«Նախ, ի՞նչ օրակարգի մասին է խոսքը։ Դուք տեղյա՞կ եք ընդդիմության օրակարգից։ Շնորհավորում եմ՝ առաջին մարդն եք, որը տեղյակ է ընդդիմության օրակարգից»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարած՝ իրենց օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու առաջիկա նախաձեռնության մասին։
Նկատառմանն ի պատասխան, որ խոսքը Արցախի եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հետ կապված ընդդիմության հայտարարության նախագծի մասին է, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ «Հնչել է միայն հայտարարություն։ Երբ նախագիծը կգա ԱԺ արտահերթով, այդ ժամանակ մենք դիրքորոշում կհայտնենք։ Այլ ասելիք այս պահին չունեմ»։ Հստակեցնող հարցին ի պատասխան, թե մասնակցելո՞ւ են ԱԺ նիստին, Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ երբ նախագիծը կմուտքագրվի, ՔՊ-ն դիրքորոշում կհայտնի։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ ասաց․ «Դուք Իշխան Սաղաթելյանի խոսքը կիսատ մեջբերեցիք։ Նա ասել էր՝ եթե տղա եք, եկեք մասնակցեք։ Փոխանցեմ նրան, որ նախ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա՝ եթե Սաղաթելյանը տղա էր, ապա ո՞ւր էր այս ողջ ընթացքում, այդ թվում այն ժամանակ, երբ ծափերով ՔՊ-ն ճանապարհեց իրենց ընկերներին ԱԺ դահլիճից։ Որտե՞ղ էր նա։ Էլ չասեմ մնացած նիստերը, որոնցից նա բացակայում է»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հարցադրում արեց․ «Իր ասածն ընդունենք որպես ընդդիմության վերադարձ խորհրդարա՞ն։ Դա իրենց պարտականությունն է ի վերջո՝ գալ նիստի։ Ինչ վերաբերում է արտահերթին, ապա կա ընթացակարգ։ Միանշանակ չի ասելը։ Ասելը դեռեւս օրակարգ չի»։
Արթուր Հովհաննիսյանն էլ անդրադարձավ ընդդիմության խոսույթին առհասարակ․ «Սաղաթելյանին հորդորում եմ այլեւս նման բառամթերքով չարտահայտվել, որովհետեւ ՔՊ պատգամավորներից կմ-ներով հեռու նման բաներ ասելը ծիծաղելի է։ Ակնկալում եմ, որ կկարողանա գալ եւ մի քանի մետր այն կողմ նույն դեմքի արտահայտությամբ ու տոնով կրկնել այդ ասածները։ Խիստ կասկածում եմ, ուստի հորդորում եմ, որ նրա լեզուն մտքից առաջ այլեւս չընկնի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ