«Մեր՝ ԲԴԽ գնալու այսօրվա քայլը երեկվա դատավարության հերթական նիստն էր»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց 44-օրյա պատերազմում Ջաբրայիլում զոհված Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը որոշում կայացրեց, որով ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելվեց ներկա լինել դատական նիստին։
Այս առիթով Էլեն Նավոյանն ասաց՝ բոլորն էլ պիտի ընդունեն, չեն էլ փորձի հերքել՝ իրենցից յուրաքանչյուրն այսօր լարված իրավիճակում է ու կարող է բռնկվել: Վկայակոչելով Գագիկ Ջհանգիրյանին՝ նա ասաց. «Ինչպես քիչ առաջ պարոն Ջհանգիրյանն ասաց՝ անգամ վիրավորելու իրավունք ունեն ծնողները: Իսկ դատավորն ընդունեց որոշում, որ նիստերը պիտի դռնփակ անցկացնի: Դա էր պատճառը, որ այսօր ԲԴԽ էինք գնացել: ԲԴԽ-ից ասացին, որ իրենք իրավասու չեն, կարող են քննել զուտ դատավորի կողմից անպարկեշտ վերաբերմունքը, եթե կա նման բան, ենթարկել պատժի: Ու քանի որ մեզնից շատերը դեռ հանդիսատես են այդ նիստերին, դեռ կարգավիճակ չունենք, ուղղորդեցին, որ փաստաբաններն իրենք հայց ներկայացնեն, որ երեկվա դատավորի կողմից ընդունված որոշումը փոխվի: Կարվի այդ քայլը: Պարոն Ջհանգիրյանն ասաց, որ պատրաստ է մեզ էլի ընդունել»:
Կամավոր Արման Օհանջանյանի մայրն էլ ասաց. «Այսօր իշխանության այնպիսի մարդիկ են, որոնք թուրքի առաջ ծնկի եկած են, թուրքի պահանջները կատարում են առանց մեկնաբանության և մեզ՝ ինչ-որ բան բացատրելու: Մինչև այսօր անամոթաբար հայտարարում է, որ ոչինչ առանց ժողովրդի չեմ անելու, բայց ամեն ինչ անում է առանց ժողովրդի: Մենք գնալու ենք մինչև վերջ: Եթե կես ճանապարհից հրաժարվեն էլ, ես գնալու եմ մինչև վերջ, քանի որ մեր տղաները գնացել են՝ հասկանալով, մահվան աչքերի մեջ նայելով, որ հաղթանակ բերեն իրենց ազգին: Չեմ կարող Նիկոլ Փաշինյանին մարդ կոչել, եթե նա այսքան երեխաների զոհասեղանի տանելով՝ չունի ոչ մի խղճի խայթ: Արցախի դրոշը մաքրում են, Աթաթուրքի մեքենայով շրջում են»:
Կարդացեք նաև
Զոհվածերի ծնողները հանրությանը սթափվելու կոչ արեցին, պետական այրերին էլ հորդորեցին մի պահ կանգ առնել, մտածել իրենց սրտով ու հոգով և հասկանալ, թե ինչ են անում, ում են ծառայում:
Զոհված զինծառայողի ծնող Վահիկ Սահակյանն էլ, անդրադառնալով երեկվա դատական նիստին՝ նշեց. «Եվ մեկ անգամ ապացուցվեց, որ մեր դատական համակարգն անկախ չէ: Մենք գիտենք՝ ով է կարգադրիչը՝ Նիկոլը: Մենք՝ ծնողներս, շատ բան գիտենք, ամեն մեկս հետաքրքրվում ենք մեր երեխաների ճակատագրով, ինչ հանգամանքներում զոհվեցին, ովքեր էին մեղավորները: Մենք այս փաստերի հիման վրա ասելիք ունենք: Այդքանից հետո դատավորն այդքան ագրեսիվ տրամադրված հակադարձ հարցով դիմեց, թե ինչ պիտի ասեն հերոսների ծնողները, ինչը ծնողների շրջանում վրդովմունք առաջացրեց: Մեր էմոցիաներն այնքան նուրբ են. ամեն մի բառից կարող ենք վրդովվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ