Բաբայանի ուշացած հայտարարությունն ավելի մեծ տարակուսանքի տեղիք տվեց այն առումով, թե ինչու չի միացել խորհրդարանի մյուս ուժերին, եթե, ըստ էության, դեմ է բրյուսելյան հանդիպմանը: Բացի դա, տարօրինակ է, որ ռուսական գործոնն է առաջ մղում, չնայած ինքը ՌԴ-ում պերսոնա նոն գրատա է հայտարարված։ Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն է Բաբայանին հորդորել հանդես գալ նման շեշտադրումներով։ Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպումով եւ Միշելի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը դուրս է մնում կարգավորման պրոցեսից: Բաբայան-Փաշինյան մտերմությունը հաշվի առնելով՝ «Միասնական հայրենիքի» չմիանալն Արցախի հայտարարությանը կարող էր դիտարկվել որպես ՀՀ իշխանությունների ապտակ` ուղղված Ռուսաստանին։ Բաբայանին թվացել է, թե իրենց բացակայությունը հայտարարությունից չի նկատվի այս ներքաղաքական թոհուբոհի մեջ, ու չի ցանկացել միանալ ՀՀ իշխանությունների դեմ հայտարարությանը, սակայն աղմուկից հետո ուղղել է սխալը: Իսկ Արցախի քաղաքական ուժերի հայտարարությանը չմիանալու պատճառաբանությունը հետեւյալն է․ ««Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը»:
Հայտարարությանը միացած խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը լկտի սուտ է համարում այդ պատճառաբանությունը՝ ասելով, որ Բաբայանի կուսակից պատգամավորները ոչ միայն գործնական քայլերի առաջարկներ չեն արել, այլեւ, առհասարակ, հայտարարության տեքստը կազմելիս որեւէ առաջարկ չեն արել։ «Երբ քննարկում էինք հայտարարությունը, իրենց խմբակցության ղեկավարը որեւէ առաջարկ չարեց, մենք միայն լսեցինք խմբակցության ղեկավարից, որ հայտարարությանը միանալ-չմիանալու հարցն իրենք չեն որոշում, սպասում են Հայաստանից «դաբրոյի»։ Մեր հայտարարությունը կարող էր ավելի վաղ լինել, դուք գիտեք, որ խորհրդակցությունից մեկ օր անց հրապարակեցինք, բայց մենք սպասում էինք գործընկերների պատասխանին, իրենք էլ՝ Սամվել Բաբայանի «այո»-ին կամ «ոչ»-ին, իսկ վերջում հրաժարվեցին»,- ասաց Գալստյանը` շեշտելով, որ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն անձամբ է ասել: «Սպասում ենք՝ Սամվել Բաբայանն այդ հայտարարության տեքստն ինչ-որ մարդկանց տա, հետո նոր իրենց համաձայնությունը տան կամ չտան, քննարկման ընթացքում էլ ղեկավարը մի քանի անգամ առանձնացել եւ փորձել է կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ»։
«Արդարություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ չի բացառվում, որ Բաբայանի կուսակիցները չեն միացել իրենց, քանի որ ՀՀ իշխանություններին ուղղված քննադատական կոչեր կային. «Իհարկե, ճիշտ կլինի՝ իրենք ասեն, թե իրականում ինչի չմիացան։ Իսկ եթե իբր գործնական առաջարկներ ունեին, կարող էին մեր հայտարարությունից մեկ-երկու ժամ հետո իրենց տեքստը հրապարակել, ոչ թե սպասել, մեկ օր հետո նման ձեւով մանիպուլացնել։ Այս մարդիկ չեն կողմնորոշվում՝ հայտարարությունը խմբակցությո՞ւնն է տարածել, թե՞ կուսակցությունը: Տարբեր տեղեր տարբեր է ներկայացվում, այդպես չկողմնորոշված էլ մերժեցին մեզ՝ խախտելով Արցախի հարցում Արցախում ձեւավորված քաղաքական միասնականությունը»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: