ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե Սյունիքի մարզի Մեղրի համայնքը ե՞րբ է վերջապես գազամատակարարում ունենալու, որովհետեւ տարիներ շարունակ հարցը շոշափվել է, տրվել են խոստումներ, բայց առաջընթաց չկա։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հարցին սկսեց պատասխանել իրական պատմություն պատմելով․ 1990-ականներին Սպիտակի գյուղերից մեկից գնում են Ալավերդիից հարս բերելու։ Տղայի կողմը երաժիշտներից մի մասին ուղարկում է հարսի տուն, իսկ երբ վերադառնում են Սպիտակ՝ տղայի տուն, երաժիշտների խումբը համալրվում է։ Բոլորի ներկայությամբ սինթեզատոր նվագողը, որն առավոտյան աղջկա տանը չէր եղել, հարսին տեսնելով՝ անզգուշաբար ասում է, որ այս աղջկա հարսանիքին մի անգամ էլ է նվագել։ Հարսանիքը, ըստ Սանոսյանի, լավ ավարտ չի ունեցել։
«Ասածս այն էր, որ սա փոքր երկիր է, եւ ով ինչ արել է, երկրում գիտեն։ Ամենալավը Մեղրիի ժողովուրդը գիտի, թե Մեղրին ինչու գազ չունի։ 2017թ․-ին գազաֆիկացում արվել է, բայց չի միացվել»,-նախ նշեց Սանոսյանը։ Նրա խոսքով՝ համայնքը «Գազպրոմ»-ի առաջ դեռեւս չիրականացված պարտավորություն ունի, իսկ իրենց կառավարությունը, տեսնելով, որ խնդիրը մնում է, 280 միլիոն դրամի ծրագիր է իրականացրել․ «Շուտով կառավարության նիստում գազաֆիկացման համակարգը կհանձնենք «Գազպրոմին»։
Նախարարը վստահեցրեց, որ մինչեւ աշուն Մեղրին, Ագարակը եւ եւս մեկ համայնք կունենան գազ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ