Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան․ «Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումը խնդրահարույց է այն առումով, որ ներկայացվում են միայն Ադրբեջանի կողմից պաշտոնականացված տվյալները»․ «168 ժամ»

Մայիս 26,2022 08:00

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ այս պահի դրությամբ՝ հաստատված 39 գերի ունենք Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

«Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք»,- շարունակել է Փաշինյանը՝ հավելելով, որ շատ են հնչում տեսակետներ, որ գերեվարված մեր հայրենակիցների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար:

«Մեր դիրքորոշումը եղել ու մնում է այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերի հետ պետք չէ կապել, դրանք առանձին հարց են, ընդհակառակը, երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ կնվազեցնենք»,- եզրափակել է Փաշինյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նկատեց. «Այո, ունենք 39 հաստատված գերի, սակայն Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումը խնդրահարույց է այն առումով, որ ներկայացվում են միայն Ադրբեջանի կողմից պաշտոնականացված տվյալները, որը միջազգայնորեն հաստատում է նաև Ադրբեջանը: Բայց Հայաստանի իշխանությունները պետք է խոսեն Հայաստանի կողմից տիրապետվող թվերի մասին և իրենց պաշտոնական տեղեկությունները հանրայնացնեն, իսկ պաշտոնական հայկական կողմի տվյալներով՝ գերեվարման դեպքերն ավելին են, քան հաստատված 39-ը: Առնվազն 80 անձինք, հիմնականում՝ զինվորականներ, գերեվարվել են, և այդ փաստերն ապացուցվել են նաև տեսանյութերով, սակայն անհասկանալի պայմաններում Հայաստանի ղեկավարը խոսում է միայն Ադրբեջանի թվերի մասին, և դրանք ի վնաս ՀՀ քաղաքացիների են: Տպավորություն կա, որ Փաշինյանը Ալիևի մամուլի խոսնակի դերն է կատարում»:

Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ Հայաստանի ղեկավարը պետք է խոսի Հայաստանի հատուկ ծառայությունների, քննչական մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային դատական ատյաններում կառավարությանը ներկայացնող գրասենյակ ներկայացրած տվյալների մասին և պետք է միջազգայնացնի հենց այդ տվյալները:

«Չափազանց ուշացած է գերիներին վերադարձնելու միջազգային ճնշման մասին այսօր խոսելը: Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո տարածքները վերադարձվեցին, բայց հաստատված գերիները չհայրենադարձվեցին, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները, այդ թվում՝ նաև տեղական հասարակական կազմակերպությունները սկսեցին աղմուկ բարձրացնել: Եվ փոխարենն այս ջանքերին աջակցելու՝ Հայաստանի իշխանությունները քննադատում էին կամ գերիների ընտանիքների մոտ կեղծ տեղեկություններ էին տարածում, որ հարցի միջազգայնորեն հանրայնացումը կվնասի գործընթացին և գերեվարված տղաների շահին»,- ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը՝ հավելելով, որ միայն երկու տարի անց բոլորը հասկացան, որ վնասներ չկային, ավելին, ՀՀ իշխանությունների հակառակ գործողությունները նպաստել են, որ նրանց հայրենադարձման գործընթացն ավելի ձգձգվի:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031