ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Շնչող արվեստ» բացառիկ նախաձեռնության շրջանակներում մայիսի 25-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում ներկայացվեց նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան, որի ընթացքում թանգարանի շենքի բակային հատվածում եւ ցուցասրահներում վերստեղծվեցին Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի որոշ տեսարաններ: Ներկայացում-ինստալյացիան ուղեկցվեց համանուն ֆիլմից ներշնչված ձայնային էֆեկտներով:
Ուշագրավ ներկայացումն իրականացրել էր ԱՄՆ դեսպանատան «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանավարտ եւ ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը՝ իր ղեկավարած թատրոնի արտիստների հետ: Մի քանի օր առաջ էլ նա իր հրաշալի թիմով Սիրահարների այգում կենդանություն էր պարգեւել Մինասի, Գառզուի եւ Հակոբ Հակոբյանի գլուխգործոցներին:
«Գաղափարը ծնվեց նրանից, երբ մեր փոխանակման ծրագրերի շրջանավարտներից մեկը հայկական արվեստը նորովի ներկայացնելու եւ թանգարանային տարածքում նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն տեսավ: Քանի որ նա մեր ծրագրի շրջանավարտ էր, մենք սիրով աջակցեցինք, որ իրականություն դառնա այդ գաղափարը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիա Միլլերը: Նա ասաց, որ ծանոթ է Փարաջանովի որոշ գործերի, ու շատ խորհրդանշական է, որ միջոցառումը տեղի է ունենում հենց նրա թանգարանի տարածքում:
Լիա Միլլերը ուշագրավ եւ խորհրդավոր որակեց ներկայացում-ինստալյացիան եւ իր խոսքով՝ պատմությունը նորովի կերտելու հնարավորությունը: Նա ասաց, որ առաջիկայում Գյումիրում տեղի ունենալիք միջոցառումը եւս ինքնատիպ է լինելու:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ