Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելի երրորդ եռակողմը

Մայիս 26,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Հայկական դիվանագիտության ձախողում՝ ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հնարավորության վախճանով

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիեւ երրորդ հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ, որի արդյունքներով արված հայտարարությունները հիմք ընդունելով, կարելի է միանշանակ ասել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը վերջնականապես տապալեց Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնության ամենափոքր նշույլ ունենալու հույսերը…

Շառլ Միշելը նախ առանձին հանդիպումներ էր ունեցել Փաշինյանի ու Ալիեւի հետ, ապա կայացել էր նրանց եռակողմ հանդիպումը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: «Քննարկման առարկա են դարձել նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր»: Ասվում էր նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Փաշինյան-Ալիեւ բանակցություններն ավելի քան 5 ժամ էին տեւել, որոնց ավարտից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնեց, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը. «Քննարկումը բաց էր եւ արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը եւ անհետ կորածների ճակատագրերը: Հետեւյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման եւ սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»:

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտնեց, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաեւ տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ. «Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, եւ պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, Հայաստանի տարբեր հատվածների միջեւ Ադրբեջանի տարածքով, ինչպես նաեւ, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների եւ ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների եւ տարանցման տուրքերի շուրջ»:

Շառլ Միշելը չհստակեցրեց` կոնկրետ ինչ սկզբունքներ են գործելու, միայն նշեց, որ փոխվարչապետները պետք է առաջիկա օրերին է՛լ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջեւ ձեռք բերված այս պայմանավորվածությունները: Եվրոպական խորհրդի ղեկավարը նաեւ ընդգծել էր` կարեւոր է ժողովուրդներին նախապատրաստել կայուն խաղաղության, շեշտելով` Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ:

Ի՞նչ սկզբունքներով է կազմվելու խաղաղության համաձայնագիրը, Բաքվի 5 կետերն ու Երեւանի 6 կետերը համադրելի՞ են, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ ինչպե՞ս է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այնտեղ ապրող բնակչության անվտանգության ու իրավունքների հարցերն ինչպե՞ս են կարգավորվելու: Շառլ Միշելն այս առիթով ներկայացրել է իր սեփական տեսակետը. «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը եւս անդրադարձ կատարվի»: Եվրոպացի պաշտոնյայի այս ձեւակերպումը՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն», արդեն իսկ բացառում է Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնություն եւ սա միանշանակ հետընթաց ու ձախողում՝ հայկական դիվանագիտության համար:

Հաջորդ օրն արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ստեղծվում են երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ: Փաշինյանը որոշում ստորագրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կազմում ընդգրկվել են՝ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԱԾ դեպարտամենտի տեղակալը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը: Ալիեւը եւս հրամանագիր է ստորագրել սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին։ Ըստ Ադրբեջանի նախագահականի` հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նախիջեւանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության եւ բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաեւ Ղազախի, Աղստաֆի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները։

Այսպիսով, պաշտոնական Երեւանն ու Բաքուն, ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ համաձայնել են բացել հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ պայմանավորվել, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը՝ «Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մասերի միջեւ՝ Ադրբեջանի տարածքով»։ Ի՞նչ են ենթադրում այս սկզբունքները, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները բանակցությունների ավարտին չհստակեցրեցին։

Բրյուսելյան հանդիպման ավարտին «Արցախպրեսին» տված մեկնաբանությունում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հիշեցրել էր 2021թ. դեկտեմբերին Արայիկ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը՝ 1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման եւ զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է, 2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ անընդունելի է, 3. Ոչ միայն կարգավիճակի, այլեւ ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։

Բրյուսելյան եռակողմ բանակցություններից մեկ օր անց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին եւ Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձեւավորմանն առնչվող հարցեր: «Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Լավրով-Բայրամով հեռախոսազրույցում քննարկվել էին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Նախարարներ Բայրամովը եւ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի շուրջ, այդ թվում՝ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ», – հայտնում էր Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ի դեպ, բրյուսելյան եռակողմ հանդիպումից 2 օր առաջ Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Մալիի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ նշելով. «Մենք հասկանում ենք, բայց մեզ դուրեկան չէ Ֆրանսիայի եւ Եվրամիության այլ երկրների փորձը՝ հավակնել ինչ-որ գերիշխող դերի աշխարհի այս կամ այն տարածաշրջանում»։

Միեւնույն ժամանակ նա հավելել էր, թե ՌԴ-ն պատրաստ է Եվրոպայի հետ քննարկել ցանկացած միջազգային հարց, բայց շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքներով. «Մենք պատրաստ ենք մեր արեւմտյան գործընկերների՝ ֆրանսիացիների եւ այլոց հետ քննարկել ցանկացած միջազգային հարց՝ մի պայմանով, որ դա անենք կուլտուրական, միմյանց շահերը հարգելու եւ, ամենակարեւորը, հարգելով ցանկացած տարածաշրջանի եւ ցանկացած երկրների կողմից գործընկերներին ազատ եւ առանց որեւէ թելադրանքի ընտրելու որոշումը»։
Հիշեցնենք, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերին, որին հաջորդել էր Փաշինյանի ու Ալիեւի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը, իսկ երկրորդ հանդիպումը կայացել էր ապրիլին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031