Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ թերուս պատգամավորների համար, որոնք ինձ քերականության դասեր են փորձում տալ, պատրաստ եմ բարեգործական դասեր անցկացնել՝ դասական քերականություն սովորեցնելու համար»․ Սերժ Սրապիոնյան

Մայիս 25,2022 22:59

«Ես միշտ շատ ծանր եմ տարել, երբ մի լավ կառույց վերածվում է օդայի։ Հիմա ինձ  համար ԱԺ-ն վերածվել է օդայի, որովհետև այնտեղ ընդդիմությունը ներկա չէ, իրենց համար հավաքված իրենց պապենական հին ու բարի օդայի նման զրուցում են, օրենքներ ընդունում, ինչ-որ հայտարարություններ անում»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները, այսպես պատասխանեց ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը (լուսանկարում՝ մեջտեղում)։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, անդրադառնալով Սերժ Սրապիոնյանի հայտարարություններին, նշել էր. «Մի բանասեր կա, որը դասավանդում է Երևանի պետական համալսարանում և առանց վատ զգալու, անգամ հարթակից իր կարծրացած, դոգմատիկ և կեղծ բարեպաշտության վրա խարսխված հայացքները չկիսող ուսանողներին անվանում է հաստագլուխ ու հաստակաշի: Մի կողմ դնենք, թե, օրինակ, այսքանից հետո՝ ո՞վ է արժանի այս գնահատականներին, սակայն ողբերգություն է, որ բանասիրական գիտությունների դոկտորը մինչև հիմա չգիտի, որ հայերենն ունի ինչպես ցուցական, այնպես էլ անձնական դերանուններ: Անձանց ցուցական դերանուններով դիմելը, մեղծ ասած, կասկած է առաջացնում նրա մասնագիտական կոմպետենտության նկատմամբ: Այս բանասերն օրեր առաջ բեմից հայտարարեց, թե իշխանությունները պատրաստում են մի նախագիծ, որով, իբր, ՀՀ-ում երեխայի ծնվելուց անմիջապես հետո սեռը չեն գրելու, այլ թողնելու են, որ նա որոշի չափահաս դառնալուց հետո: Բացարձակ ու բացահայտ սուտ է»։

Սերժ Սրապիոնյանը փաստեց՝ բաղադրյալ հատուկ անունների գրության կանոն գոյություն ունի ու մանրամասնեց․ «Բաղադրյալ հատուկ անունների երկու բաղադրիչներն էլ, եթե տվյալ տեսակը տարբերում են նույն տեսակի մեջ ուրիշներից, մեծատառով են գրվում։ Ինձ համար այդտեղ այդ բաղադրյալ հատուկ անունների կանոնն այլևս չի գործում, որովհետև այնտեղ բոլորը նույնատեսակ են, ուստի փոքրատառ պիտի գրվի այդ անուն ազգանունը»։

Անդրադառնալով ուսանողների մասին իր արած հայտարարություններին՝ գրականագետն ասաց․ «Նախ, ես  ուսանողներին ուղղակի չեմ անվանել այդպես, այլ այն ուսանողներին, որոնք դասի չեն գնում, մտահոգ չեն իրենց երկրի ճակատագրով, որոնք անտարբեր են ամեն ինչի նկատմամբ։ Նրանք ուսանող լինեն, պրոֆեսոր, թե ինչ, ինձ համար ունեն այդ նույն գնահատականը, որը ես տվել եմ հայտնի ամբիոնից»:

Իր մասնագիտական կոմպետենտությունը կասկածի տակ դնող պատգամավորի հայտարարությունների մասին էլ ասաց․«Ես երբևէ որևէ տեղ չեմ  հայտարարել, թե դոկտոր եմ։ Ես ընդամենը գիտությունների թեկնածու եմ, և միշտ նշվել է իմ այդ կոչումը: Ինձ համար պատվաբեր չէի համարի այս տխրահռչակ խունտայի օրոք դոկտորի կոչում ստանալ։ Դա կլիներ մեծագույն անպատվություն․ թեպետ բազմաթիվ աշխատությունների, հատկապես արևմտահայ գրականության և նոր գրականության վերաբերյալ հոդվածների հեղինակ եմ։ Այդ թերուս պատգամավորներին, որոնք ինձ քերականության դասեր են փորձում տալ, ես կփորձեմ զուտ բարեգործական նպատակով իրենց կրթական ցենզն ավելացնել: Ամենից առաջ դերանուն նշանակում է անվան դեր կատարող բառ, որն ընդհանրական ձևով է նշում առարկան կամ իրը: «Նա» դերանունը և′ անձնական, և′ ցուցական դերանուններում երրորդ դեմքի եզակի թիվ է և նույն դերանունն է, միայն իրանիշ գոյականներին չի փոխարինում, այլև անձնանիշներին: Այդ պատգամավորը մի տեղ ճիշտ է, որովհետև ես իրենց վերաբերյալ ասել եմ «սրանք»՝ այսինքն՝ «սա» ցուցական դերանվան հոգնակի թիվն եմ կիրառել՝ նկատի ունենալով այն  խումբը, որն իրեն սխալմամբ կարծում է բանական: Ես ուղղակի, որովհետև քաջատեղյակ եմ, որ «սա», «դա», «նա» ցուցական դերանունները հավասարապես փոխարինում են ինչպես  անձնանիշ, այնպես էլ իրանիշ գոյականներին, և իրավունք ունեմ որևէ խմբավորման գոյությունն ընդունել և′ իբրև իրանիշ, և′ իբրև անձնանիշ: Այս դեպքում ես ընդունել եմ իրանիշ հատվածը, որում սխալվել եմ: Կան նաև այսպես կոչված վերացական իմաստ ունեցող գոյականներ, որոնց նույն այս ցուցական դերանունները փոխարինում են: «Սա», «դա», «նա» ցուցական դերանունները իմաստակից են, հարաբերանիշ են «այս», «այդ», «այն» դերանուններին և իբրև դաս՝ սույն պատգամավորին ասեմ, որ «սա» դերանունը ցույց է տալիս խոսողին մոտ գտնվող առարկան կամ անձ, «դա»  դերանունը՝ խոսակցին մոտ, «նա»  դերանունը՝ մի երրորդ անձին մոտ: Ես խոսել եմ խոսողին մոտ անձանց կամ իրերի մասին, որովհետև հավասարապես փոխարինում են այդ դերանունները, հանդես են գալիս և′ իրանիշ գոյականների փոխարեն, և′  անձնանիշ: Եվ, ի գիտություն որոշ կիսակիրթ և թերուս, բայց պատգամավորի աթոռը զբաղեցնող անձերի կամ իրերի, ես ուղղակի ասում եմ, որ ես լեզվաբան չեմ։ Դա, իհարկե, չէր արդարացնի, եթե սխալ գործածած լինեի դերանունը: Ես գրականագետ եմ՝ ի գիտություն սույն անձի, և իմ վարկանիշն ավելի շատ ինձ հետաքրքրում է իմ ուսանողների շրջանում, քան պատգամավորական աթոռին հանկարծակի հայտնված ինչ-որ երևույթների կարծիքը»։

Սերժ Սրապիոնյանն ասաց, որ սա իրեն չէր հուզի, եթե մենք չհարցնեինք ու շարունակեց․«Սովորաբար, եթե մի գեղեցիկ երևույթ վերածվում է օդայի, ես այդ օդայի առօրյային ուղղակի չեմ հետևում, դրա համար տեղյակ չեմ եղել, որ իմ անունը ինչ-որ ձևով շոշափվել է: Դա կունենար ինձ համար արժանիք, եթե Ազգային ժողովը լիներ ԱԺ-ին բնորոշ բարձունքի վրա»։

Անդրադառնալով երեխայի սեռի հետ կապված՝ իր հայտարարություններին, Սերժ Սրապիոնյանը պարզաբանեց․ «Ես այդպես ուղիղ չեմ ասել։ Ես ասել եմ՝ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ նախապատրաստվում է մի օրինագիծ, որտեղ  թույլատրվելու է մարդուն  սեռափոխման ենթարկվել հասուն տարիքում և փոխել իր սեռը, որի համար, մամուլում պարզ գրված էր, 25 հազար դոլար պետական պատվեր պետությունը պիտի մուծի սեռը փոխել ցանկացողին: Սա խրախուսանք եմ դիտում։ Եթե այդ օրենքը մտնի ու անցնի ԱԺ-ով, չեմ կասկածում, որ սրանց պարագայում կանցնի, անձը պիտի փոխի սեռը։ Ես հարց եմ տվել՝ այդ դեպքում ի՞նչ պիտի անի հայ ծնողը: Իր երեխան ծնվելուց հետո պիտի գրի՞ սեռը, թե՞ սպասի՝ մինչև այդ երեխան մեծանա, դառնա հասուն, սեռափոխվի, նոր հիմնավորվի, թե նա ինչ սեռի է։ Ես չեմ ասել, թե չեն գրելու: Եթե այդ օրենքը իրենք բերեն ու անցկացնեն, այդ դեպքում իմ հարցադրումը դառնում է փաստի արձանագրում, ոչ թե պարզ հարցադրում: Հետվիրահատական շրջանում էլ պետությունը գումար է վճարելու՝ շուրջ երկու միլիոն դրամ։ Ես այդտեղ  միտում չտեսնե՞մ, որ փոխում են ազգի գենոֆոնդը և ազգի ավանդական տոհմիկ մտածելակերպը: Հիմա էլ եմ ասում, եթե սույն պատգամավորը պատրաստ է իր սեռը փոխել, դա իր խնդիրն է, բայց դա չպետք է անի իմ տված հարկերի հաշվին: Ես փող չեմ տալիս, որ խելքին փչած պատահական ինչ-որ պատգամավորուհիկ, նոր բառ ասեմ, վաղը վերցնի ու իմ փողերով գնա իր սեռը փոխի։ Ես այդ փողը տալիս եմ, որ պետություն ու բանակ կառուցվի: Եվ չեմ տալիս նրա համար, որ գնան, նստեն Ալիևի հետ սիլի-բիլի անեն, և որոշեն՝ ՀՀ-ն բանակ պիտի ունենա, թե՝ ոչ: Սա է իմ ասելիքը:

Այդ պատգամավորին տեղեկացրեք նաև, որ ես պատրաստ եմ  բարեգործական դասեր անցկացնել՝ իր նման թերուս պատգամավորներին հայերենի դասական քերականություն սովորեցնելու, որպեսզի, երբ կարծիք են հայտնում, գոնե կառուցեն քերականորեն ճիշտ մտքեր, մարդավարի կարծիք հայտնեն։ Նորից իրեն ասեք, որ «սա», «դա», «նա» դերանունները չեն մատնանշում միայն իրեր, թեև լավ կլիներ, որ միայն իրեր նշեին, եթե խոսքը վերաբերում է այսօրվա պատգամավորական մեծամասնությանը: Բայց, դժբախտաբար, նշում են նաև անձեր, և ես կիրառել եմ այն իմաստով, ինչ իմաստ ունեն այդ դերանունները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031