Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջաներենի ներդրում՝ կրթական համակարգում, «հայրենասիրություն», «ազգային կրթություն» եզրերի բացակայություն

Մայիս 26,2022 13:30

Ուշագրավ դրվագներ՝ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագրի նախագծում

e-draft- ում դրված է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի` 50 էջանոց նախագիծը, որի նախագծի ներածական հատվածը, ըստ էության, նախորդ իշխանություններին քննադատությունն է, մինչդեռ պետք է նկարագրեր կրթական համակարգի վիճակը: «Ներկայում առկա է քաղաքական կամք եւ հստակ նպատակադրում` կառուցելու իրապես ինքնակառավարվող եւ ինքնակարգավորվող, կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ եւ նախաձեռնող, խնդիրներ սահմանող եւ դրանք լուծող, ներառող, ստեղծարար եւ արդյունավետ կրթական միջավայր՝ բոլորի համար։ Այս առումով Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, եւ հատկապես առաջին մեգանպատակն է՝ գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական եւ հանրամատչելի զարգացման եւ յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարեւոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության եւ առողջության պատասխանատուն»,-ասված է ներածության մեջ, որտեղ բացակայում են հայրենասեր, ազգային բառերը: Ստացվում է՝ մեր կրթական համակարգի նպատակն է պատրաստել աշխարհի քաղաքացի:

Նախագծում խոսվում է նաեւ այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մասին, որոնք, ըստ փաստաթղթի, կարող են կազմակերպվել տարբեր ձեւաչափերով, ինչպես իբրեւ տնային մանկապարտեզ, շարժական ծառայություններ: Իսկ թե ինչպես է այս ամենը կյանքի կոչվելու, ինչ միջոցներով, հատկապես որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 3 տարով է, նախագիծը «լռում» է: Բացի դրանից, բուհերը նման մասնագետներ չեն պատրաստում, ստացվում է՝ ռազմավարությունում զուտ կենացների մակարդակի գրառումներ են:

«Վերջին տարիներին հանրակրթության ոլորտում համախառն ընդգրկվածությունը միջինում կազմում է շուրջ 90%: Դպրոց չհաճախելու ամենատարածված պատճառներն են` հաշմանդամությունը, ծայրահեղ աղքատությունը, մանկական աշխատանքը, էթնիկ պատկանելությունը եւ փախստականի կարգավիճակը, որոնք առնչվում են նաեւ տարածաշրջանային եւ սեռերով պայմանավորված անհավասարությունների հետ: Հանրակրթության մեջ սովորողների ընդգրկվածությունն ավելի ցածր է հատկապես 3-րդ մակարդակում՝ ավագ դպրոցում, որտեղ ցուցանիշը 2019 թվականին կազմել է 59.5%: Հաշվի առնելով, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո համապատասխան տարիքի բնակչության ընդամենը 14.9%-ն է ուսումը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ապա հստակ կարելի է արձանագրել, որ հիմնական դպրոցի շրջանավարտների զգալի մասը 10-12-րդ դասարան չի հաճախում»,-գրված է նախագծում: Հետաքրքիր է, որ ԿՏԱԿ-ի կայքում երեւում է երեխաների շարժը, թե օրինակ, 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխան ավա՞գ դպրոց է գնում, ուսումնարա՞ն, թե՞ քոլեջ, իսկ կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը չի կարող գերազանցել 1%-ը, որովհետեւ օրենքի խախտում է երեխաներին պարտադիր ուսուցումից դուրս թողնելը, ինչի համար համապատասխան մարդիկ կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել:

«Վերջին տարիներին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում բուհերում որոշակի ուղղություններով բարելավվել է ուսումնական լաբորատոր ենթակառուցվածքները»,- գրված է ծրագրում եւ ընդհանրապես «վերջին տարիներ» արտահայտությունը քանիցս օգտագործված է, մինչդեռ տարբեր վարկային ծրագրերի արդյունքում «նախկինների» ժամանակվանից է այդ ամենն իրականացել:

«2020 թվականին հրապարակված Մարդկային կապիտալի համաթվի համաձայն, տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35%-ը չի կարողանում կարդալ եւ հասկանալ պարզ տեքստը»,-ասված է ռազմավարության նախագծում: Ստացվում է, որ Փաշինյանի կառավարության օրոք է նման ցածր ցուցանիշ գրանցվել, հատկապես, որ վերջին 4 տարիներին իրենք են իշխանության ղեկին:
Ուշագրավն այն է, որ այս փաստաթուղթը թարգմանվելու է տարբեր լեզուներով, այն հասու է լինելու եվրոպացիներին, ՄԱԿ-ին, Համաշխարհային, Ասիական բանկերին, տարբեր կառույցներին, որպեսզի դրամաշնորհներ տրվեն: Արդյոք «դրսում» չեն մտածելու, որ՝ տարիներով գումարները մսխվել են, դրա համար էլ առաջընթաց չկա:

Նախագծում տեղ է գտել նման ուշագրավ ձեւակերպում. «Տնօրենների նշանակումը թեեւ տեսականորեն հիմնված է թափանցիկության սկզբունքի վրա, այնուամենայնիվ ՊՈԱԿ-ների եւ ՀՈԱԿ-ների տնօրենները տարիներ շարունակ «սովորույթի ուժով» են շարունակել պաշտոնավարել՝ կառավարումն ավելի շատ իրականացնելով իներցիայով եւ ոչ թե զարգացման ծրագրերով: Թե տնօրենների նշանակման, թե նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը ուղեկցվել է կոռուպցիոն երեւույթներով եւ քաղաքականացվածության բացահայտ բարձր մակարդակով: Հովանավորչությունը սովորական երեւույթ է եղել ինչպես տնօրենների ընտրության, այնպես էլ՝ ուսուցիչների եւ դաստիարակների աշխատանքի ընդունման հարցերում»: Սրանով նախագծի հեղինակները կարող են վիրավորել ողջ կրթական համակարգը, ստվեր գցել ազնիվ ուսուցիչների ու տնօրենների վրա: Եվ սա այն դեպքում, երբ ցցուն դեպքեր կան, թե ինչպես են մեր օրերում տնօրեններ նշանակվում իշխող կուսակցության ֆավորիտները՝ ծնողական եւ ուսուցչական խորհուրդների կողմից անգամ ոչ մի ձայն չհավաքելու դեպքում:

Ի դեպ, ռազմավարության մեջ խոսք չկա հայրենասիրության, ազգային կրթության եւ ռազմագիտության մասին, այն դեպքում, երբ այսօր, առավել քան երբեւէ, կարեւորվում է այդ ամենը: Նախագծում սահմանված են մինչեւ 2030 թվականը հետեւյալ ռազմավարական ուղղությունները.

«1) համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման եւ անձնային առանձնահատկություններից բխող որակյալ եւ արդյունավետ կրթական ծառայությունները ՀՀ ողջ տարածքում,

2) կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ եւ արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային եւ կառավարման արդյունավետության բարձրացում,

3) կրթական ծառայությունների եւ արտադրանքի միջազգայնացում եւ արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում եւ համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական եւ բովանդակային ինտեգրման, ինչպես նաեւ հայկական կրթական ծառայությունների եւ արտադրանքի արտահանման վրա՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում»։

Նախագծում եւս մեկ վտանգավոր դրվագ կա. «հանրակրթական եւ նախնական մասնագիտական հաստատությունների կառավարման լիազորությունների աստիճանական պատվիրակում տեղական ինքնակառավարման մարմիններին»: Մարզպետարանում գոնե կրթության վարչություններ կան, որտեղ քիչ թե շատ կրթության ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ կան, իսկ այս քայլով կառավարման լիազորությունները տրվում են գյուղապետերին, եւ սա այն դեպքում, երբ նախ՝ այսօր գյուղապետերից ոմանք անգամ բարձրագույն կրթություն չունեն, գյուղապետարաններում կրթության բաժիններ չկան, երկրորդ՝ սա հստակ քաղաքական լծակ է ՏԻՄ-երի ձեռքին՝ կրթական հաստատություններին ղեկավարներին կախման մեջ պահելու կամ ըստ սեփական նախասիրության նշանակելու համար:
Կրթության ռազմավարության ծրագրի մեկ այլ կետով նախատեսվում է. «հարեւան երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) դասավանդման ներդրում՝ կրթական համակարգում»: Ի դեպ, ասում են՝ ադրբեջաներենը հետո է ավելացվել:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031