Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Եվրամիության ջանքերին՝ ակտիվ դերակատարություն ունենալու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Մենք տեսնում ենք ԵՄ համառ ջանքերը՝ ներս թափանցել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթաց: Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել (եթե նրանք այդպես են ուզում), և ոչ թե փորձել աշխարհաքաղաքական խաղեր տանել»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, ինչպես նաև նպաստել այդ գործընթացին: Նրա խոսքով՝ առանցքային խնդիրներից մեկը Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումն է, կայուն խաղաղության հաստատումը:
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը տիրապետում է բացառիկ փորձագիտական ներուժի հետխորհրդային տարածքի վիճելի սահմանային հարցերի կարգավորման և սահմանազատման հարցերում, բացի այդ իրենց տրամադրության տակ ունեն անհրաժեշտ քարտեզագրական նյութեր:
Կարդացեք նաև
«Ուրախ կլինենք կիսվել մեր փորձով և մշակումներով հայ և ադրբեջանցի բարեկամների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակում: Ինչպես գիտեք, խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար ռուս փորձագետների թիմն արդեն ձևավորված է»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ