Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանն ասում էր, թե նախապայմաններ չկան, իսկ այսօր ցավով փաստեց՝ Թուրքիան «սինքրոնացնում է գործընթացը ՀՀ-Ադրբեջան գործընթացի հետ»

Մայիս 25,2022 22:24

«Ցավալիորեն, որքան էլ որ վերբալ մակարդակում եւ հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները սինքրոնացնում են գործընթացն Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ, կամ նարատիվի մասն են դա դարձնում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր, անդրադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին եւ ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը։ Քննարկումները շարունակվում են։ Այս պահին շոշափելի արդյունք, ցավոք, չկա։ Հուսանք՝ առաջիկայում կկարողանանք նման արդյունքներ ունենալ։ Մեր կողմից կարող եմ վերահաստատել, որ անկեղծ ենք մեր դիրքորոշումներում, հետաքրքրված ենք սահմանի բացմամբ եւ հարաբերությունների հաստատմամբ։ Կուզեինք նույնը տեսնել թուրքական կողմից։ Թուրքիայի ԱԳ նախարարի զանազան ժեստերը, ադրբեջանական նարատիվը չեն նպաստում գործընթացին»,-հավելեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ ամիսներ շարունակ թե’ Արարատ Միրզոյանը, թե’ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը պնդում էին, թե կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մինչդեռ նախարարի այսօրվա խոսքից պարզվում է, որ Թուրքիան գործընթացը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ։

Զուգահեռ իրականությունում հայտնի էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, թեեւ նշել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, միաժամանակ ասել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում Անկարան իր քայլերը կհամաձայնեցնի Ադրբեջանի հետ։ Նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարարն էր Հայաստան-Թուրքիա երկխոսությունը կապում Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության պարտավորությունների հետ:

Թուրքիայի բանագնացի հետ հանդիպումներից մեկի հետ կապված Ռուբինյանն ասել էր, որ այն անցել է կառուցողական մթնոլորտում, իսկ Արարատ Միրզոյանը, ավելի վաղ, խոսելով Թուրքիայի հետ բանակցություններից, ասում էր, թե դրական ազդակներ կան։ Նիկոլ Փաշինյանը եւս դրական ազդակներ էր տեսնում։ Հիմա, սակայն, պարզվում է, որ մթնոլորտը կառուցողական չի, շոշափելի արդյունքներ չկան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    “նախարարի այսօրվա խոսքից պարզվում է”

    Հարգելի Լուիզա, իրապէ՞ս, միայն այսօ՞ր է պարզուում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031