Մայիսի 25-ին Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում։ Հանդիպումը կայացել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության Միջին Արևելքի ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանի, ԼՕԽ (Լիբանանահայ Օգնության Խաչը)-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Սապունճյանի, վարչության անդամների և կենտրոնի տնօրեն Նազելի Ավագյանի մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյյանը և Էլի Թաշճյանը։
Ներկայացրել են լիբանանահայ համայնքում ԼՕԽ-ի շրջանային վարչության բարեգործական և «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնի մարդասիրական գործունեությունը։
ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։
Կարդացեք նաև
Վերջիններս անդրադարձել են նաև Հայաստան -Արցախ-Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։
ԼՕԽ-ի շրջանային վարչության ատենապետը հավաստիացրել է, որ շարունակելու են սատարել Հայաստանի և Արցախի ժողովրդին,որպեսի շրջանցեն առկա տագնապալի իրավիճակը և թևակոխեն նոր ու խաղաղ ժամանակաշրջան։
Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։ Այնուհետև պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում իրականացվող աշխատանքներին։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին