Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Քյարամյան, էս նոր գործառույթներ եք, հա՞, ստացել». Փաշինյանն ու նիստի անդամները բուռն ծիծաղեցին

Մայիս 26,2022 14:26

Այսօր, երբ կառավարության նիստում ներկայացվում էր Բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի նախագիծը, իրականացման կարգը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ի թիվս այլ գործընկերների, շնորհակալություն հայտնեց նաեւ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին: Սա բուռն ծիծաղ առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անդամների մոտ:

«Պարո՛ն Քյարամյան, էս նոր գործառույթներ եք, հա՞մ ստացել»,-ծիծաղը զսպել չկարողանալով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կատակեց՝ ԱԱԾ-ին էլ շնորհակալություն հայտնեք, որ ոչ ոք հանկարծ այդ վարկից չվեցնի:

Նշենք, որ խոսքը տվյալ նախագծով սուբսիդավորվող վարկերի մասին էր, որով քաղաքացիներին աջակցելու են բնակարանները նորացնել:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հատկապես գյուղական վայրերում բնակֆոնդի մաշվածության լուրջ խնդիր ունենք, առանձնատները ոչ ռացիոնալ չափերի են եւ վարկը կնպաստի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն՝ հատկապես հիմա տուրիզմի ոլորտում որոշակի ծրագրեր են իրականացվում: Փաշինյանը նաեւ նշեց, որ պարտադիր պայման է դրվում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար:

Ի պատասխան կառավարության անդամների կատակների՝ Արգիշտի Քյարամյանն ասաց՝ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց Քննչական կոմիտեն մտավախություններ է ունեցել վարկի նպատակային օգտագործման վերահսկելիության վերաբերյալ եւ գրավոր ներկայացրել է իր նկատառումները. «Շնորհակալություն, որ դրանք հաշվի են առնվել»:

Նախագիծը մանրամասնելիս Փաշինյանն ասաց, որ ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր հատվածում կստեղծվեն աշխատատեղեր, եւ արտագնա աշխատանքի սովորաբար մեկնող մեր հայրենակիցները, որոնք չեն կարողանա արտագնա աշխատանքի մեկնել, Հայաստանում կկարողանան սեզոնային աշխատանք կատարել եւ իրենց եկամուտներն ապահովել. «Հաջորդ խնդիրը, որը մենք լուծում ենք, փորձում ենք տարածքի համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել եւ վարկերը սուբսիդավորել հետեւյալ տրամաբանությամբ. բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը, կառավարությունը կսուբսիդավորի հետեւյալ կերպ. սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի զրո, գյուղական համայնքներում՝ 2 տոկոս, քաղաքային համայնքներում՝ Երեւանից դուրս՝ 3 տոկոս, եւ Երեւանում կլինի 5 տոկոս: Մենք նաեւ պայման ենք դնելու, որ ծրագրով ստացած միջոցների առնվազն 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ. գնումները պետք է իրականացվեն անկանխիկ, որը կբերի առեւտրաշրջանառության մեջ ստվերի կրճատման: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով եւ մոնիթորինգ է իրականցվելու՝ ստուգելու համար, թե արդյոք դա նպատակայի՞ն է օգտագործվում: Եթե տեսնենք, որ նպատակային չէ, կդադարեցնենք սուբսիդավորումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031