«Խաչատուրովների ընտանիքի հետ տեղի ունեցածը ողբերգության դրսևորում է, որը սկսվել է ՀՀ-ում 2018-ի իշխանազավթումից հետո։ Կարելի է ասել՝ այսօր մենք Խաչատուրով ենք, որովհետև այդ ընտանիքն իր երկու սերունդների պահվածքով ցույց է տվել, թե ինչ է նշանակում իսկական հայ զինվորականը, հայ սպան և հայ քաղաքական գործիչը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Ըստ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի՝ այն փայլուն տղաները, որոնք ազատազրկված են, նրանք այն մարդիկ են, որ չեն սպասում՝ որևէ մեկն իրենցից առաջ անցնի այս պայքարում։
Նա 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի օրինակը բացառիկ է համարում ու նշում․ «Նա ծնվել է ոչ ՀՀ-ում, ստացել է ոչ հայկական կրթություն, բայց նրա մեջ հայի գենն է աշխատել ու եկել է ՀՀ և իր փայլուն ներդրումն ունեցել մեր հայրենիքի զարգացման գործում։ Այդ տեսակը փոխանակ փայփայես, հպարտանաս, այսպե՞ս ես վարվում։ Ուրեմն դու իսկակա՛ն թուրքական պրոքսի իշխանություն ես Հայաստանում»։
Գագիկ Մինասյանի կարծիքով՝ Խաչատուրովների հետ կապվածը միայն իրենց ընտանիքի դեպքը չէ, այլ Հայաստանում ապրող և ողջ հայությանն է վերաբերում։ Այս առիթով ասաց՝ դիմելով իշխանությանը․ «Փայլուն զինվորական, փայլուն հայ ու քաղաքացի, նա օրինակ է, թե ինչպես ոչ Հայաստանում ծնված հայը դառնում է ՀՀ քաղաքացի, հայի հպարտություն։ Դու ի՞նչ ստորություն ես անում»։
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Մինասյանի՝ այս ամենը սկսվեց հենց Յուրի Խաչատուրովին պաշտոնից հեռացնելուց, ՀԱՊԿ-ում ծառայությունից հեռացնելուց հետո։ Ու ասաց․ «Դա ՌԴ-ի համար անմոռանալի հարված էր։ Շարունակվեց այդ ամենը՝ գործը հարուցելով նրա նկատմամբ, նրա որդու նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ