Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի պատերազմում 29 լրագրող է զոհվել, 7-ը՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս. Դենիս Ավտոնոմով

Մայիս 26,2022 14:38

Ուկրաինայի զանգվածային տեղեկատվության ինստիտուտի տվյալներով՝ պատերազմի 90 օրերի ընթացքում լրագրողների դեմ 280 հանցագործություններ են կատարվել. 29 ուկրաինացի եւ արտասահմանյան լրագրողներ սպանվել են՝ 7-ը աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում, 9-ը վիրավորվել են, 15-ն անհայտ կորել են: Ուկրաինական 113 լրատվամիջոց դադարեցրել է աշխատանքը: Այս տվյալներն այսօր հրապարակեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Դիվանագետը թվարկեց ՌԴ-ի կրած կորուստները պատերազմի ընթացքում՝ սարկազմով նկատելով՝ «աշխարհի երկրորդ բանակի կորուստները». մարդկային կորուստների թիվը մոտենում է 30 հազարի, մոտ տաս գեներալ, 200 ինքնաթիռ, 170 ուղղաթիռ, 1300 տանկ, ավելի քան 3 հազար զինվորական մեքենա, մոտ 100 ՀՕՊ համակարգ եւ այլն: «Ֆորբսի» տվյալներով, ռուսական ռազմատեխնիկայի կորուստները կազմում են մոտ 13 միլիարդ դոլար: Այսքանով հանդերձ, ըստ Դենիս Ավտոնոմովի, ՌԴ-ն չի հասել իր նախապես հայտարարված որեւէ նպատակի. «Բացի այդ, բնականոն աշխատանքը շարունակում են ուկրաինական հակաօդային ուժերը: Այն, որ այժմ ՌԴ-ն պահման վայրերից հանում եւ առաջնագիծ է մղում T-66 բավականին հին մոդելի խորհրդային տանկերը, խոսում է ՌԴ-ի որակական կորուստների մասին: ՌԴ-ն կիրառել է մոտ 1400 հրթիռներ, այսինքն, իր այդ համակարգերի 60 տոկոսը»:

Դիվանագետի գնահատմամբ, ՌԴ-ի հաշվարկը վերաբերում է համաշխարհային պարենային եւ փախստականների հետ կապված ճգնաժամերին, բայց նկատում է՝ եթե Եվրոպան կարողացավ մի քանի միլիոն ուկրաինացի փախստականների հոգսը հոգալ, ապա պարենային ճգնաժամն էլ կհաղթահարվի: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն փակում է ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով ուկրաինական ցորենի եւ այլ մթերքների արտահանումը Եվրոպա, միաժամանակ, պետական մակարդակում զբաղված է գողությամբ, այդ ապրանքները իր տարածք տեղափոխելով: Իսկ ՌԴ տնտեսության վիճակի լավագույն բնութագրիչն, ըստ բանախոսի այն է, որ այժմ 62 միլիոն բարել ռուսական նավթ ծովում իր գնորդին է ման գալիս եւ չի գտնում: Այդ քանակությունը, մեկ ոչ մեծ եվրոպական երկրի տարեկան սպառման չափն է:

Դենիս Ավտոնոմովը հայտարարեց, որ Ուկրաինան շարունակում է սպառազինվել իր գործընկերների կողմից՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով: ԵՄ-ն բոլոր հարկերը եւ մաքսային վճարները հանել է Ուկրաինայից արտահանման դեպքում, նաեւ որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում: Դիվանագետը՝ հղում անելով «Բլումբերգի» վերլուծություններին, ասաց, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում, ՌԴ-ն ստիպված կլինի անցնել «Էյրբաս» եւ «Բոինգ» ինքնաթիռներից մնացած մասերով իր ունեցած ինքնաթիռները նորոգելուն: Այս ֆոնին, «Մոսկվիչ 412»-ի արտադրության մասին խոսակցությունները նա առնվազն ծիծաղելի է համարում:

Դենիս Ավտոնոմովը հավաստիացնում է՝ այն տարածքներում, որոնք գտնվում են ՌԴ-ի վերահսկողության տակ, պարտիզանական շարժումներ են սկսվել եւ հավելում, որ Մոսկվան պարտվել է Կիեւի, Խարկովի, Չեռնիգովի համար մարտերում, հիմա մարտեր են գնում Դոնբասի եւ հարակից տարածքների համար:

Մինչ ասուլիսը սկսելը ՝ուկրաինացի դիվանագետը կարճ՝ երեք րոպեանոց տեսանյութ ցուցադրեց՝ Մարիուպոլ քաղաքից, ավելի ճիշտ տեսարաններ, որոնք հիշեցնում էին երբեմնի քաղաքի մասին: Դիվանագետն ասաց, որ Ուկրաինայի վերականգնման համար բավական մեծ գումարներ են հարկավոր լինելու, իրենք ակնկալում են գործընկերների աջակցությունը, որոշ երկրների հետ արդեն պայմանավորվածություններ կան, մասնավորաբար, Մեծ Բրիտանիան խոստացել է Կիեւի հարակից տարածքների վերանորոգում իրականացնել, ռուսական տասնյակ հազարավոր միլիոններ սառեցված են արտասահմանյան բանկերում: «ՌԴ-ն պատասխան կտա իր պատճառած վնասի համար»,- հայտարարեց դիվանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031