Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Մայիս 25,2022 22:08

«Այսօր կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝  2007-ին, երբ Մադրիդյան սկզբունքներն ընդունել են որպես բանակցային հիմք՝ այդ պահից սկսած՝ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Բա եթե այդպես է՝ հինգ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ ամրագրել են ինքնորոշման իրավունքի իրացումը: Բա եթե այդպես է՝ բա այդ մարդիկ այդքանը չե՞ն հասկացել, թե ի՞նչ են անում: Բա եթե այդպես է՝ 2016 թվականին Ալիեւն ինչի՞ մասին էր խոսում, որ իր վրա միջազգային ճնշում կա՝ Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնելու հարցում»,- այսօր, Գարեգին Նժդեհի հրապարակում, «Դիմադրության» շարժման կազմակերպած երթից առաջ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություն-«բացահայտումներին»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն, ըստ Արտակ Զաքարյանի, մանիպուլյատիվ, անհիմն եւ վտանգավոր են եւ միտված են «սվաղելու» այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին: Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը հավանաբար, վախենում է, ուստի հստակ, անկեղծորեն չի ասում, թե բրյուսելյան հանդիպման ժամանակ  ինչ ծայրաստիճան վտանգավոր, արկածախնդիր դրույթներ են ամրագրվել, եւ գործընթաց է սկսվել մեր պետության, պետականության եւ Արցախի դեմ: Բրյուսելում, ԵԽ նախագահ Շառլ Միշելի կողմից արված հայտարարությամբ, ըստ Արտակ Զաքարյանի, Հայաստանը ճանաչում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ ընդունում է Բաքվի կոմունիկացիոն եւ տարածքային ավելի լայն պահանջներ:

«Սահմանազատում-սահմանագծումը, անկլավների շուրջ քննարկումները  զուտ տեխնիկական խնդիր չեն, այլ ամբողջ Արցախի, նաեւ Հայաստանի մի շարք տարածքների՝ փաթեթային, փաստաթղթավորված հանձնման ծրագիր: Համաձայն այդ ծրագրի՝ հայկական Արցախն ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, Հայաստանը հրաժարվում է Արցախի եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց, Հայաստանի տարածքը մասնատվում է մի քանի միջանցքներով՝ այդ տարածքների նկատմամբ ՀՀ-ի ինքնիշխան իրավասության սահմանափակմամբ կամ փաստացի վերացմամբ: Արդյունքում, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, փաստացի, որպես տրանսպորտային միջանցք դիտարկվող կոմունիկացիաներով, թուլանալու է Հայաստանի կապը Իրանի եւ Վրաստանի հետ: Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է՝ Հայաստանի լիակատար մեկուսացմամբ ու շրջափակմամբ: Միշելի կողմից Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ ԵՄ-ն արդեն իսկ գնում են մի ճանապարհով, որտեղ Լեռնային Ղարաբաղը՝ որպես քաղաքական, աշխարհագրական միավոր, արդեն վերացած է, եւ Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններն արդեն իսկ համաձայնվել են Ալիեւի արած նոր վարչատարածքային բաժանման հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղ հասկացությունն ուղղակի գոյություն չունի: Իսկ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների վերաբերյալ ՔՊ-ական դատարկախոսություններն Արցախի ոչ մի կարգավիճակ չեն ենթադրում: Պատահական չէ նաեւ, որ այս օրերին Ադրբեջանում սկսել են խոսել Արցախի ժողովրդին՝ ադրբեջանցի համարելու անհրաժեշտության մասին»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բրյուսելյան հայտարարության մեջ որեւէ բառ չկա Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մասին, որն այսօր, ըստ էության, Արցախի բնակչության անվտանգության ու հարաբերական խաղաղության միակ երաշխավորն է: Սա, ըստ բանախոսի, նշանակում է, որ ինչ-որ մի պահի Ադրբեջանը եւ Թուրքիան ՌԴ-ին պահանջ են ներկայացնելու՝ խաղաղապահներին դուրս բերելու, քանի որ արդեն կա խաղաղության պայմանագիր, եւ իրենք ստանձնել են Արցախի բնակչության անվտանգության երաշխավորությունը: Այս համաձայնություններով՝ Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը զրոյանալու է այն աստիճան, որ այլեւս որեւէ պետություն լուրջ չի վերաբերվելու Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանը համարվելու է աշխարհաքաղաքական բալաստ, սեփական ինքնիշխանությունն ապահովելն անկարող սուբյեկտ:

Արտակ Զաքարյանը վստահեցնում է՝ թույլ չի տրվելու այս ծրագրի իրականացումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031