Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրների լուծման մեջ այսրոպեականությունը աղետաբեր է․ ապագայի տեսլականից պետք է բխեն բոլոր քայլերը

Մայիս 26,2022 09:43

Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյան, եռամեծար վարդապետ Ս․ Գրիգոր Տաթևացի, Հովհաննես Հերմոնեցի և Թովմա Մեծոփեցի վարդապետներ, Արևելյան նշանավոր Աթոռների՝ Արտազի, Տաթևի, Հաղպատի և Բջնիի վանքերի եպիսկոպոսներ՝ երախտավորներ, որոնց անունները որոշ բացառություններով գրեթե ոչինչ չեն հուշում այսօրվա կյանքի խնդիրների և դժվարությունների հետ մաքառող հային։ Սակայն այս ազգային-եկեղեցական գործիչներն էին, որ ժամանակին հասունացրել, սերնդեսերունդ փոխանցել և ապա իրագործել են մի մեծ առաքելություն, որն ըստ էության համախմբեց մեր ժողովրդին, չենք վարանի ասել՝ պահպանեց և փրկեց մեծ տերությունների ձեռքից ձեռք անցնող Հայաստան աշխարհը։ Փառք և պատիվ։

Այսօր եկեղեցական օրացույցի համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է, որը հռչակված է նաև իբրև ազգային տոն՝ ի պանծացումն 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սուրբ Էջմիածնում վերահաստատման։ Կարևոր պատմական իրադարձություն էր ազգային կյանքում, որը, հակառակ տրվող տարբեր գնահատականների, այնուամենայնիվ, վերջին հաշվով կանխորոշեց Արևելյան Հայաստանի հետագա գոյությունը։ Տաթևացու կողմից սնուցված՝ հայոց ազգի ճակատագրի տեսլականը ծլարձակեց նրա աշակերտների հոգիներում և ի վերջո հանգեցրեց 1441 թվականին 300 պատվիրակներով Վաղարշապատում Ազգային-եկեղեցական ժողովի գումարմանը, Ամենայն Հայոց նոր Կաթողիկոսի ընտրությանը և Առաքելական Սուրբ Աթոռի, որը պատմական հանգամանքների բերումով աստանդական էր դարձել, Սսից վերջնական վերադարձին Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին։

Դժվարին իրավիճակում, երբ Կիլիկյան հայկական թագավորությունն այլևս չկար, պատմական հայրենիքը շատ բարվոք չէր և բզկտված հայ ժողովուրդն էլ տառապում էր օտարների տիրապետության լծի ներքո, նման քայլը թվում է, թե սովորական և ոչ այնքան կարևոր էր, սակայն իրականում՝ փրկարար, որում ամփոփվեց մեր ժողովրդի հոգևոր և քաղաքական գործիչների հեռատեսությունը և վճռականությունը, հակառակ բոլոր տեսակի արգելքների ու առ այսօր տեղ գտնող խոչընդոտների՝ ձևակերպվեց ազգի ապագայի տեսլականը։ Քրիստոս պետք է շարունակեր խոսել և լույս սփռել մեր ժողովրդին հենց Իր էջքի վայրից՝ Սուրբ Էջմիածնից։ Լուսավորչահաստատ Աթոռը Վաղարշապատում իր Կաթողիկե մայր տաճարով պիտի շարունակեր աղոթամատույց լինել Երկնավորին մեր հայրենիքի և ազգի համար՝ հենց հայրենի հողի վրա իր շուրջը համախմբելով պետականությունից զրկված, նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Դարավոր պատմական հիշատակներով, քաջերի արյամբ և սրբազան արժեքներով սրբագործված հայրենի հողին և նրա սրտում թագավորող Մայր Աթոռին պետք է կապված մնար հայը և, ուր էլ լիներ, դեպի հայրենիք պարզված՝ նրա հայացքը։

Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի փոխադրումը լուծեց ժամանակի օրհասական կրոնական, հասարակական և քաղաքական խնդիրներ, բայցև հեռանկարում ծառայեց ազգի համընդհանուր ապագայի կերտմանն ու ապահովագրմանը։ Վեց դար անց կարելի է քննարկել, վիճարկել, տարատեսակ ենթադրություններ անել իսկապես այս բեկումնալի իրադարձության առնչությամբ, սակայն անկարելի է չհիանալ մեր նախնիների խորաթափանցությամբ, հայրենասեր և պետականամետ անդավաճան մտածողությամբ, ժամանակի նշանները նկատելու իմաստությամբ։

Այս ամենը շատ ավելի արժեքավոր և ուսանելի է, երբ ոչ դյուրավ առնված այս պատմական որոշումը քննում ես այսօր մեր հայրենիքում տիրող իրավիճակի և աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո։ 1441 թվականին Հայոց Եկեղեցու, ազգի առջև ծառացած մարտահրավերները իրականում, անգամ պետականության բացակայության պայմաններում, հաղթահարվեցին ապագայի տեսլականի, նրա նշած ուղեծրի և թելադրած արժեքների նկատմամբ հավատարմությամբ և ոգով։ Այսօր էլ ոչ պակաս օրհասական այս կացության մեջ, անկախ պետականության առկայությամբ նաև, խնդիրներն իրենց արժանապատիվ հանգուցալուծումը կարող են գտնել, եթե անկախ քաղաքական հայացքների տարակարծությունից, միաբանության մեջ սահմանվի և ազգին մատուցվի ապագայի՝ երբեք չհնացող, բայցև նորոգյալ տեսլականը՝ համարժեք առկա հիմնախնդիրներին և համահունչ ապագայի սպասելիքներին։ Խնդիրների լուծման մեջ այսրոպեականությունը աղետաբեր է․ապագայի տեսլականից պետք է բխեն բոլոր քայլերը։ Ա՛յս է մեծագույն հրամայականը, ա՛յս է հիմնական բացթողումը։ Արդ, թող այդ առաքելության մեջ մեր հայրերն իրենց օրինակելի իմաստությամբ և խիզախությամբ այսօր էլ օգնական լինեն մեր ժողովրդին։

 

Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031