Ուկրաինայում պատերազմի հետեւանքով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքը, մեղմ ասած, ակտիվ չէ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորություն ունե՞ն շարունակվելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափում։
Միրզոյանի խոսքով՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմի մեկնարկից հետո անգամ համանախագահների շրջանում է այս հարցում տարակարծություն նկատվել, բայց հայկական կողմը համառորեն աշխատում է Արցախի խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ․ «Այս մասին շարունակաբար աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ։ Ուրախությամբ փաստենք, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատում են հանձնառությունը՝ այդ ձեւաչափում աշխատանքը շարունակելու»։
Միրզոյանի խոսքով․ «Եթե ասենք, որ կոնսենսուս կա այս հարցում, չափազանցված կլինի։ Առաջին հերթին Ադրբեջանն է դեմ։ Բայց ինչպես դասականն է ասում, այս ձեւաչափի մահվան մասին լուրերը եւս չափազանցված են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ