Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայից դուրս հրավիրվելուց հետո նոր օպերա է գրել

Մայիս 26,2022 12:30

Հարցազրույց կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հետ

– Հարգարժան Վարդան Ալեքսանդրի, մեծակտավ երեք ստեղծագործությունների հեղինակ եք, շուրջ 40 տարի առաջ Երեւանի օպերային թատրոնում՝ Տիգրան Լեւոնյանի ռեժիսուրայով, ըստ Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» պատմվածքի՝ բեմադրվեց համանուն օպերան (դիրիժոր՝ Յուրի Դավթյան)։ Ընդ որում, լիբրետոյի հեղինակը ձեր պապն էր՝ մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանը։ Հետո անդրադարձել էիք Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար» կատակերգությանը, որի լիբրետոն Տիգրան Լեւոնյանինն էր, սակայն մինչ օրս այդպես էլ «չհանդիպեցինք» այդ օպերային։ Փոխարենը մի քանի բեմադրություն ունեցավ ձեր հաջորդ ստեղծագործությունը՝ «12-րդ գիշեր» մյուզիքլը՝ ըստ Շեքսպիրի համանուն պիեսի։ Օրերս էլ տեղեկացանք, որ հատվածաբար նոր օպերայի ձայնագրություններ եք իրականացրել՝ Մայր Աթոռ ներկայացնելու համար։ Գուցե հակիրճ ներկայացնե՞ք ձեր նոր օպերան։

– Սկսեմ «Կիկոսի մահից», որը երեք բեմադրական կյանք ունեցավ։ Առաջինը՝ 1980 թվականին, երկրորդ անգամ՝ Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով եւ դիրիժոր Աթանես Առաքելյանի մեկնաբանմամբ, 1990թ., մանկական օպերային թատրոնում, երրորդ անգամ՝ դարձյալ մելիքսեթյանական ռեժիսուրայով՝ Կամերային երաժշտական թատրոնում։ Քչերին է հայտնի, որ Մոսկվայի Բորիս Պոկրովսկու թատրոնի գեղարվեստական խորհուրդը «Կիկոսի մահը» հաստատեց բեմադրելու համար։ Ընդ որում, դա հենց իր՝ Պոկրովսկու նախաձեռնությունն էր։ Դա 1987-ին էր։ Բեմադրությունը չիրականացվեց երկրաշարժի, խորհրդային երկրի փլուզման պատճառներով։ Երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանը պատրաստվում էր Պարոնյանի երաժշտական թատրոնում բեմադրել այն, բայց չհասցրեց։ Իսկ նոր օպերաս երեք գործողությամբ «Սուրբ Տրդատ»-ն է։ Լիբրետոյի հեղինակը տեր Թովմա քահանա Անդրեասյանն է, ում հետ մենք չորս տարի, առանց չափազանցության՝ օր ու գիշեր աշխատել ենք։ Ի դեպ, այն ժամանակվանից, երբ ինձ դուրս հրավիրեցին Երեւանի պետական կոնսերվատորիայից (պատճառի մասին չխոսեց- Ս. Դ.)։ Օպերայի մի քանի հատվածի ձայնագրություն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Այո, Մայր Աթոռը հետաքրքրված է «Սուրբ Տրդատ» օպերայով։ Առայժմ այսքանը։

Մի բան էլ. «Կիկոսի մահը» նոր խմբագրությամբ ու որոշ փոփոխություններով, հույս ունեմ, կարժանանա օպերային թատրոնի տնօրինության ուշադրությանը եւ կբեմադրվի։

– Վերջին տարիներին մեզ մոտ հազվադեպ են հնչում ձեր ստեղծագործությունները, փոխարենը հաճախ դրանք կատարվում են արտերկրում։

– Համաձայն եմ ձեզ հետ։ 2021թ. դեկտեմբերին, ծննդյանս 65-ամյակի առիթով կայացած հեղինակային երեկոյիս ընթացքում, անվանի խմբավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի մեկնաբանությամբ Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու նվագախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչեցրին երգչախմբային նոր գործերս ու կամերային նվագախմբի համար գրված մի քանի երկեր, այդ թվում՝ ՀՀ պետական մրցանակի արժանացած «Հնչյունի թատրոնը»՝ գրված դաշնամուրի, տիմպանիի եւ նվագախմբի համար։ Կատարված մի նոր ստեղծագործություն առանձնացնեմ. «Նվիրումը»՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար՝ կոմպոզիտոր, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հիշատակին։ Ճիշտ նշեցիք, արտերկրում շատ են կատարվում ստեղծագործություններս, դրանց թվարկումը երկար ժամանակ կպահանջի։ Օրինակ՝ վերջերս Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը ինձ ստեղծագործություն էր պատվիրել փողային կազմի մենակատարների համար։ Գրեցի «Voyages of winds» փողային կվինտետը։ Հետաքրքիր է, որ հոբոյահարը՝ Փիթեր Սմիթը, խնդրեց, որ անպայման օգտագործեմ դուդուկ։ Այնքան էլ չեմ սիրում այդ համադրությունը, բայց որոշեցի, այնուամենայնիվ, խնդրանքը չմերժել եւ պատկերացրեք՝ ստացվեց։

– Դուդուկի պարտիան ո՞վ է կատարում։

– Կատարում է ինքը՝ Փիթերը։ Հավելեմ, որ այս գործը նախատեսված է կատարել տարբեր քաղաքներում, տուրնեն արդեն սկսված է։ Չգիտեմ՝ ինչքան տուրնեն կշարունակվի, բայց հաստատ գիտեմ, որ վերջում Ֆիլադելֆիայի սիմֆոնիկի կվինտետը առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երեւանում՝ կատարելով նաեւ այս գործը։

– Ձեր որոշ գործեր հրատարակվել են արտերկրում…

– Շվեյցարական հեղինակավոր BIM հրատարակչությունը տպագրել է իմ բազմաթիվ ստեղծագործություններ։ Տարիներ առաջ հրատարակչությունն ինձ հրավիրել էր Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի սահմանին գտնվող Լաշո դե Ֆոն քաղաք, որի հիանալի ակուստիկա ունեցող սրահներից մեկում առաջին անգամ կատարվեց «Advenchers» ստեղծագործությունս։ Հատկապես նշեցի այդ սրահի ակուստիկայի մասին, որովհետեւ հենց այդտեղ է Philips ֆիրման մշտապես իրականացնում ձայնագրություններ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031