Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառում եմ դեպք, երբ հայեցողությամբ կամ սուր հարցի հիմքով որեւէ լրագրողի հավատարմագրում դադարեցվի»․ ՔՊ պատգամավոր

Մայիս 26,2022 13:20

«Ես այն լրագրողներից եմ, որը օրենք լինի, թե ոչ՝ չի խանգարել ինձ, միշտ աշխատել եմ էթիկան պահելով, բայց ինձ անհանգստացրեց, որ դուք ձեր վրա լիազորություն եք վերցնում օրենքով դիմել խմբագրին, որ նա փոխարինի լրագրողին։ Սա գրաքննության՝ օրենքով արտահայտված ձեւ է։ Շատ լղոզված է, թե խախտումն ինչ է։ Ինձ էլ դուր չի գալիս, որ լրագրողները երբեմն էթիկա են խախտում, բայց դա ո՞վ է որոշելու։ Քաղաքական ենթատեքստով սուր հարցը ձեր համար խախտո՞ւմ է։ Առաջարկում եմ ձեռնպահ մնալ ԶԼՄ-ների մասին օրենքն անընդհատ փոխելուց։ Նման հարցերը հարակից օրենքներով են լուծվում, լրատվադաշտն ինքնակարգավորվող է»,-ՔՊ պատգամավորների ճեպազրույցի ժամանակ այսօր ասաց «Ազգ» օրաթերթի լրագրողը՝ նկատի ունենալով նրանց հեղինակած՝ պետական մարմնում աշխատակարգի խախտում թույլ տված լրագրողին փոխարինել ենթադրող օրենսդրական նախաձեռնությանը։

Ի պատասխան՝ նախագծի համահեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ լրագրողի ասած մեկնաբանությունները կապ չունեն նախագծի հետ․ «Խախտումների վերաբերյալ նախազգուշացում տրվել է նաեւ մինչեւ այս օրենսդրական փոփոխությունը, եւ դա ոչ թե քաղաքական մարմինների կողմից է եղել, այլ ԱԺ աշխատակազմի։ Երկրորդ, շնորհակալ եմ, որ էթիկայի կանոնները պահում եք, եւ բոլոր լրագրողներին եմ շնորհակալ, որոնք բարեխղճորեն կատարում են աշխատանքը, բայց այս օրենքը կապ չունի էթիկայի հետ։ Խոսքը պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին է, որոնք էթիկայի կանոններ չեն, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգում եւ որոնց հետ ծանոթանում են հավատարմագրվող լրագրողները։ Այսինքն, այստեղ հայեցողության մասին խոսք չկա։ Լրագրողի աշխատանքը պետական մարմիններում կանխատեսելի է, նրանք գիտեն, թե որոնք են աշխատանքային կանոնների խախտումները։ Բացառում եմ դեպք, երբ հայեցողությամբ կամ սուր հարցի հիմքով որեւէ լրագրողի հավատարմագրում դադարեցվի։ Ըստ օրենքի՝ պետական մարմինը խախտման համար զգուշացնում է ԶԼՄ-ին, եւ մեկ տարում կրկնվելու դեպքում եթե ԶԼՄ-ն չի փոխարինում նրան, ապա պետական մարմինը դադարեցնում է նրա հավատարմագրումը՝ հնարավորություն տալով փոխարինել նրան»։

Պատգամավորի խոսքով՝ ԶԼՄ-ներն իրենք չեն նպաստում խնդրի լուծմանը, ավելին՝ նպաստում են, որ տվյալ լրագրողները շարունակեն խախտել աշխատանքային կանոնները, խաթարել պետական մարմինների եւ բարեխիղճ լրագրողների աշխատանքը։

«Ազգ» թերթի թղթակից Մարետա Մակարյան

«Ազգ» օրաթերթի լրագրողը պնդեց, որ նման խնդիրներն այլ օրենքներով են կարգավորվում, եւ հնարավոր է, օրինակ, զրպարտության-վիրավորանքի համար դատի տալ լրագրողին․ «Կամ, եթե ասում եք, որ հավատարմագրման կարգում այդ ամենը կա, էլ ի՞նչ կարիք կա օրենքում էլ դա մտցնել»։

Ի պատասխան ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն օրինակ բերեց․ «Անունը չեմ տա, նախկինում հավատարմագրված մի լրագրող կար, որի՝ այստեղ գտնվելը անձնական հարցերով էր պայմանավորված։ Նա պարբերաբար դիմում էր՝ անձնական հարերը լուծելու․ բարեկամի հանդեպ քրեական գործ, խախտում, որն ուզում է լուծել։ Սա այն դեպքն է, որ ԶԼՄ-ին պետք է տեղեկացնել նման դեպքի մասին, որ վերջինս պարբերաբար անձնական հարցերով դիմում է այս կամ այն պատգամավորի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031