դնում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար: Սա նույնպես չափազանց կարևոր է: Հաջորդ խնդիրը՝ մենք հույս ունենք, որ այս վարկի ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր հատվածում կստեղծվեն աշխատատեղեր»:
Վարչապետը ծրագրի կարևոր նպատակներից է համարել նաև տարածքների համաչափ զարգացմանը նպաստելը. «Վարկերը սուբսիդավորվում են այդ տրամաբանությամբ: Այսինքն՝ բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը, իսկ կառավարությունը կսուբսիդավորի այն տրամաբանությամբ, որ սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի 0, գյուղական համայնքներինը՝ 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ծրագրով ստացած վարկային միջոցների առնվազն 70 տոկոսն անկանխիկ ծախսելու պայմանն էլ իր հերթին կնպաստի առևտրաշրջանառության մեծ ստվերի կրճատմանը:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Մասնավորապես, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ կարելի է սահմանել նաև անշարժ գույքի համար էներգաարդյունավետության ստանդարտներ. «Մենք կկարողանանք հետագայում իրավունքի գրանցման ժամանակ անշարժ գույքը գրանցել որպես էներգաարդյունավետ անշարժ գույք և տալ համապատասխան դաս: Դրանից կախված արդեն շինության արժեքը, վարձակալության, գրավադրման արժեքներն էլ հնարավոր է այս պարագայում վերանայել և այլ մոտեցում ցույց տալ: Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ շինությունն ունենում է էներգաարդյունավետության դասակարգում»:
Վարչապետը կարևորել է թեմայի առնչությամբ ներկայացրած առաջարկները, որոնք անպայման պետք է վերածվեն քաղաքականությունների մշակման գործընթացի:
Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Առաջարկվում է նաև համայնքներում վերացնել գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Նախատեսվում է, որ համայնքի գլխավոր ճարտարապետին վերապահված վարչական գործառույթները կիրականացնի համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ մասնագիտական գործառույթները՝ աշխատակազմի մասնագետները և մասնագիտական խմբերը: Կկհստակեցվեն համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստ հրավիրելու ժամկետը, համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 2016 թ.-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 72 համայնք: Ըստ նախարարի, օրինագծով առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գրեթե բոլոր համայնքներում այդ գործընթացը պետք է իրականացվի. «Իհարկե կան որոշ բացառություններ, ասենք՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները: Բացառության մյուս պարագան կարող է լինել հետևյալը, երբ մենք տեսնենք, որ համայնքները խոշորացնելու դեպքում բնակչության թվի անհամաչափ մեծացում է տեղի ունենում: Այսինքն՝ միայն այս երկու դեպքում կարող ենք բացառություն անել: Մի շարք մարզերում, օրինակ՝ Տավուշի մարզում, ամբողջությամբ այս գործընթացն ավարտված է»:
Վարչապետը նշել է, որ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ նաև քաղաքական շահարկումներ են տեղի ունենում: «Բացի տնտեսական արդյունավետությունից, մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս: Սա շատ կարևոր հանգամանք է՝ ժողովրդավարության ավելի մեծ հարթակ ենք բացում: Մենք համայնքների հզորացման գործընթաց ենք սկսել, ինչը նշանակում է, որ իշխանությունը հնարավորինս մոտեցնում ենք քաղաքացուն, այսինքն՝ քաղաքացու անմիջական որոշման տիրույթ ավելի շատ հարցեր ենք պատվիրակում: Ես ուզում եմ այս քաղաքական փոփոխությունն էլ մենք գնահատենք. նախկինում քաղաքացին ընտրում էր հնարավորինս փոքր համայնքի ղեկավար, հետո ընտրում էր Ազգային ժողով, հետո ընտրում էր նախագահ: Հիմա մենք հակառակ պրոցեսն ենք անում, իշխանության որոշակի, ըստ էության, հսկիչ փաթեթն ավելի մոտեցնում ենք քաղաքացուն. ավագանի և քաղաքապետ՝ իր լիազորություններով, հաջորդը՝ խորհրդարանական ընտրություններ, պատգամավորներ: Այսինքն՝ իշխանության և քաղաքացու կապն օրգանապես ավելի ուժեղ է դառնում, և սա շատ կարևոր հանգամանք է, և ուրախ եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մենք դարձրել ենք համամասնական: Այսինքն՝ այստեղ էլ ենք քաղաքական հարթակ ստեղծել, որպեսզի քաղաքացին, որպես քաղաքական ինստիտուտ, ավելի մեծ լծակներ ունենա և հետագայում իր կայացրած որոշումը տեղում գնահատելու ավելի մեծ հնարավորություն ունենա: Եվ սա շատ կարևոր պրոցես է, և պետք է այս պրոցեսը հետևողականորեն առաջ տանենք ամբողջ հանրապետությունում», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, ոչ հաջորդ փուլով նախատեսվում է կառավարության կողմից իրականացվող տարածքային քաղաքականության մոդելի փոփոխություն, անդրադարձ կլինի մարզպետարաններին և մարզերի կառուցվածքներին:
Կառավարությունը հավանություն է տվել նաև ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական ճգնաժամերին դիմակայելու և սոցիալական ռիսկերի կառավարման, աղքատության կանխարգելման քաղաքականությանը: Սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն:
Հավանություն է տրվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու և ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետևանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ: Դրա համաձայն կհաստատվի ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգը, ինչն էլ հնարավորություն կնձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ
Գործադիրի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ և մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցելու համար: Մասնավորապես, գումար է հատկացվելու Հայաստանի բասկետբոլի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի, հրաձգության, ձյուդոյի, մարմնամարզության, սուսերամարտի, վոլեյբոլի, թենիսի ֆեդերացիաներին, «Լողի հայկական դաշնություն» ՀԿ-ին: Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվեն Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում միջազգային մարզական միջոցառումների անցկացումը՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհի մարզական քարտեզի վրա պետք է տեղ ունենա: Իսկ դա, ըստ վարչապետի, պահանջում է ամենօրյա աշխատանք:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն «Սոլարա», «Սոլար-5» և «Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊԸ-ները:
«Սոլարա» ընկերությունը ներմուծվող ապրանքներով ձեռք է բերելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։ Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։ Արդեն իսկ իրականացվել է 355.7 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նաախատեսվող ներդրումները կազմում են մոտ 3.1 մլրդ դրամ։ Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների ձեռքբերման, ալյումինե հոսքագծի ձեռքբերման կանխավճարի կատարման համար։ Ներդրումների մյուս մասը նախատեսվում է իրականացնել ձեռքբերված տարածքների վերականգնման, վերանորոգման, նոր շենք-շինությունների կառուցման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ձեռքբերման և դրանից հետո աշխատանքի կազմակերպման և իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-210 նոր աշխատատեղ` մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 446.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22.3 մլն դրամ:
«Սոլար-5» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել 5ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում, շինարարական և մոնտաժային աշխատանքներ։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին: Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 10 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 262 մլն ՀՀ դրամի։ 2018 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է կատարել մոտ 1,9 մլրդ դրամ ներդրում: Արդյունքում կստեղծվի 6 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 322 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.4 մլն դրամ:
«Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքներով Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում կկառուցի 1ՄՎտ հզորությամբ արևային կայան, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում, շինարարական և մոնտաժային աշխատանքներ։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին: Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 2 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 52.5 մլն ՀՀ դրամի։ 2017թ. հիմնադրված ընկերության ծրագրի շրջանակրում նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 430 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 63.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ:
Կապահովվի պատմամշակութային հուշարձանների վերականգնման գործընթացը
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է 8,260.0 հազար դրամի չափով վերաբաշխում կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեում՝ Շիրակի մարզի Աշոցք տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: «Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը կառուցվել է 1892թ.-ին Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հանդիսանում է հիմնական կապող ճանապարհ հարևան Սեպասարի գյուղի հետ և ներկայումս գտնվում է վթարային վիճակում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 59,110.3 հազար դրամ կուղղվի Լոռոի Բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը: Ըստ հիմնավորման՝ Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման որոշ աշխատանքներ իրականացվել են դեռևս 2012-2013թթ.: Լոռու Բերդ ամրոցի պարսպի հարավ-արևմտյան հատվածի վերականգնման համար ներկայումս մշակվում են գիտանախագծային փաստաթղթեր: Գումարը հատկացվում է պարսպի վերականգնման աշախատանքներն ամբողջությոմաբ կատարելու նպատակով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող 403.4 քմ մակերեսով շինությունը նախատեսվում է վերակառուցել՝ ավելացնելով մակերեսը մոտ 700.0 քմ-ով: Վերակառուցված տարածքը նախատեսվում է օգտագործել որպես նվագախմբի փորձասենյակ, ձայնագրման ստուդիա, գործիքների պահեստ, ինչպես նաև ստեղծագործական և վարչատնտեսական անձնակազմի գրասենյակ:
Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում կստեղծվի «Աղձք» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոց: Դրա ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ըստ հիմնավորման, արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական և տեղական նշանակության հուշարձաններ։ Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև, արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։
Պետական աջակցություն հողօգտագործողներին՝ գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռք բերման համար
Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասախան որոշում։ Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծման համար պետական աջակցության ապահովման համար ֆինանսական միջոցների հատկացումն է: Ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում։ Ըստ հիմնավորման, ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ է ներկրվել 15500 տոննա պարարտանյութ, որից շուրջ 10000 տոննա պարարտանյութը եղել է գյուղատնտեսական նշանակության և համաձայն մատակարարներից ստացված տվյալների շուրջ 9000 տոննա արդեն իսկ բաժանվել է տնտեսավարողներին: Գործընթացը շարունակվում է։ Այդ նպատակի համար հատկացվել է 972.0 մլն ՀՀ դրամ՝ 5400 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար, և ներկայումս անհրաժեշտ է ևս 990.0 մլն ՀՀ դրամ՝ 5500 տոննայի համար։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը նպաստելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրում կատարել լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ իջեցնել ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 2,5 մլրդ դրամ՝ կարևորելով ծրագրի շրջանակում նախատեսված ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը։ Առաջարկվում է փոխհատուցել փաստացի կատարված կապիտալ ներդրումների 40 տոկոսը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը։ Փոխհատուցման գործընթացը 5 փուլի փոխարեն իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլի համար տրամադրել փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ երկրորդ փուլի համար՝ հաջորդ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի 80 տոկոսն ապահովելուց հետո տրամադրել փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը։ Ներառվել են նաև ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ներդրված հիմնական միջոցները չօտարելու, ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) շահառուի կողմից 3 տարի տարեկան պարբերականությամբ Էկոնոմիկայի նախարարությանը հաշվետվություն ներկայացնելու և նախարարության կողմից մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ դրույթներ։
Այլ որոշումներ
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացրել էր 470.000,2 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները ամբողջությամբ և ժամանակին ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսկան միջոցները կազմում ենէ 395.706,8 հազ դրամ: Հաշվի առնելով այդ ընտանիքների կարիքների բավարարման հրատապությունը նախատեսվում է լրացուցիչ ֆինանսկան միջոցները հատկացնել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակում՝ դրանցում ավելացումներ անելու նպատակով:
Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք: Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 8.4 անգամ։ Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ևս 6 ամիս ժամկետով սահմանել արգելք նախագծում նշված ապրանքների արտահանման համար։
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, համաձայնագրի նախագծով երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախատեսվում է ստեղծել համագործակցության հիմքեր, ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության հնարավորությունները: Համաձայնագրի կնքմամբ կկարգավորվեն ներկայումս հետբացթողումային հսկողության շրջանակում իրականացվող հարցումների պատշաճ ընթացքի ապահովման տեսանկյունից առաջացող խնդիրները, որոնք առաջանում են երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության հանգամանքով պայմանավորված:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ