Ինչպես հայտնել էինք, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ այսօր հավաքվել են 2020թ․ պատերազմում զոհվածների ծնողներն ու դիմադրության շարժման անդամները։ Վերջիններս սատարում են ծնողների պահանջը՝ վերանայել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երեկվա որոշումը, որով ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելվեց ներկա լինել դատական նիստին, եւ բոլոր ցանկացող ծնողներին ներգրավել որպես տուժող։
Ծնողները հայտարարեցին, որ հանդիպում են պահանջում պատասխանատու մարմնի՝ ԲԴԽ ներկայացուցիչների հետ։ Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցից հետո 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը դժգոհեց, որ սկզբից առաջարկում են վերեւ բարձրանալ 10, հետո՝ 15 հոգով։ «Մուլտիկ են խաղում․․․ընդամենը կարող էին իջնել, բոլորիս առաջ կանգնել ոստիկանների հետեւում եւ մեզ լսել։ Մենք համբերատար տառապում ենք արեւի տակ եւ ողջամիտ պատասխանի սպասում, որ չգնանք ոստիկանների հետ բախման։ Մեր սպասելու պատճառը ոստիկաններն են, որ նրանց անհարմար վիճակում չդնենք։ Այլապես սա Գագիկ Ջհանգիրյանի պատվից չէ, որ այսքան սպասում ենք, պարզապես ոստիկաններին ենք հարգում, հասկանում ենք, թե որքան ծանր է նրանց համար լինելու ծնողների վրա ձեռք բարձրացնել։ Մենք պետք է առաջ գնանք։ Թուրքի առաջ մեր զավակները չեն ընկճվել, ուր մնաց՝ ձեր առաջ ընկճվենք, պարոն Ջհանգիրյան»,-լրագրողների հետ զրույցում դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին՝ ասաց Կարին Տոնոյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13–ին ԱԺ–ում հայտարարությունից հետո, երբ նա ասել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի», զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքը, եւ այդ որոշումն այժմ վիճարկվում է վերաքննիչ ատյանում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի նշյալ որոշումը երեկ կայացել էր միջադեպի արդյունքում։
Ավելի ուշ ծնողները ցանկացան մուտքին մոտենալ եւ ներս մտնել։ Ոստիկանները երեք-չորս շարքով փակել էին մուտքը։ «Ուզում եմ տեսնել այն ոստիկանին, որը ծնողի վրա ձեռք կբարձրացնի»,-ասաց Կարին Տոնոյանն ու առաջ գնաց։ Փոքր-ինչ լարվեց իրավիճակը։ Ոստիկանության ներկայացուցիչը հորդորեց հետ գնալ։ ԲԴԽ շենքից դուրս եկած մեկ այլ ոստիկան Կարին Տոնոյանին խնդրեց փոքր-ինչ տեղ ազատել մուտքի մոտ։ Խնդրանքը կատարվեց, եւ ամեն ընտանիքից հրավիրվեց մեկ ծնող։ Լրագրողներին թույլ չտրվեց ներս գնալ, Կարին Տոնոյանն ասաց, որ մտնելուն պես կխնդրի ապահովել նաեւ լրագրողների ներկայությունը։ «Ընդունվեց մեր պահանջը, որ գոնե երեսուն ծնողի ընդունեն»,-հայտարարեց Կարին Տոնոյանը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի կոչով դիմադրության շարժման անդամները ճանապարհ բացեցին, ու ծնողները ներս մտան։ «Սա է ժողովրդավարությունը, որ ԶԼՄ-ներին չեն թողնում ներս գնալ»,-նշեց Վարդեւանյանը։
Այս պահին ծնողները դեռեւս ներսում են։ ԲԴԽ մուտքը հսկող ոստիկանական շարքերի թիվն ավելացել է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ