Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության այս օրը

Մայիս 26,2022 14:30

15-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանը կրկին բզկտված էր, կտոր-կտոր արված թյուրքական ցեղերի միջեւ։ Ժողովուրդն աղքատացած էր, արքայական տոհմերը՝ վերացած, իշխանական տները՝ միմյանց հակառակ, քաղաքներն ու գյուղերը՝ դատարկված… Չնայած արշալույսներն Արարատյան դաշտավայրում խաղաղ էին բացվում, բայց անտարբերության մրափն սպառնում էր հանգցնելու պետության ու հայրենիքի գաղափարը հայ ժողովրդի կյանքում։ Անհրաժեշտ էր հզոր մի առկայծում, երկինքը լուսավորող մի որոտ՝ սթափեցնելու եւ արթնացնելու համար հայ ժողովրդին։

1441 թվականն այդ բախտորոշ տարին էր, երբ Սուրբ Համբարձման տոնին Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի Սիս քաղաքից վերադարձնել իր նվիրական սրբավայրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ 580 եւ ավելի տարիներ շարունակ Հայոց եկեղեցում Համբարձման տոնին հիշատակվում է պատմական այս կարեւոր իրադարձությունը՝ որպես հայ ազգային ոգու արթնության, Արարատյան քրիստոնեական քաղաքակրթության վերածննդի խորհրդանիշ։
Հայոց եկեղեցին ու հայ եկեղեցականությունն ստանձնեցին հայ ազգային ոգու վերակենդանացման բարդ ու նվիրական գործը. ժամանակի եկեղեցական հայրերը խորությամբ հասկացան ու ըմբռնեցին պատմական պահի լրջությունը, իմաստուն հայացքով չափեցին աշխարհաքաղաքական խրթին իրավիճակն իր ողջ դառնությամբ եւ հեռանկարներով եւ… միայն դրանից հետո գործեցին վճռականորեն ու աներկբա հավատով։ Նրանք հասկացան, որ Մայր Տաճարի տակ սողացող սուրը դեմ է առնելու բիբլիական Արարատի կուռ ու անպարտ կրծքին, որ Արարատյան դաշտավայրից պոկված հայրենի ծառերի ու ծաղիկների արմատներն անմահ են մնալու, որովհետեւ սնվում են Արարատի օրհնյալ գագաթներից։

Մայիսի 26-ին Հայոց եկեղեցին, կրկին Սուրբ Համբարձման տոնին Հայրապետական հատուկ մաղթանք-աղոթքով հիշատակում է այս կարեւոր իրադարձությունը։ Մեր երկրի ու ժողովրդի համար ճակատագրական այս օրերին պետք է եւս մեկ անգամ անդրադառնալ այլեւս անհերքելի այն իրողությանը, որ Հայոց եկեղեցին ազգային ոգու արթնության հավիտենական պահապանն է, իսկ հայ եկեղեցականը՝ Աստծուց մեզ տրված պետության եւ հայրենիքի գաղափարի համար աղոթող անխոնջ մշակը։ Արժե, հաստատ արժե ծանոթանալ Հայոց եկեղեցու պատմության նվիրական բազմաթիվ էջերից գոնե այս մեկին։ Չէ՞ որ ներկայի լավագույն բժիշկն ու ապագայի մարգարեն պատմությունն ինքն է…

ՇԱՀԵ Ծ. ՎՐԴ. ԱՆԱՆՅԱՆ
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

«Առավոտ» օրաթերթ,
26.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031