Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում սովորում է ավելի քան 170 աշակերտ

Մայիս 26,2022 15:08

Հավերժ հայ մնալու գաղտնիքը

Հայոց պատմությունը հաճախ կրկնվում է՝ երբեմն անսպասելի, երբեմն տրամաբանական կեռմաններով ու շրջադարձներով: Մենք՝ հայերս, հաճախ մոռանում ենք մեր հազարամյա պատմության, մշակույթի բոլոր ժամանակների համար գոյություն ունեցող դասերը, և մեր ժողովրդի կյանքում անվերջ կրկնվող լինել-չլինելու երկվությունը գալիս, ահագնացած կանգնում է մեր առջև: Այդ է պատճառը, որ օտար ափերում օրեցօր ավելանում է հայերի թիվը, և առաջ է գալիս հավերժական ազգապահպանման խնդիրը, որն առկա է ինչպես ամենուր, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ գոյապայքարի լուծումն առաջին հերթին ծառանում է հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցու առջև: Եվ պատահական չեն ամենուր գործող եկեղեցիներին կից կամ անմիջականորեն եկեղեցու հովանու ներքո գտնվող ամենօրյա, շաբաթօրյա, կիրակնօրյա դպրոցները, մշակութային կենտրոնները, որոնք աջակցում են ժառանգության պահպանմանը, տարածմանը, զարգացմանը, հայկական ազգային ինքնության հաստատմանը: Այդպիսի մի դպրոց է նաև առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, որտեղ սովորում են ավելի քան 170 աշակերտ: Այն գործում է երկու տասնյակից ավելի՝ մշտարթուն պահելով հայոց ազգային ոգին և էությունը: Այստեղ աշակերտներն ոչ միայն սովորում են հայերեն, ծանոթանում են մշակույթին և պատմությանը, այլև ժամանակի և տարածության մեջ էքսկուրս կատարելով՝ փորձում են հասկանալ իրենք իրենց և հայ մնալու գաղտնիքը:

Ահա ավարտվեց 2021-2022 «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի ուսումնական տարին: Այն հարուստ էր ոչ միայն նոր մոտեցումներով ու ծրագրերով, դասավանդման արդի մեթոդներով, միջոցառումներով, այլև հոգեմտավոր գործընթացը խրախուսող հանդիպումներով, մշտապես գոյություն ունեցող խոսք ու զրույցներով: Այս ամենում իրենց ներդրումն ունեն դոկտոր Էլլի Անդրիասյանը և դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, որոնք տարվա ընթացքում պարբերաբար ուսուցիչների հետ հանդիպում էին, խոսում խնդիրների մասին և ուսուցիչների համար կազմակերպում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: Շաբաթօրյա դասերը սկսվում էին եկեղեցու հոգևոր հովիվ․ արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի հետ հանդիպումներով, ով ամեն առավոտ հայոց պատմության, աստվածաշնչյան առակների միջոցով փորձում էր ժամանակի և տարածության միջով անցնելով՝ ակտիվացնել այդ պատմական դրվագներն ու գործող անձանց, ժամանակաշրջանը, մթնոլորտը, ազգային ինքնության գիտակցությունը: Ամեն անգամ տեր հոր և դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագի խրատների և հետաքրքիր պատմությունների շնորհիվ երեխաները կարողանում էին յուրովի ապրեցնել այդ ամենը, վերաիմաստավորել լսածն ու հասկացածը՝ բարձր պահելով ազգային գիտակցությունը: Հաճախ զրույցները համընկնում էին օրվա խորհրդի հետ, և որևէ կերպար կամ պատմություն պատահական չէր հայտնվում, այլ ամբողջացնում էր այն յուրօրինակ խորհրդանիշները, որոնք տանում են դեպի ինքնության որոնումները, քանի որ հերոսների ներկայությունը տարածությունից և ժամանակից դուրս էր, դառնում էր միանգամայն երևակայական, իսկ ժամանակը կորցնում էր շաղկապման իր ունակությունը, և կերպարներն ու պատմությունները դառնում էին հավերժական: Հանդիպումներն ավարտվում էին աղոթքով և օրհնությամբ: Հարկ է նշել, որ այս ամբողջ աշխատանքները չէին կարող կյանքի կոչվել, եթե չլիներ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի մշտական հոգածությունն ու խնամքը։

Տարվա ընթացքում տնօրինությունը և ուսուցիչները ջանք և եռանդ չխնայեցին երեխաներին գրաճանաչ դարձնելու, իմացածը ամրապնդելու, հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակույթ սովորեցնելու գործում: Ուսումնական տարվա վերջում բոլոր դասարանների աշակերտները փայլուն հանձնեցին քննությունները, 1-5 –րդ դասարանցիները փոխադրվեցին հաջորդ դասարան: Վեցերորդ դասարանի աշակերտներն ավարտեցին դպրոցը։

Մայիսի 22-ին ավարտական 6-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին պատարագի, որի ընթացքում եղավ մասնավոր երեխաների օրհնության կարգ, ապա պատարագիչ քահանան ներկաներին փոխանցեց նաև առաջնորդ Սրբազան հոր բարեմաղթանքները՝ հորդորելով պահել-պահպանել, զարգացնել այն, ինչ սովորել էին «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում: Պատարագին և հանդիսավոր այդ արարողությանը բոլոր ներկաները հուզված էին ու հպարտ, քանի որ քաջ գիտակցում էին, որ մի նոր սերունդ ևս երբևէ չի մոռանա, իր մեջ չի լռեցնի իր ազգային էությունը և բարձր կպահի հայոց ազգային ոգին:

Դպրոցի 2021-2022 տարեշրջանն ավարտվեց, իսկ նոր ուսումնական տարին՝ լի բազմաթիվ նորություններով, կմեկնարկի օգոստոսի 20-ին։

Արփի Մարտիրոսյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    “…Այդպիսի մի դպրոց է նաև առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը”- քաղաքը, նահանգը ???

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031