«Նախ, մենք նման խոսակցություն չենք ունեցել։ Երկրորդ, համոզվում եմ, որ այս իշխանությունը բանակցային գործընթացում մեր դիրքերը պաշտպանելու բանաձեւը չի գտել։ Սա էլ դրա դրսեւորումն էր։ «Մադրիդյան սկզբունքները» փոխզիջումային փաստաթուղթ էր, որը ենթադրում էր մեր կողմից զիջում նույնպես, եւ մենք իսկապես կատարել ենք շատ գրագետ քայլ՝ զիջում համարելով այն, որ Արցախում կարելի է եւս մեկ հանրաքվե անցկացնել, որովհետեւ վստահ էինք՝ հանրաքվեի արդյունքը նույնն էր լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե 2007թ․-ին ՀՀ-ն, որպես կարգավորման բանակցային հիմք, ընդունել է «մադրիդյան սկզբունքները», որոնցում ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում կայանալիք հանրաքվեի միջոցով․ «Սա նշանակում է, որ հայկական կողմն այդ հենքն ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։ Սրա մասին դեռ օգոստոսին եմ ասել՝ այլ կոնտեքստում, Արմեն Ռուստամյանին»։
Արմեն Ռուստամյանը շարունակեց․ «Որովհետեւ խոսքն Արցախում անցկացվելիք հանրաքվեի մասին էր, ոչ թե Ադրբեջանի ողջ տարածքում։ Խոսքը նրա մասին էր, որ հանրաքվեն պետք է լիներ այն համամասնությամբ, որով ժամանակին այդտեղ եղել են հայեր՝ 1988թ․-ից սկսած։ Այսինքն, հանրաքվեն ունենալու էր նույն արդյունքը, բայց արդեն միջազգային ճանաչում էր ունենալու։ Դրան գնալն ամենամեծ հաջողությունն էր։ Զարմանում եմ, որ սա այսքան ժամանակ չեն հասկացել։ Աշխարհում կա այդ փորձը։ Փաշինյանի ասածից ստացվում է, որ Մոնտենեգրոյի միջազգայնորեն ճանաչված հանրաքվեն շեղում էր անկախության օրակարգից։ Իր պնդումը, թե մենք դրանով «վետո» ենք տվել Ադրբեջանին, խոսում է այն մասին, որ այս մարդիկ առհասարակ իմաստը չեն հասկանում բանակցությունների։ Սա ի՞նչ հայտնագործություն էր, ո՞նց կարելի է նման տրամաբանությամբ երկիր ղեկավարել ու բանակցություններից խոսել։ Մենք համարել ենք, որ ԼՂ ճանաչումը պետք է լինի ոչ թե միակողմանի, այլ միջազգայնորեն ընդունված՝ միջազգայնորեն ընդունելի հանրաքվեի ձեւաչափով, որով ինքնորոշման իրավունքի իրացումն էր ենթադրվում․․․Բանակցությունը ենթադրում է փոխհամաձայնություն»։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ եթե Փաշինյանի նշյալ պնդումը ճիշտ է, ապա Ադրբեջանն ինչո՞ւ չի համաձայնել «մադրիդյան սկզբունքներին»․ «2016թ․-ին Ադրբեջանին պարտադրել են ճանաչել ԼՂ անկախությունը, եւ Ալիեւն այդ մասին խոստովանել է։ Փաշինյանը նույն երգն է երգում, ուզում արդարացնել իրեն՝ օգտվելով մարդկանց չիմացությունից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ