Գարիկ Պողոսյան՝ Շատին գյուղի բնակիչ․ «Գետը վերևից եկավ մտավ կանաչ շենքը, ընդեղից դուրս եկավ, մտավ էս մյուս խողովակը, սա էլ գնումա մեկ ուրիշ շենք։ ՓՀԷԿ-ի մեջ, եթե լինում մեկ տուրիբին, նշանակումա դա մի հէկա, եթե լինում երկու տուրբին, նշանակում ա, որ երկու հէկ ա, իսկ ստեղ ՓՀԷԿ-եր կան, որ երեք տուրբինով են աշխատում»։
Շատինցի Գարիկ Պողոսյանը ցույց է տալիս Եղեգիս գետի վրա կառուցված 19 ՓՀԷԿ-երը, որոնք վերցնում են գետի ջուրը՝ Եղեգիս խոշորացված համայնքի 12 բնակավայրերի բնակիչներից՝ թողնելով նրանց առանց խմելու և ոռոգման ջրի։ Ձկներն անգամ Եղեգիս գետում դատապարտված են մահվան։
Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ ներկայացնում է, որ ՓՀԷԿ-աշինությունն ամբողջությամբ ոչնչացնում է ողջ ձկնապաշարը, որն ապրում է այդ գետում։ «Եթե գետի վրա կառուցված է մեկ ՓՀԷԿ, ապա մի փոքր տարածքը կարող է լինել ոչ բարենպաստ ձկնաշխարհի համար, իսկ եթե 19 հատ են իրար հետևից, ձուկն ինչ պետք է անի, ուր պետք է գնա, այն ամբողջությամբ կոչնչանա տուրբինների արանքներում»։
Գյուղացին բախվում է ջրի խնդրին, որն առնված է խողովակների մեջ և սպասարկում է միայն նախկին և ներկա պաշտոնյանների, գեներալների շահերը։
Կարդացեք նաև
Շատինցի Ավո Հովակիմյանը ջուր է պահանջում իր վարելահողի համար, սակայն գետը ՓՀԷԿ-ի բաժին է դարձել, իսկ իրեն ջուր չի հասնում։ «Կարող ա ես գարի եմ ցանում, ցորեն, կամ ձմերուկ, եթե վարելահող ա, ջուր տուր ինձ, ջուր որտեղի՞ց տա, որ հենց անմիջապես համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի Վարդահովիտ գյուղի վարչական ղեկավարը ՓՀԷԿ ա դրել իմ հողի գլխին, իրա հէկը կանգնացնի, որ ինձ ջուր տա՞»։
2016 թվականից ի վեր ՀՀ կառավարությունը սահմանեց դրախտային պայմաններ ՓՀԷԿ-ատերերի համար, ըստ որի ՓՀԷԿ-երը կարող են գործել և որևէ հարկ չվճարել օգտագործված ջրի համար։
Ինգա Զարաֆյանը հիշեցնում է, որ 2016 թվականին շատ ՓՀԷԿ-եր ստացան լիցենզիաներ, ջրօգտագործման համար, սակայն ազատվեցին հարկերից։ «Բիզնեսի համար դա շատ գայթակղիչ էր, նրանք կառուցեցին այդ հէկ-երը և արդյունքում, իսկ ջրամբարման հաշվարկները սխալ են արված և ոչ կոմպետենտ, շատ ՓՀԷԿ-եր ուղակի կանգնած են, բացի հեղեղումների շրջանից չեն աշխատում, դա նշանակում է, որ գետերը լցված են ՓՀԷԿ-երով, որոնք չեն աշխատում»։
Ըստ Ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածի՝ Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման, օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքներում 24 կետերից առաջանային է համարվում:
1) ներկա եւ ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը.
2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը եւ ավելացումը.
3) ջրային եւ հարակից էկոհամակարգերի եւ դրանց կենսաբանական բազմազանության պաշտպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբանական բազմազանության ամբողջական եւ կապակցված հարաբերությունների ճանաչումը.
Նոր միայն 11-րդ կետով ամրագրված է գետը էլեկտրաէներգիայի աղբյուրի դիտարկումը:
Հայաստանում, դեֆակտո կատարվում է տրամագծորեն հակառակ գործողությունները։ Ոչ մի ջրօգտագործման թույլտվության և պայմանագրերի մեջ այս կետն ամրագրված չէ, որ ՓՀԷԿ-երը պարտավոր են գետում ապահովել այնքան ջուր, որ մարդկանց կենսական կարիքների օգտագործման համար բավարար լինի։ Մինչդեռ 19 ՓՀԷԿ-երի գոյությունը մեկ գետի վրա, պետական մարմնի կողմից տրված թույլտվությունները անհնար են դարձնում գետում ջուր թողնելու հնարավորությունը, որը պետք է բնակչության կենսական կարիքներն ապահովվի։
ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Կանաչ Հայաստան Բնապահպանական, Կրթական ՀԿ –ի հարցմանը, թե ի՞նչ խախտումներ են թույլ տվել Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երը, պատասխանել է, որ 19 ՓՀԷԿ-երից, առնվազն 13-ը չի պահպանել ջրօգտագործման թույլտվության նորմերը։ Հիմնականում նշվում է, որ տեխնիկական վերազինում են իրականացրել, սակայն նոր ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել, կամ չեն պահպանել էկոթողքը և ապահովվել ձկների ապրելու համար բավարար պայմաններ։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պատասխան նամակում նշում է, որ Եղեգիս գետի և նրա վտակների վրա շահագործվող բոլոր փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեության ուսումնասիրությունների և դրանցում տեսչական ստուգումների արդյունքների հիման վրա կկայացվեն որոշումներ՝ գետում ստեղծված աղետալի վիճակը կանխելու համար։ Նշենք, որ Շրջակա Միջավայրի նախարարությունն էլ տեղեկացնում է՝ պետք է «Արփա-Սևան» թունել 2-ով ջրի հոսքն ապահովել, տվյալ տարածքի ոռոգման պահանջարկը բավարարել, ինչպես նաև խմելու-կենցաղային բնակչության պահանջները բավարարել, բնապահպանական թողքը գետում ապահովվելուց հետո միայն Եղեգիս գետում առկա ջրային պաշարները ՓՀԷԿ-երին տրամադրել։Եղեգիս գետն ունի ՓՀԷԿ-երով 40 տոկոս ծանրաբեռնվածություն, Շրջակա միջավայրի նախարարության պատասխանում հղում է կատարվում 30․1 հոդվածին, որտեղ ասվում է․
«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս է և ավելի։ Համաձայն կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի 488 որոշման՝ փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե առկա է Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր։
Էկոլուրի նախագահն ահազանգում է, որ Եղեգիս գետը փոխել է իր ֆիզիկաքիմիական բաղադրությունը։ Սա աննախադեպ բան է, ինչ էլ լիներ, լեռներում, հեղեղումների շրջանում կամաց—կամաց գետը վերադառնում էր իր նախկին բալանսին, եթե ֆիզիկաքիմիկան բաղադրությունը գետը փոխում է, դա նշանակում է, որ գետը մահանում է։
«Այն ձկնատեսակները, որոնք սովոր են սառը ջրին և նրանց ապրելավայրը փոխվել է, արդյոք նրանք կկարողանան ապրել, չէ որ նրանք էնդեմիկ են, իհարկե չեն ապրի»։
Ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է Եղեգիս գետի վրա գտնվող փհէկ-երի գործունեության ստուգում, խնդիրների վերհանում և համապատասխան օրենսդրական, իրավական ակտերի փոփոխությունների հետ կապված առաջարկությունների մշակում։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պատասխան նամակից տեղեկանում ենք, որ մասնավորապես, Գոռնար ՓՀԷԿ–ի ում բացակայել է կեղտաջրերի հեռացման համար նախագծով նախատեսված անջրաթափանց հորը։ Ջրառի կետում ջրաչափեր առկա չեն, ինչը հնարավորություն չի տալիս Արփա գետից ջրառի ծավալի վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալ։ Գոռնար ՓՀԷԿ-ը շահագործվում է «Գրին Էներջի Ամերիկան կոնցեռն»-ի կողմից, որը 2020 թվականի ապրիլի 22 –ից պատկանում է «Ինվայերմենթլ Քնթրոլ Փրոդաքթս»-ին, որը գտնվում է ԱՄՆ-ի Վայոմինգ, Շայեն, Պրոներ Պողոտայում։
Մարզպետի պատասխան փաստաթղթից տեղեկանում ենք, որ Եղեգիս 2 ՓՀԷԿ ում ձկնապաշտպան ցանցի փոխարեն միջճաղային հեռավորությամբ ճաղավանդակ էր տեղադրված։
Ջրընդունիչ հանգույցից ներքև գետի ափամամերձ տարածքը շատ աղտոտված վիճակում էր։ Եղեգիս 2 ՓՀԷԿ-ը շահագործվում է «Ռայել ԳԷՍ» ՍՊԸ-ի կողմից, որտեղ 36 % բաժնեմաս ունի Գևորգ Մաչանյանը, ով հիմնադրման օրվանից ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրենն է: Գևորգ Մաչանյանը հայ-շվեցարական գործարար միության նախագահն է և Շվեյցարիա – Հայաստան Միացյալ առևտրի պալատի խորհրդի անդամը: «Հետք»-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ Ռաել ԳԵՍ ՍՊԸ -ի 16% բաժնետեր է նաև Դոնարա Աբրահամյան, ով ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության նախկին պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանի քույրն է։
Գողթանիկ ՓՀԷԿ–ում նույնպես ձկնուղու համար նախատեսված նորմերը պահպանված չէին։ FIP –ի նյութից նաև տեղեկանում ենք, որ Եղեգիսի վրա գործող Գողթանիկ ՓՀԷԿ-ը պատկանում է Հայկ Հրանտի Սուվարյանին, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աղջկա ամուսինն է։
«Կարակայա ՓՀԷԿ–ի տրանսֆորմատորները չեն ունեցել յուղորսիչ համակարգ, անգամ նկատվում էր յուղի արտահոսք, խողովակաշարերից մեկը հիմնականում թաղված չէր մյուսը՝ մասամբ էր թաղված։
Ձկնապաշտպան ցանցը կրկին բացակայում էր, ջրընդունիչ խողովակի մուտքը փակված էր ընդամենը խոշոր ճաղավանդակով»,-այս մասին հայտնում է մարզպետ Արարատ Գրիգորյանը։ Կարակայա ՓՀԷԿ-ը շահագործվում է «ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից, որտեղ 100% սեփականատեր է Սարկիս Սամվելի Ավետիսյանը, նա գրանցման հասցեն նշված է ՌԴ, Նախոդկա, Կրեշենսկայա։ Իսկ մինչ այդ ՓՀԷԿ-ը Վերնաշեն գյուղի բնակիչներ, ամուսիններ Սամվել Իսախանյանին և Ցողիկ Կարապետյանին էր պատկանում։
Ըստ մարզպետի պատասխանի՝ Եղեգնաձոր և Եղեգնաձոր 1 ՓՀԷԿ-երում նույնպես պահպանված չեն նախագծով սահմանված ձկնանցարանի պայմանները։ Եղեգնաձոր ՓՀԷԿ և Եղեգնաձոր 1 ՓՀԷԿ-երը շահագործվում են «Մինա-Մայա» ՍՊԸ-ի կողմից, որտեղ 100% բաժնեմաս ունի Վաչիկ Գրիշայի Քոքոբելյանը, ով Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Գրիշայի Քոքոբելյանի եղբայրն է։ Խաչատուր Քոքոբելյանն Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր է եղել։ 2017 թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Ազատ դեմոկրատներ կուսակցության համամասնական ցուցակով, սակայն կուսակցությունը չի ստացել անհրաժեշտ ձայներ։ «Մինա-Մայա» ՍՊԸ-ն 50 % բաժնեմասով մինչև 2019 թվականի մայիսի 20-ը եղել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Ազատի Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի սեփականությունը։
ՀԿ-ի հարցման պատասխանում գրված է, որ Եղեգ ՓՀէԿ-ում ապահովված է եղել բավական ջրի հոսք, սակայն ձկնուղին և էկոլոգիական թողքի կետը փայտե արգելապատնեշով փակված էր՝ տնօրենի պատճառաբանմամբ ձուկ որսալու նպատակով։ ՀԷԿ-ի շենքում 2019 թվականին փոխարինվել էր նոր ավելի գերժամանակակից ագրեգատով, ինչը համարվում է տեխնիկական վերազինում, և համաձայն ՇՄԱԳ և Փորձաքննության մասին օրենքի՝ կրկին ենթակա է փորձաքննության, սակայն հայտ չէր ներկայացվել և փորձաքննական դրական եզրակացություն առկա չէր։
Եղեգ ՓՀԷԿ-ում բաժնեմաս ունեն Հրաչիկ Նապոլեոնի Վարդանյանը 39 %, Սոֆիկ Նապոլեոնի Վարդանյանը 21 %, Ռոբերտ Օխանյանը՝ 30%։ Սոֆիկ Նապոլեոնի Վարդանյանի որդին Սուրեն Համլետի Կարայանը 2016 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ դարձել է Էկոնոմիկայի նախարար։ Նկատենք, որ 2016 թվականից տրվեցին թույլտվություններ ՀԷԿ-աշինության համար՝ բիզնեսի գործունեության լավագույն պայմաններով։
«Գետիքվանք ՓՀԷԿ-ում Եղեգիսի ձախ վտակից ջրառ չէր իրականացվում, քանի որ 2-րդ տուրբինը չէր աշխատում, իսկ ձկնանցարանում վերին բաժանմունքի վրա ձկնուղին փակ էր՝ տնօրենի պնդմամբ տիղմի պատճառով, իսկ էկոթողքի ծավալը քիչ էր», – գրված է մարզպետ Արարատ Գրիգորյանի պատասխան նամակում։
Մարզպետարանի կողմից արձանագրված խախտումների թվում է նաեվ «Եղեգիս 1 ՓՀԷԿ-ը, որի գլխամասային ջրընդունիչ կառույցից վերև գետի հունում կային ավազաբլուրներ, որոնք հանված էին գետի ողողահունից, ինչը խոսում էր ջրային օրենսգրքով արգելված գետի հունի ձևափոխության մասին։
Այս ՓՀԷԿ-ում էլ տեղադրված էր 2 տուրբին, որոնք Mavel ֆիրմայի բուլղարական արտադրության էին, սակայն պետք է լինեին չինական, սա համարվում է տեխնիկական վերազինում, իսկ համաձայն ՇՄԱԳ և փորձաքննության մասին օրենքի շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող տեխնիկական և տեխնոլոգիական վերազինումը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության»,-ասվում է մարզպետի պատասխան փաստաթղթում։
«Եղեգիս 1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Բազենք ՓԲԸ», Պետռեգիստրի տվյալների համաձայն սա համարվում է փակ տեղեկատվություն, և հասանելի չէ։
Եղեգիս 3 ՓՀԷԿ–ում շինարարատեխնիկական մասով առկա էին անհամապատասխանություններ, տեղադրված վերջին աստիճանի բարձրությունը բավականին մեծ էր, ինչը կարող էր խոչընդոտել վերին հոսանքներ ձկների տեղաշարժը։ Եղեգիս 3 ՓՀԷԿ-ը շահագործվում է «ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ-ի կողմից, որտեղ 100% բաժնեմաս ունի Նաիրա Սարգսյանը։
Սուրբ Աղբյուր ՓՀԷԿ-ում նախատեսված կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսված բիոզուգարանը առկա չէր։
ՓՀԷԿ-ը շահագործվում է «Վարդահովիտ» ՍՊԸ-ի կողմից, որտեղ 100 տոկոս սեփականատերն է՝ ըստ պետռեգիստրի տվյալների Նարեկ Հովսեփյանը, նախկին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։ Նարեկ Հովսեփյանը գրանցված է ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծերենցի փ/5, բն 89 հասցեում, նույն հասցեում գրանցված է նաև նախկին գլխավոր դատախազը։ Տնօրենների ցուցակում է նաև Աղվան Հովսեփյանի մյուս որդին՝ Միսակ Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ։
Վարդահովիտ ՓՀԷԿ-ում ըստ նախագծի գլխամասային հանգույցում բետոնային ջրթափային պատվարի աջ մասում նախատեսված է աստիճանաձև ձկնուղի, սակայն փաստացի ձկնանցարանը բացակայում էր Էկոթողքն ապահովվում էր մասսամբ պատվարի վրայով, մասամբ էլ տղմազտարանով, ինչը ջրասակավ ժամանակ հնարավոր չէր լինի ապահովել, բացակայում էին նաև ձկնապաշտպան մանրանցք ցանցավանդակները։
Վարդահովիտ ՓՀԷԿ-ը շահագործվում է «Վարդահովիտ» ՍՊԸ-ի կողմից, այս ընկերությունում կրկին բաժնետերեր են համարվում ՀՀ Գլխավոր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի որդիները՝ Միսակ և Նարեկ Հովսեփյանները։ Միսակ Հովսեփյանը 100 % բաժնեմաս ունի, մինչ այդ ՓՀԷԿ-ը պատկանել է Զանգեզուր Էքսիմպ ընկերությանը՝ 42,5 %, և Կարինե Ռազմիկի Սարգսյանն 42.5 % բաժնեմասերով։ Իսկ Վարդահովիտի վարչական ղեկավարի կնոջը՝ Ագնեսա Նուշերվանի Ստեփանյանին բաժնեմասն էլ կազմել է 15%։
Վայոց ՓՀԷԿ-ը շահագործվում է «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ- ի կողմից։ Վայոց ՓՀԷԿ –ում ձկնուղի կառուցված չէր, կային աղբաորսիչ ճաղավանդակներ, որոնք մանրաձկների մուտքն արգելափակող չէին։ «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ- ում 100 տոկոս բաժնեմաս ունի Նարեկ Հովսեփյանը՝ Աղվան Հովսեփյանի որդին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխան նամակում, թե որտեղ ինչ խախտումներ է հայտնաբերվել, տեսչությունը պատասխան է, որ Վայոց ձորի մարզում գործում է թվով 35 փոքր հիդրոէլեկտրոկայաններ, որոնցից 14-ը տեղակայված են Արփա գետի և իր վտակների վրա, 19-ը Եղեգիս գետի և իր վտակների վրա, 1 ՓՀԷԿ տեղակայված է Ջերմուկի քաղաքային զբոսայգու լճակից բաց թողնվող ջրի վրա և 1 ՓՀԷԿ Չիվա Ռինդ ոռոգման ջրագծի վրա:
Ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում բնապահպանական խախտումներ հայտնաբերվել են «Ֆիրմա Գախ» ՍՊԸ-ին պատկանող «Հեր-Հեր-1» ՓՀԷԿ-ում, «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող «Սուրբ աղբյուր» և «Վայոց» ՓՀԷԿ-երում, «Արփա Էներգիա» ՍՊԸ-ին պատկանող «Արփա» ՓՀԷԿ-ում, «Բազենք» ՓԲԸ-ին պատկանող «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ում, «Մինա Մայա» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ում, «Եղեկ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում, «Արատես Էներջի» ՍՊԸ-ն պատկանող «Նանե» ՓՀԷԿ-ում, «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Էլեգիս» ՓՀԷԿ-ում, «Սանռայզ Էլեկտրիկ» ՍՊԸ-ին պատկանող «Սանռայզ» ՓՀԷԿ-ում:
«Էլեգիս» ՓՀԷԿ-ը նույնպես կառուցված է Եղեգիս գետի վրա, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պատասխան նամակում առկա ցուցակում այս ՓՀԷԿ-ը բացակայում էր, մինչ դեռ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխանում խախտումներ թույլ տված ընկերությունների ցուցակում էր։
«Էլեգիս» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷԼԵԳԻՍ Հ.Է.Կ.» ՍՊԸ-ի կողմից, պետ ռեգիստրի տվյալներով 50% բաժնեմաս ունի Մայիս Մկրտչյանը՝ Ռինդ գյուղից և 50 % էլ՝ Գարիկ Շահգալդյանը՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից։ -Մայիս Մկրտչյանը Վայոց Ձորի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի եղբայրն է։
2021 թվականին Ջրային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՓՀԷԿ-երը պետք է այսուհետ աշխատեն ջրային թույլտվությունների նոր կանոնակարգով, որը ենթադրում է, որ գետում պարտավոր են թողնել նախկին 5 տոկոս ջրի փոխարեն 20 տոկոս ջուր։
Էկոլուրի նախագահը հայտնում է դրական նորություն այնմասին, որ շատ ՓՀԷԿ-երի շահագործման թույլտվությունների ժամկետը լրանում է։ «Նրանք պարտավոր են նոր օրենքով ստանալ թույլտվություն, որով ուժի մեջ է մտել ավելի բարենպաստ կառավարության որոշում, որով էկոթողքը պետք է լինի 20-30 տոկոս»։
Սա ենթադրում է, որ ծանրաբեռնված գետերի վրա կառուցված տասնյակ ՓՀԷԿ-եր այլևս չեն կարողանա աշխատել, քանզի չեն կարողանա ապահովվել կառավարության նոր պահանջը։
Ֆիլմի հեղինակ Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ