Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանման կարոտ հարցեր

Մայիս 26,2022 10:00

Այսօր ընդդիմությունը փողոցում հայտարարում է, որ Փաշինյանն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից: Դա իշխանության կողմնակիցները որակում են իբրեւ սադրանք, իբրեւ խաղաղության գործընթացը խաթարելու փորձ: Բայց նման հայտարարություններ անելով՝ ընդդիմադիրները միայն կրկնում են այն, ինչ բազմիցս ասել է ինքը՝ վարչապետը, այդ թվում նաեւ ինձ տված հարցազրույցում 2019 թվականի հունիսի 13-ին:

Ըստ այդմ, Ալիեւը ներկայացնում է Ադրբեջանի ժողովրդին, Փաշինյանը՝ Հայաստանի ժողովրդին, եւ պետք է լինի մեկը, որը բանակցություններում կներկայացնի Արցախի ժողովրդին: Դատելով նրանից, թե ինչպես է ԵՄ նախագահ Շառլ Միշելը նկարագրել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը եւ այն մասը, որը վերաբերում «խաղաղության պայմանագրին», Հայաստանի ղեկավարը բանակցում էր Արցախի անունից, ընդ որում, բանակցում էր այն մասին, թե ինչպես ապահովել Ղարաբաղում «էթնիկ հայերի» անվտանգությունը:

Բացի Միշելի հայտարարությունից՝ մենք այդ բանակցությունների մասին որեւէ պաշտոնական ձեւակերպում չունենք: (Երեկ խորհրդարանում վարչապետի անդրադարձը հարցից խուսափելու փորձ էր): Եթե ԵՄ խորհրդի նախագահը իր սեփական, սխալ ձեւակերպումն էր տվել, ապա վարչապետը կամ ԱԳ նախարարը կարող են հայտարարել, որ նման քննարկում չի եղել, եւ Փաշինյանը Բրյուսելում բարձրացրել է Արցախի ինքնորոշման հարցը եւ դրանից բխող կարգավիճակի խնդիրը: Կամ էլ՝ կրկնել է 3 տարի առաջ իր ասածը, որ իրավունք չունի բանակցելու Արցախի անունից: (Որպես տեղեկանք հայտնեմ, որ երբ միջնորդը բանակցությունների արդյունքների հետ կապված հայտարարություն է անում, նա նախօրոք այդ հայտարարության տեքստը ցույց է տալիս բանակցող կողմերին):

Պարզաբանման կարիք ունի եւս մի հարց: Արդյոք բրյուսելյան եւ վաշինգտոնյան քննարկումները սինքրոնացվա՞ծ են Ռուսաստանի հետ, հատկապես, եթե հաշվի առնենք ՌԴ-Արեւմուտք գրեթե թշնամական հարաբերությունները: Եթե սինքրոնացված չեն, ապա մեր իշխանությունները պարզապես զբաղվում են վտանգավոր արկածախնդրությամբ: Եթե սինքրոնացված են, ապա ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն Բրյուսելից դժգոհող հայտարարություններ անում: Համենայնդեպս, «սահմանազատման» հանձնաժողովների նախագահներ Գրիգորյանը եւ Մուստաֆաեւը հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանին եւ պայմանավորվել են հաջորդ հանդիպումներն անցկացնել Մոսկվայում, իսկ այնուհետեւ՝ Բրյուսելում: Չգիտեմ, թե ինչպես են Մոսկվայում վերաբերվում նման «կոմպլեմենտարիզմին»: Ռուսաստանցի պաշտոնյաները, հիշեցնեմ, մի քանի անգամ ակնարկել են, որ առանց իրենց սահմանազատում չի ստացվի, որովհետեւ Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ «իսկական» քարտեզներն իրենց մոտ են:

Իմ տպավորությամբ՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը շահագրգռված են բոլոր խնդիրների կարգավորման մոտավորապես նույն՝ մեզ համար խիստ անբարենպաստ սցենարով (որի մասին արդեն գրել եմ երկու նախորդ խմբագրականներում): Սակայն նրանց մեջ կա մրցակցություն, թե ով է այդ սցենարն իրականացնելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Nimar says:

    Դատելով հաղորդագրություններից՝ խոսքը երկու պետությունների հարաբերությունների կարգավորման մասին է։ Երկու պետություններն էլ ներկայացված են այս հարցը լուծելու լիազորված պաշտոնյաներով: Այստեղ ամեն ինչ լիովին պարզ է և հասկանալի։ Խոսքը Արցախի կարգավիճակի մասին չէ, այս դեպքում դա բանակցությունների թեմա չէ։ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ կարող են վարվել միայն այն դեպքում, եթե այն իրականում վերահսկող երկիրը որոշի դա անել։ Այսօր դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ նկատելի չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն ունի այդ հարցը բարձրացնելու և քննարկելու։ Ճիշտ հակառակը։
    Մեր երկիրը կարող է միայն մտահոգություն հայտնել Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանման վերաբերյալ, ինչն արվել է։ Մոտավորապես ինչպես Ռուսաստանի Դաշնությունը մտահոգություն կարտահայտեր ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների վերաբերյալ, օրինակ՝ Լատվիայում։ Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս այս բնակչության անունից։ Իհարկե ոչ. Կարելի՞ է պնդել, որ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի իր անունից արտահայտել այդ մտահոգությունը։ Իհարկե այո։ Եթե, օրինակ, Գերմանիայի կանցլերը մտահոգություն է հայտնում Տիբեթի ժողովրդի իրավունքների և ազատությունների վերաբերյալ, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ նա խոսում է Տիբեթի անունից կամ ներկայացնում է Տիբեթի շահերը։ Նա ներկայացնում է Գերմանիայի շահերը, և նա լիազորված է դա անել։

  2. Հայ մարդ says:

    Վերլուծության վերջին պարբերությամբ հստակ ներկայացվում է ցավալի մի ճշմարտություն, որը հայ քաղաքական էլիտան երբևիցե չի հասկացել: Չի հասկացել 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու փոխարեն, հույսները դրեցին այս կամ այն պետության օգնության վրա և այդ պետությունների աչքի առաջ թուրքերը 1,5 մլն հայերի ցեղասպանություն իրականացրին: Կրկին չհասկացան 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տխուր արդյունքներից հետո, երբ կորցրեցինք Նախիջևանը, Արցախը և ամբողջ Սուրմալուի գավառը: Այդքանը տեսնելուց հետո, չեն հասկանում նաև հիմա և մեր քաղաքական կուսակցությունների մի մասը Ռուսաստանի հետ հույսեր կապելով, մյուս մասն էլ՝ Արևմուտքի, այսօր միմյանց հետ կրքոտ բանավիճում են՝ մեր «իսկական բարեկամ» աշխարհաքաղաքական կենտրոնը որոշելու ուղղությամբ, չտեսնելու տալով, որ այդ երկու կենտրոններն էլ անթաքույց կերպով թուրք-ադրբեջանական պահանջներն են առաջ տանում և յուրաքանչյուր կենտրոն ձգտում է հարցի հանգուցալուծումից իր շահույթի բաժինը մեծացնել (մեզ թողնելով միայն թղթե շերեփը ):

    Այս բախտորոշ պահին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները մի կողմ դնելով իրենց քաղաքական տարաձայնությունները, պարտավոր են հավաքվել և փորձեն գտնել շրջանառվող զիջումները կանխելու կամ էլ ընթացող բանակցությունները կասեցնելու ճանապարհը: Ընթացող հանրահավաքները և երթերը մեծ դեր են խաղում, բայց բոլոր Լաոներին արթնացնելու համար տարբեր հայացքների քաղաքական էլիտաների համախմբում է անհրաժեշտ (ինչպես 1988-ին էր):

  3. Սա իմ երկրորդ փորձն է: Ներող եղեք եթե կրկնություն է:
    Հարգելի Հայ մարդ,
    Լիովին համաձայն եմ Ձեր շարադրածի վերջին պարբերության հետ: Մանավանդ «պարտավոր են” և “կանխելու… կասեցնելու ճանապարհը” մասերին: Համախմբման գերշտապ անհրաժեշտությունը նույնպես ակնհայտ է: Սակայն հայկական քաղաքական էլիտան հենց նրանով է հայկական որ ընդունակ չէ միասնականության` անհնար է որ ԼՏՊ-ի կուսակցությունը միանա: Նա ծնեց նիկոլին, կսպասի մինչև այն կմաշվի, տրոհվի, ապա առաջ կգա: Հաշվարկը այն է որ դրսի ուժերը կտեսնեն նրանում հակահայկական (ինչը այդպես է, նրանց տեսլականը չունի ազգային բովանդակություն), իսկ նիկոլականները կտեսնեն նրանում իրենց կուռքի պապա-մամային: Այնպես որ համախմբումը բացառվում է: 1988-ին կոմունիստական էլիտան մնաց անհաղորդ: Ազգային շարժումը դարձավ համազգային շնորհիվ նրա որ դրանում շահագրդրված էր և Մոսկվան և Եվրոպան և ԱՄՆ-ը` փլուզում էին ՍՍՀՄ-ն: Իսկ այսօր ճիշտ հակառակ դասավորությունն է: Կարծում եմ, սխալ է վերցնել «Համախմբում» առահետը: Այն լավ ուսումնասիրված ու ականապատած մեր թշնամու կողմից: Մոսկվայի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի ոչ լուռ համաձայնությամբ: Եթե կարող եք հուշել Ֆրանսիայի հրապարակի տղաներին այլ ուղի, ազգի հերոս կճանաչվեք, Մասիսը վկա: Լուրջ եմ ասում և հարգանքով: Մեզ ուժեղ կամք ու անհավատալի հաջողություն: Չլինի այնպես որ մի օր գրենք “Միթե վերջին հայն էի ես…”:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031