Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շինանյութը թանկացել է․ կշարունակվի՞ Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցումը

Մայիս 25,2022 21:18

Գյումրու տնակներում բնակվող անօթևանների համար սոցիալական բնակարաններ կառուցելու մտադրություն ունեցող «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը հնարավոր է փոփոխություններ մտցնի իր ծրագրում․ ոչ թե չորս հարկանի բազմաբնակարան շենք կառուցի Գյումրու Անի թաղամասում, այլ բնակարաններ գնի ու դրանք հատկացնի շահառուներին։

Այս մասին մայիսի 13-ին Գյումրու քաղաքապետարանում  ծրագրի բնակարանների բաշխման հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ տեղեկացրել են «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանը և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը։

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրով ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 12-16 սոցիալական բնակարան, բայց վերջին շրջանում, հաշվի առնելով առկա թանկացումները, հիմնադրամի պատասխանատուները հանձնաժողովին ներկայացրել են նաև բնակարաններ գնելու և դրանք շահառուներին տրամադրելու տարբերակը»,- մեզ փոխանցեցին Գյումրու քաղաքապետարանից:

«ԱՌՔ» հիմնադրամը ի սկզբանե ձեռք էր բերել պայմանավորվածություն, որ ծախսերի 50 տոկոսը վճարելու են շահառուները։ Հիմնադրամը ներդրվող գումարի 50 տոկոսը շահառու ընտանիքներին անհատույց նվիրատվություն էր անելու, իսկ մյուս 50 տոկոսը տաս տարվա ընթացքում բնակիչները վերադարձնելու էին հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով։ Բնակիչները 10 տարվա ընթացքում չեն կարողանալու բնակարաններն օտարել։

Ըստ համաձայնագրի՝ Գյումրու քաղաքապետարանն էլ իր հերթին պարտավորվում էր հիմնադրամին անհատույց հողատարածք տրամադրել Գյումրու Անի թաղամասում՝ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Որպես շահառու՝ ընտրվելու են Գյումրու կենտրոնում և կանաչ տարածքներում գտնվող տնակներում բնակվող անօթևանները․ նպատակը զբոսաշրջային բում ապրող քաղաքի կենտրոնն ու կանաչ տարածքները տնակներից ազատելը, գեղեցկացնելն է։

Բազմաբնակարան շենք կառուցելու փոխարեն բնակարաններ գնելու տարբերակը դեռ վերջնական որոշված չէ։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակարաններ գնելու դեպքում էլ շահառուները 50 տոկոսի չափով մասնակցություն են ունենալու։

Գյումրիում սոցիալական բնակարաններ կառուցելու ցանկություն հայտնել է նաև «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը մայիսի 13-ին հուշագիր  է կնքել Գյումրու քաղաքապետարանի հետ։

Հասարակական այս կազմակերպությունը որոշել է կիսակառույց մի շենք ձեռք բերել ու սոցիալական բնակարաններ կառուցել։ Սոցիալական բնակարաններից զատ մտադրված է կարի արտադրամաս հիմնել ու լուծել տվյալ թաղամասի բնակիչների զբաղվածության խնդիրը։

Հետաքրքիրն այն է, որ վերջինս գերադասել է երեք հարկանի կիսակառույց շենք ձեռք բերել Գյումրու ծայրամասային թաղամասերից  մեկում՝ «Մսի կոմբինատ»-ում, որի բնակիչները  դժգոհ են թե՛ տրանսպորտի վատ աշխատանքից, թե՛ մեծ թվով թափառող շների առկայությունից։ Կյանքն այստեղ  բավական դժվար է, սոցիալական խնդիրներն՝ առավել ընդգծված։

Ըստ կնքված փաստաթղթի՝ շենքի առաջին հարկը թողնվելու է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար:

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ  Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության՝ «Մսի կոմբինատ» թաղամասում կատարած ընտրությունը։ Ըստ ճարտարապետի՝ սա հենց քաղաքի համաչափ զարգացման տրամաբանության մեջ է։

Թե քանի բնակարան կկառուցվի, Հենրիկ Գասպարյանի հաշվարկներով, միջինը 18 ընտանիք հնարավորություն կունենա բնակարան ստանալու․ շենքը երեք հարկանի է, ունի երեք մուտք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031